Այս թիւով ու այս սիւնակագլուխին տակ, կը սկսինք ներկայացումը դաշնակցական ծանօթ վաստակաւոր Անդրէ Տէր Օհանեանի (Ա. Ամուրեան) յուշերուն։ «Կեանքի էջեր» խորագրեալ եւ «Մանկութիւնից մինչեւ 1936 թ.» մակագրութիւնը կրող յուշերու այս հատորը մեզի տրամադրուած է Հ. Յ. Դ. Դիւանին կողմէ։ Հրապարակագրական հասկնալի հարկադրանքներու բերումով, ձեռագիրը կը հրատարակենք՝ անկէ ընտրելով հատուածներ։ Առաջին այս հատուածի ժամանակաշրջանը 1917-1918 ձմեռն է։
Անտիպներու հրատարակութեան կամ «Հին էջեր»ու վերարժեւորման ձգտող այս սիւնակագլուխը մնայուն ներկայութիւն պիտի ըլլայ «Դրօշակ»ի մէջ։
Թիֆլիսում երեք օր պառկած մնացի մօրաքրոջս տանը, ապա՝ վեր կացայ. ճեմարանի երկու դասարաններից երկու պատգամաւոր էին ուզել Հայ Աշակերտական Համագումարի համար, որ պիտի տեղի ունենար Բագւում. մեր դասարանից մեր տղաներն ինձ էին ընտրել, իսկ վերի դասարանից՝ Վարդան Յովհաննիսեանին (Վ. Աստղունի), երկուսս էլ թաւրիզեցի։
Պիտի հանդիպէի ընկեր Համօ Օհանջանեանի տղային՝ Մոնիա Օհանջանեանին, Բագու մեկնելու առթիւ։ Գնացի Մոնիայենց տուն։ Ինձ ընդունեց սրտագին կերպով. Մոնիան՝ տասնեօթ տարեկան, ինձ հասակակից տղայ էր, գեղեցիկ, յունական պրոֆիլով, մազերը մէկ կողմի սանրած։ Ռուսախօս էր (Համոյի առաջին կնոջից, որ ռուս էր). հագած ունէր համազգեստ, որ Լիսիցեան գիմնազիային յատուկ էր։ Մոնիայի սենեակը շատ պարզ էր. սեղանին մի քանի գրքեր ու տետրակներ, անկիւնում մի - երկու մարզական գործիքներ։
Խօսեցինք ռուսերէն. Մոնիան ասաց, որ ես ու Վարդանը մեկնենք Բագու, ինքն էլ պիտի գար իր ընկերներով։
Համագումարն սկսուեց։ Կենտրոնական դէմքը Մոնիան էր. աչքի էին ընկնում նաեւ Եղիա Չուբարը եւ Ամատունին* (1926-27 թուերին բոլշեւիկների կողմից ուղարկւել էր Փարիզ. խմբագրում էր «Երեւան» թերթը եւ յարձակւում Դաշնակցութեան վրայ։ Ամատունին եւս կարեւոր գործիչ դարձաւ Խորհրդային Հայաստանում։ Վերջը բոլշեւիկները երկուսին էլ «լիկվիդացիա»յի ենթարկեցին...։ Ա. Ա.)։ Չուբարը ճառ խօսելիս նոյնիսկ մէջբերեց Ա. հսահակեանի բանաստեղծութեան այն տողերը, ուր ասում է. - «Հազար տարիներ, եւ էլ աւելի, թաթարն է չոքել մեր կրծքի վրայ»։ Այսպէս խօսեցին, վերջն էլ բոլշեւիկ դարձան։
Առաջարկների բաժնում, ես ձայն վերցրի եւ թելադրեցի, որ հայ աշակերտութիւնը լաւ պիտի ուսումնասիրի մեր պատմութիւնը, կարդայ մեր մատենագիրներին՝ Մովսէս Խորենացուն, Եղիշէին, Ղազար Փարպեցուն եւ այլն, գիտակցի մեր ազգային պահանջները, հպարտ զգայ մեր անցեալով։
Հանդիսականները ծափահարեցին, իսկ ծախերը քամահրանքով վերաբերուեցին։ Նման վերաբերմունք ունեցան նաեւ, երբ ողջոյնի հեռադիրներ պիտի տային, ես առաջարկեցի հեռադիր ուղղել նաեւ էջմիածին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեծամասնութիւնը կողմնակից եղաւ։
Ողջոյնի խօսք ասաց Բագուի Հ, Յ, Դ, օրգան «Արեւ» թերթի խմբագիր Սիմոն Յակոբեանը։
Ընդմիջումներին, հայ օրիորդները մեզ հիւրասիրում էին սանդուխներով, թէյով եւ լիմոնադով։ Հայերէնը խօսում էին իրենց ծնողների բարբառով, ռուսերէն խառնելով։
Ազատ ժամերին գնում էինք Բագուի նաւահանգիստը։ Առաջին անգամ տեսանք ջրօդանաւեր (հիդրոպլան), անընդհատ թռչում էին։
Բագուի հայ գաղութից վերադարձանք Թիֆլիս։ Կովկասեան ճակատի դրութիւնը քաոսային էր. ռուս զօրքը անգլուխ հօտի պէս նահանջում էր, «դէպի տուն» էր մեկնում։ Ազգային Խորհուրդը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը ոտքի էին՝ ազգային զօրամասեր կազմելու եւ ճակատ ուղարկելու համար։
Այդ օրերին, Մոնիա Օհանջանեանը աշակերտական մի ժողով հրաւիրեց Թիֆլիսի Քաղաքային Վարչութեան սրահում։ Սրահը լեցուն էր։ Սեղանի ետեւ նստել էր Մոնիան. իր կողքին՝ ուսանող Հրանդը։ Երկուսն էլ ջերմ հայրենասերներ էին։
Մոնիան բացատրեց քաղաքական դրութիւնը, ապա կոչ արաւ, որ աշակերտ– ուսանող կամաւոր գրուին՝ ճակատ մեկնելու։ Բոլորս հաւանութիւն տուինք, գնահատելով Մոնիայի առաջարկը։
Հնչեց Դոկտ. Ցակոբ Ձաւրիեւի կոչը, ուղղուած ուսանողութեան, կամաւոր գրուելու եւ մեկնելու ճակատ։
Մտերիմ դասընկերս՝ Ստեփան Շահգելդեան (քիշինեւցի) կարճ միջոցով մեկնել էր էրզրում, ապա՝ վերադարձել։ Երան պատմել տուի ճակատի եւ թրքաՀայաստանի մասին։ Լսելուց չէի կշտանում։ Ստեփանին ասացի, որ կամաւոր եմ գրւում։ Ասաց. - «Ես էլ քեզ հետ կը գնամ նորից էրզրումի ճակատը»։ Ուրախ եղայ։
Կամաւորներին արձանագրում էր Դոկտ. Արտաշէս Բաբալեանը. երբ նրա գրասենեակը պիտի բարձրանայի. հանդիպեցի մեր ճեմարանի լսարանաւարտ Մուշեղ Սանթրոսեանին։ Սա գանգատուեց. «Եղբայր, էս ի՞նչ տեսակ մարդ է Բաբալեանը»։ Վէճ էին ունեցել եւ Սանթրոսեանը հեռացել էր։
Երբ ներս մտայ, Բաբալեանը պատշգամբումն էր եւ դիտում էր փողոցի անցուդարձը։ Եկաւ, թէ՝ ի՞նչ եմ ուզում։ Ասացի՝ Եկել եմ կամաւոր արձանագրուելու, ճեմարանական եմ։
- Քեզ կ՜ուղարկենք Խնուս, գնդապետ Սամարցեւի շտաբը, իբրեւ գրագիր. ամսական կը ստանաս հարիւր քսան ռուբլի...
Ես իր խօսքը կտրեցի, թէ՝ ես կամաւոր եմ գրւում. ոչ թէ պաշտօնեայ, դրամ ստացող...
- Ինչո՞ւ, դրամը գրպանդ կը ծակի՞...
- Ա՜յո, - ասացի, - պաշտօնեան տարբեր է, կամաւորը՝ տարբեր...։
Բաբալեանը տեղի տուեց, երկու թուղթ գրեց, մէկը՝ կամակորութեան, միւսը՝ զինուորական պահեստից հագուստ եւ կօշիկ ստանալու համար։
Սարիղամիշ քաղաքը կայարանից մէկ քիլոմեթր հեռու էր։ Որեւէ միջոց չկար մեկնելու. ոտքով պիտի քայլէինք. բայց մութ գիշեր էր եւ վտանգաւոր. ռուս (դասալիք) զինուորներ կարող էին յարձակուել մեր վրայ։ Այդ պահուն կարծես երկնքից՝ մեզ մօտ յայտնուեց ուսանող Հրանդը։ «Տղե՜րք, - ասաց, - դուք երկու շարք կանգնէք, ես ձեր յետեւից կը քայլեմ. ես մի բրաունինկ ատրճանակ ունեմ, կը պաշտպանեմ ձեզ»։
Այդպէս էլ արինք եւ սայթաքելով, խարխափելով մութի մէջ, քայլեցինք մինչեւ Սարիղամիշի շտաբը, ուր մեզ ընդունեց հնչակեան խմբապետ Պանդուխտը, որ շտաբի վարիչն էր։
Շտաբ ասածդ երկու ընդարձակ խանութներ էին, պատերի տակ շարուած սնդուկներով, որոնց մէջ դինամիտ եւ ռումբեր կային։ Նաեւ մի քանի հրացաններ՝ պատերին յենած։ Խանութների ետեւը մի ընդարձակ բակ էր, քարւանսարայի նման։
(...) Զինուորական բեռնատար ինքնաշարժով պիտի մեկնէինք էրզրում։ Մեզ միացաւ Կովկասում հանրածանօթ դաշնակցական երիտասարդ ղեկավար Հիպիրիկ Չոլախեանի կինը՝ Աշխէն Չոլախեան, որ հագել էր մորթէ զինուորական կիսամուշտակ, ոտքերին՝ սապոգներ (երկարաճիտ կօշիկ)։ Գլխի մազերը կարճ կտրուած էին. դէմքը գեղեցիկ չէր։
Իսկոյն մտերմացաւ Ստեփանի եւ ինձ հետ. ինքնաշարժի բրեզենտը քաշել տուեց, որ ցուրտը շատ չթափանցի ներս։
Ով չի եղել Արեւմտահայաստանում, նա չի կարող գաղափար ունենալ այնտեղի սառնաշունչ ձմրան մասին, զերոյից վար 35¬40 աստիճան, երբեմն նոյնիսկ աւելի։ Լեռներն ու դաշտերը ծածկւում են ձիւնի ու սառոյցի թանձր շերտով։ Գետերի երեսը ծածկւում է սառոյցով, մարդիկ գետը անցնում են ոտքով եւ ձիով։ Քանի ամիս որ այդ ճակատներում եղայ, արեւի երես չտեսայ։ Քէօփրի-քէօյից էլ մինչեւ էրզրում մէկ հատիկ ծառ չտեսանք։ Սարիղամիշն է անտառոտ, գեղեցիկ....
Ցուրտը թափանցում էր ներս. արդէն ներսն էլ ցուրտ էր. մեր կիսամուշտակը եւ զինուորական տաբատի ու բաճկոնի մէջը կարուած բամբակն էլ չէր օգնում, ոչ էլ բրդէ գուլպաները։
էրզրում չհասած, պիտի անցնէինք Դեւէնբոյնուի լեռնանցքը։ «Տայ Աստուած՝ բուքի չբռնուենք, թէ չէ կը թաղուենք ձիւնի տակ», ասում էին ուղեկիցները։ Բարեբախտաբար լաւ անցաւ եւ մենք, սառած ու յոգնած, հասանք էրզրում, ուր մուտք գործեցինք թանձր պարսպի դարպասից, որի ճամբան դէպի վեր էր գնում մի կարճ միջոց։
Իջանք էրզրումի զինուորական շտաբի դռանը։ Ներս մտանք թէ չէ՝ հանդիպեցինք ճեմարանի մեր վերակացու Երուանդ Հայրապետեանին, որ որբահաւաքի գործով էր զբաղւում Քաղաքների Միութեան գծով։ Մեզ ընդունեց սիրով, հպարտ էր զգում իրեն, որ ճեմարանի աշակերտները մեծ թիւով կամաւոր են գրուել։ Ասաց, որ առայժմ պիտի քնէինք զինուորական հանրակացարանում, կերակրւէինք շտաբում։
Դուրս եկանք քաղաքը պտտելու։ Ձիւն-ձմեռ, սահնակներ էին բանում, մէկ ձի լծած։ Ամէն ինչ զինուորական տեսք ունէր։ Հանդիպեցինք մեր դասարանցիներ Եղիշէ Ցարութին, Երուանդ Ձաքարեանին, արեւմտահայեր Յովակիմ Գուլոյեանին, Արմենակ Սրապեանին, վաղարշապատցի Հայկազ Ղազարեանին, ախալքալաքցի Ցովհաննէս Մանուկեանին, աշտարակցի Նահապետ Կուրղինեանին, բոլորն էլ մեր դասարանից։
Յաջորդ օրը, մեր ընկերները մեզ տարան տեսնելու հայոց եկեղեցին եւ Սանասարեան վարժարանը։ Սանասարեան վարժարանի բակում տեսանք բարերար Սանասարեանի կիսանդրին։ էրզրումի հայերը բացակայ էին, կողոպտուած, աքսորուած, ջարդուած հաստատութիւններն ու տուները բուերի բնակարան էին դարձել։ Մեր սրտից արիւն էր գնում...
Ազատ ժամեր շատ ունէինք. տղաներին հարցրինք՝ ինչով են զբաղւում. ասացին՝ նշանաձգութեամբ են զբաղւում մեծ մասամբ։ Ուրախութեամբ միացանք իրենց. դեռեւս հրացան չէինք արձակել։
Մեր վարժութիւնն արագ ընթացաւ, լաւ վարժուեցինք նշանառութեան մէջ։
Իմ մտահոգութիւնը ճակատն էր։ ճակատը ունէր հազար կիլոմետր երկայնք՝ Տրապիզոնից մինչեւ պարսակական սահմանը. խորութիւնը՝ 300-400 կմ.։ Ռուսական նահանջած 300.000 զօրքի դիմաց մենք ունէինք հազիւ 20-25.000 հայ զինուորներ, ֆեդայիներ ու կամաւորներ. սա շատ փոքր ուժ էր՝ թրքական առնուազն 200.000նոց բանակի դիմաց։
Ուրեմն՝ մեր նահանջը անխուսափելի էր։
Այս մտածումով՝ ես մի նամակ գրեցի Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդին, առաջարկելով, որ զէնքի պահեստների մէկ մասը փոխադրուի թիկունք, որպէսզի մեր թշնամու ձեռքը չընկնի։ Պատասխան չստացայ։ (Տարիներ յետոյ, Թաւրիզում, երբ այս մասին պատմեցի Նիկոլ Աղբալեանին, նա ասաց. - «Երեւակայիր, որ նոյն բանը ես առաջարկեցի Երեւանում, որ պահեստների մի մասը փոխադրուի Նոր Բայազէդի շրջանը, թիկունք, բայց խօսքս լսող չեղաւ»)։
(...) Քէօփրի-քէոյ գիւղից դէպի արեւելք, հազիւ մէկ կիլոմետրի վրայ, գտնւում է պատմական կամուրջը, որի տակով հոսում է Արաքսը, այն օրերին՝ պատած սառոյցով։
(...) Ես յաճախ մենակ գնում էի, կամուրջի վրայ կանգնում, տխուր խոհերի անձնատուր, որովհետեւ զգում էի, որ այդ մեր հայրենի հողերը մի օր ձեռքից պիտի տանք ուժ չունենալու պատճառով, եւ արցունքներս հոսում էին...
Կամուրջի միւս կողմում գտնւում էր Եաղան կոչուող երբեմնի հայ գիւղը, որի բոլոր բնակիչներին ջարդել էին թիւրքերը։ Քէօփրի Քէոյ գիւղի հայերին եւս ջարդել էին, տները աւերել, գերաններն անգամ հանել, տարել...
(...) Երեկոները յաճախ Ծաղիկեանը, Վարժապետը եւ ներսիսեանական պատանի Գէորգը բացակայում էին։ Մի օր հարցրի Գէորգին, թէ ո՞ւր են գնում։ Չթաքցրեց. ասաց, որ թիկունքի թիւրք լրտեսներ են որսում. ապա պատմեց հետեւեալը. - «Մի յաղթանդամ թիւրք լրտես բռնեցինք, ուրանում էր. խուզարկեցինք, վրան նամակներ եւ թղթեր գտանք. լրտես էր։ Պահանջեցինք խոստովանել, մերժեց. ընկերները կրակեցին եւ երկու տեղից վիրաւորեցին. չոքել էր, չէր ընկնում. ասաց՝ «Վերջացրէք, որ հանգստանամ», ես մօտեցայ նրան եւ ատրճանակս պարպեցի քունքին, ընկաւ, սատկեց....»։
Մի անգամ էլ, երբ խօսք եղաւ այդ մասին, ես ասացի, որ նման դէպքերում լրտեսին պիտի յանձնել զինուորական ատեանին, ապա պատմել։ «Անդրէ, - ասաց Վարժապետը յուզուած, - իմ ընտանիքէս յիսուն հոգի ջարդած են թուրքերը, անոնք լրտես չէին. դուն կ՜ուզես որ թուրք լրտեսը ատեանո՞վ պատմենք...»։
Մի երեկոյ մարդատար ինքնաշարժ կանգնեց մեր շտաբի առջեւ։ «Անդրանիկն է», ասացին, բոլորս իրարով անցանք։ Եկողներն էին Անդրանիկը, դոկտ. Ցակոբ Ձաւրիեւը, մի ռուս զօրավար եւ Համլիկ Թումանեանը (Ցովհաննէս Թումանեանի տղան)։ Անդրանիկին տեսել էի Թիֆլիսի Երեւանեան հրապարակից անցնելիս, Համլիկին տեսել էի Գէորգեան ճեմարանում, ուր եկաւ մեզնից վերի դասարանը, մէկ տարի մնաց, էլ յետոյ չեկաւ։
Բոլորը հաւաքուեցին Անդրանիկի շուրջ, որ տեսնեն թէ Փաշան ինչ է ասում։ Անդրանիկը յօդացաւ ունէր, վառարանը լաւ վառեցին, մի հատ էլ տաք ադեալ գցեցին ոտքերին։ Սկսեցին զրուցել. Անդրանիկի ամէն մէկ խօսքը իբրեւ պատգամ էին ընդունում։ Անդրանիկը խօսում էր ճակատի պաշտպանութեան, ռուս զօրքի նահանջի, հայութեան համար ստեղծուած ծանր կացութեան մասին....
(էրզրումի անկումը ընդհանուր նահանջի ազդանշանը կու տայ։ Ետ քաշուող բանակայիններու եւ ժողովուրդի ալիքին հետ, երիտասարդ կամաւորները կը մօտենան ռուս-թուրք նախապատերազմեան սահմանագծին ու Սարըղամիշին)։
Քայլեցինք ձիւների միջով, վեր, վար, բուք ու բորանի միջով. վերջապէս հասանք Կարաուրգանի մօտ։ Մի 200-300 քայլ էր մնացել մինչեւ զօրանոցը, երբ մենք ընկանք, սպառուած, ձիւնի վրայ, ու քնեցինք...
Մէկը մեզ թափահարում է« ասում. - «Տղե՜րք, դուք էստեղ կը սառէք, վեր կացէք գնանք...»։ Մի հայ երիտասարդ զինուոր էր, որ կտրեց մեր շատ քաղցր քունը։ Նա մտաւ մեր թեւը եւ համարեա՜ քարշ տուեց դէպի զօրանոց։
Զօրանոցը տաք էր. մեզ կերակրեցին հայ զինուորները։ Սարըղամիշում չգիտէինք ուր իջնել, երբ մեր դէմ ելաւ ճեմարանի բարձր դասարանի ուսանող Ցովհաննէս Գիւլնազարեանը եւ մեզ առաջնորդեց իր իջեւանած զօրանոցը։ (...) ճիշտ շտաբի մուտքի երկու կողմում, երկու ձիեր սառել, արձան էին կտրել ծառս եղած վիճակում...։ Արձանագործը աւելի յաջող գործ չէր կարող կատարել, քան բնութիւնն էր արել։ Այդ օրերին խեղճ ձիերը, լքուած զօրքից եւ սննդից, նիհարած, ճօճուելով թափառում էին փողոցներում եւ մի տեղ ընկնում, սատակում....
Շտաբի մօտ էինք եւ հիացումով դիտում էինք սառած, ծառս եկած ձիերին, երբ յայտնուեցին Մոնիա Օհանջանեանը եւ ուսանող Հրանդը։ Խօսեցինք կացութեան մասին, ես դժգոհութիւն յայտնեցի նահանջի ու ղեկավարութեան անկարողութեան մասին, որ դիմադրութիւն չի կազմակերպում։ Մոնիան ասաց, որ Երզնկայում դիմադրութիւն է եղել եւ Հրանդն էլ վիրաւորուել է։ Ցետոյ իմացայ, որ Մոնիան Երզնկայի կռւում շքանշանի էր արժանացել, բայց այդ մասին ինքն ինձ չասաց։
Ես անմիջապէս մեղմացայ։ «հսկապէ՞ս», ասացի, եւ յարգանքով լցուեցի դէպի Հրանդը. «Որտեղի՞ց է վիրաւորուել», հարցրի։ Հրանդը ցոյց տուեց իր աջ ոտքի կոնքի մասը. գնդակի անցքը դեռ տաբատի վրայ էր։
- Մոնիա, կարո՞ղ եմ ես էլ ձեզ հետ լինել, - հարցրի։
- Շտաբի կարգադրութիւնից է կախուած, - ասաց Մոնիան։
Ներս մտայ շտաբ։ Եղիշէ Ցարութն այնտեղ էր. մօտեցաւ ինձ թէ՝ «Ինձ ու քեզ յանձնարարում են, որ կուսակցութեան զէնքերը Սարըղամիշից փոխադրենք Կարս»։
Մէկ-երկու օր յետոյ զէնքերը դասաւորեցինք մի սայլի յատակում, վրան առատ չոր խոտ լցրինք, եւ չորս հոգով մեկնեցինք դէպի Կարս։
(...) Կարսում Եղիշէի հետ կուսակցական զէնքերը տարանք յանձնեցինք ներկայացուցիչ Վալադ Վալադեանին։ Ձինուորներ, գաղթականութիւն, տեղացիների տագնապալի վիճակ. չգիտէինք, Կարսը կը դիմանա՞ր արդեօք թրքական գրոհներին...։
Ներկայացանք շտաբ. ասացին, որ գնանք Ալեքսանդրապոլ, շտաբը այնտեղ կը կարգադրի։
Ալեքսանդրապոլում լսեցինք, որ թիւրքերը հասել են Սարըղամիշ։ Մեր հոգին մռայլ էր. արդեօք Կարսը կը դիմանա՞ր. եթէ չդիմանար, ուրեմն հերթը պիտի հասնէր Ալեքսանդրապոլին։ Եւ յետո՞յ. Ալեքսանդրապոլը խաչմերուկ էր՝ դէպի հարաւ Կարս, դէպի հիւսիս՝ Ղարաքիլիսէ ու Թիֆլիս, դէպի արեւելք՝ Երեւան տանող... թիւրքը ձգտում էր ջարդել, ոչնչացնել նաեւ արեւելահայութիւնը, հարթել ճամբան դէպի Բագու, տիրանալու նաւթահորերին, իրականացնելու համաթուրանական կայսրութիւնը։
Շամխոր կայարանում տեղական թաթարները յարձակուել էին նահանջող ռուս զօրքի վրայ եւ կոտորել. այնուհետեւ նահանջող ռուս զօրքը վագոնների վրայ շարած գնդացիրների օգնութեամբ էր ճամբայ հարթում դէպի Բագու, ապա՝ Ռուսաստան։
Մեզ զայրոյթ էր պատճառում հայ զինուորների դասալքութիւնը։ Ռուս զինուորի հոգը չէր, նա լքեց ճակատը ու մեկնեց իր տունը. իսկ հա՞յը. չէ՞ որ «Հաննիպալը մեր դռանն էր»։ Բայց կային ֆեդայիներ եւ զինուորներ, որոնք պատրաստ էին իրենց կեանքը զոհելու եւ մեր մխիթարութիւնն այդ էր։
Ներկայացանք Ալեքսանդրապոլի շտաբին. այստեղ էլ մեզ ասացին սպասել, մինչեւ իրենց կարգադրութիւնը։
Լսեցինք, որ Անդրանիկը իր զինուորներով եւ արեւմտահայ մի խումբ գաղթականներով եկել է Ալեքսանդրապոլ։ Ապա լսեցինք, որ շտաբից զէնք ու ռազմամթերք է ուզել, չեն տուել, բաց է անել տուել մի զինապահեստ եւ զէնքեր է վերցրել։ Ցետոյ էլ իմացանք, որ Անդրանիկը իր խմբով մեկնել է Ղարաքիլիսէ։
Լուր առինք, որ Կարսն ընկել է ԵԼ թիւրքերը առաջանում են դէպի Ալեքսանդրապոլ։
Երբ ներկայացանք շտաբ, մեզ կարգադրեցին մեկնել Ղարաքիլիսէ։ «Ինչո՞ւ չմնանք այստեղ, թիւրքերը առաջանում են, կը կռուենք», ասացի ես։ «Ձեր կարիքը Ղարաքիլիսէում աւելի է», ասացին։ «Ստեփան, - դարձայ ընկերոջս, - սրանք մեզ խնայում են, մեր տարիքի բերումով»։ «Ինչ որ կարգադրում են՝ անենք», ասաց Ստեփանը։
Անցեալները Ղարաքիլիսէից անցել էի երկաթուղիով, ամէն անգամ էլ՝ օդը խոնաւ, յաճախ՝ անձրեւոտ։
Ներկայացանք նաեւ այդտեղի շտաբին։ «Ձեզ դնում ենք հեռախօսների վրայ», ասացին։ «Մենք պատրաստ ենք շարքերում կռուելու, հրացանի վարժութիւն ունենք», ասացի։ «Գիտէք երիտասարդներ, ֆեդայիները եւ զինուորները ոչ կանոնաւոր հայերէն գիտեն, ոչ էլ գէթ մի փոքր ռուսերէն։ հսկ դուք այդ երկուքի տէրն էք, հետեւաբար յարմար՝ հեռախօսի վրայ։ Հեռախօսն էլ կռուի դաշտում նոյնքան կարեւոր է, գուցէ եւ աւելի՝ քան հասարակ զինուորի դերը», ասաց պաշտօնեան, մեզ զինաթափ անելով իր պատճառաբանութեամբ։
Դէպքերը զարգանում էին գլխապտոյտ արագութեամբ։ Իմացանք, որ Անդրանիկը բարձրացել էր Դսեղ գիւղը, թիւրքերը մօտեցել էին Ալեքսանդրապոլին. փախչողներ, գաղթողներ։ Ղարաքիլիսէն վխտում էր դասալիք զինուորներով, գիւղացի բազմութիւններով. բոլորը մռայլ էին, մտահոգ։ Իմացանք, որ այդ ճակատի հրամանատար է նշանակուած զօրավար Նազարբէկովը, ռուսախօս, սակայն ջերմ հայրենասէր եւ կռիւների, ճակատամարտերի փորձով օժտուած։ Եւ որզօրավար Նազարբէկովը առաջարկել էր Անդրանիկին մասնակցել կռուին, բայց Անդրանիկը պատճառաբանել էր, որ բաւարար քանակով ռազմամթերք չունի։ Խօսւում էր, որ Անդրանիկը մօտ երկու հազար մարտիկներ ունի։
Եւ ահա Մայիս 24-ին Ղարաքիլիսէի լեռներն ու անտառները արձագանգեցին հրացանների, գնդացիրների եւ թնդանօթների որոտին։ Մենք, հեռախօսի վրայ, գտնւում էինք մարտիկների թիկունքում եւ եղած հրամանները փոխանցում՝ թուերով նշուած բարձունքներին։ Չափազանց զգոյշ էինք, որ հրամանները ճշգրիտ կերպով հաղորդէինք։
Թիւրքերի նպատակն էր առաջին հերթին գրաւել երկաթուղագիծը։ Մեր դիրքերը գտնւում էին երկաթուղագծի թէ՜ ձախ եւ թէ՜, մանաւանդ, աջ կողմերում։ Գիշերները մի քիչ դադարում էր կռիւը, բայց մեր աչքին քուն չէր գալիս. ննջում էինք, յանկարծ արթնանում, հրացանը բռնում։
Լսեցինք, որ թիւրքերը զօրք են անցկացրել երկաթուղիով դէպի Շամխոր֊ Բագու ճամբան. բայց մերոնք ամուր բռնել էին երկաթուղու աջակողմի դիրքերը։ Երեք օր տեւեց այդ տագնապը, երկիր ու երկինք որոտներով։ Հայ ֆեդայիներն ու զինուորները կռւում էին քաջաբար. կեանքի ու մահուան կռիւ էր։
Լուրեր շրջեցին, որ մերոնք յաջողութիւններ են ունեցել Բաշ Ապարանի եւ Սարդարապատի ճակատներում, թիւրքերը չեն յաջողել իրենց բուն նպատակի մէջ... Լուրերը գնալով աւելի ստոյգ դարձան, ոգեւորութիւն առաջացաւ։
Բայց որքան ես գիտեմ, Ղարաքիլիսէի ճակատամարտը չի կարելի լիակատար յաղթանակ համարել, որովհետեւ թիւրքերը յաջողել էին զօրք անցկացնել Բագուի ուղղութեամբ։
Ղարաքիլիսէի ճակատամարտից յետոյ մեծ կսկիծով իմացանք, որ առաջին գծերի վրայ զոհուել է մեր աննման Մոնիա Օհանջանեանը... Ամբողջ գիշերը չկարողացայ աչք գոցել. յիշեցի առաջին հանդիպումս իրեն հետ Թիֆլիսում, յետոյ՝ աշակերտական համագումարում, Բագու. յետոյ նորէն Թիֆլիսում՝ Քաղաքային Վարչութեան սրահում, երբ Մոնիան կոչ արաւ կամաւոր գրուելու. ապա Սարըղամիշում, շտաբի առաջ, վերջին հանդիպումս....։
«Գէորգեան» ճեմարանի եւ Պրագայի համալսարանի վկայականներս մի խնդրագրով ներկայացրի Սորբոնի համալսարանին։ Մէկ շաբաթ անց դիմումս ընդունուեց։
Ճեմարանի վկայականը՝ շատ յարգի էր եւրոպական բոլոր համալսարաններում եւ շատ հայեր Եւրոպայում էին ստանում իրենց համալսարանական կրթութիւնը, ինչպէս օրինակ, ճեմարանաւարտներ՝ Վահան Ւսորէնին (Բեռլինի համալսարանաւարտ), Արշակ Ջամալեան՝ նոյնպէս, Աւետիս Ահարոնեան՝ Ձուիցերիայից. Ռուբէն Տէր Մինասեան՝ Ձուիցերիայից եւ շատ ուրիշներ։
Ես յատուկ սիրով սկսեցի սովորել ֆրանսերէն լեզուն եւ բաց չէի թողնում մասնաւորապէս յայտնի տնտեսագէտ-կօօպերատիստ Շառլ Ժիտի դասախօսութիւնները։
Աւետիս Ահարոնեանը ինձ համար թոշակ էր յաջողեցրել մի հայ անհատից, որ կոչւում էր Տիգրան խան Քէլէկեան։
Իսկապէս, Ահարոնեանը յատուկ սէր ունէր դէպ պարսկահայերը։
- Անդրէ, - ասաց մի օր Ահարոնեանը, դու կը լինես իմ անձնական քարտուղարը, գիտես, որ իմ ձեռագիրը համարեա՜ անընթեռնելի է, ես պէտք ունեմ պարզ գրողի, ես կը թելադրեմ, դու գրի կ՜առնես։
Այդպէս էլ եղաւ։ Անդրանիկի մասին ինքը պատմում էր, ես գրի էի առնում։ Հետագայում սրբագրեցի իր «Իմ Գիրքը» հատորը։
Ահարոնեանի կինը՝ Նուարդը, քոյրն էր ընկեր Միքայէլ Վարանդեանի։ Առաջին ամուսինը՝ ժամհարեան. զոհուել էր Շուշիում, հայ-թրքական ընդհարումների ժամանակ։ Ահարոնեանը իր առաջին կնոջից ունէր երեք տղաներ՝ Վարդգէս (Ամերիկայում խմբագիր-գործիչ էր), Վուրիկ եւ Բաբիկ։ Այս երկուսն էլ ընդունակ տղաներ էին, սակայն կարգի չենթարկուող։ Գիտէին հայերէն, ռուսերէն, ֆրանսերէն, իսկ Բաբիկը՝ նաեւ անգլիերէն։ Մի ժամանակ Ահարոնեանն սկսեց զբաղուել անգլիերէնով, ասում էր. –
- Իմ այս փոքր լակոտս՝ Բաբիկը, բառ չկայ որ չիմանայ։ Նրանից եմ բառեր հարցնում։
Ահարոնեանը երկու սենեականոց բնակարան ունէր, մէկը՝ ննջարան, միւսը՝ ընդունարան-ճաշարան։ Փոքր սենեակներ էին, ուստի երկու տղաներն ապրում էին վարձու սենեակներում։ Նրանց սենեակների վարձքը ես էի տանում, վճարում, Ահարոնեանն ասում էր՝ -
- Տամ իրենց ձեռքը, դուրս գան թէ չէ՝ կը ծախսեն...
Վարդգէս Ահարոնեանի կինն էր՝ բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանեան– Ահարոնեանը։
Ահարոնեանի գրականութեամբ ես հրապուրուած էի դեռեւս աշակերտ ժամանակ։ Նրա գեղեցիկ եւ կատարեալ, ճոխ հայերէնը ազդել է իմ հայերէնիս վրայ։ Քանիցս կարդացել էի իր «հտալիայում» գիրքը որ ճոխ, գրաւիչ նկարագրութիւն է հտալիայի պատմարժէք վայրերի եւ կոթողների։ Այս մասին երբ ասացի իրեն, ասաց.
- Երեւակայիր որ երկու շաբաթուայ ընթացքում եմ գրել այդ գիրքը։
֍
Ահարոնեանը պատմեց, որ Իշխանը ծանր հիւանդ է եւ շատ հիւծուել է. սիրտն է հիւանդ։ Որոշեցինք այցելել իրեն, ապրում էր Շավիլ արուարձանում։
Երբ ելեքտրաքարշ մտանք, բոլոր ֆրանսիացիների հայեացքն ուղղուեց Ահարոնեանին, այնքան որ տպաւորիչ տեսք ունէր. խօսելիս էլ թաւ ձայն ունէր եւ գեղեցիկ նախադասութիւններ։ Նա տիպիկ հայկական տեսք ունէր։ Նրան նայելիս, ես պատկերացնում էի Վարդան Մամիկոնեանին, սա՝ սրի մարդ, Ահարոնեանը՝ գրչի մարդ, երկուսն էլ ջերմ հայրենասէր, ընտիր հայեր, տոհմիկ յատկութիւններով։
Իշխանի մօտ գնալիս, Ահարոնեանն ինձ նախապատրաստեց, ասելով.
- Որքան կարող ես՝ վատ պատկերացրու, որ յանկարծակիի չգաս։
Երբ ներս մտանք սենեակը, ես ուղղակի ցնցուեցի....
Այն պարթեւահասակ հշխանից ոչինչ չէր մնացել. մի ոսկրակոյտ. ճուտի պէս նստած իր մահճում։ Ահարոնեանն ինձ նայեց, տեսաւ, որ շատ յուզուած եմ, սկսեց զբաղեցնել հշխանին, որպէսզի ես մի քիչ հանգստանայի։ Արդեօք Խանասորի հշխա՞նն էր սա... անիրաւ կեանք։
- Իշխան, - ասաց Ահարոնեանը, - մեր երիտասարդ ընկեր Անդրէն ուզեց քեզ այցելել, այժմ Փարիզ է հաստատուած։
Իշխանը գոհ ժպտաց, - շնորհակալ եմ« - ասաց։ Ապա հարցրեց մօրեղբօրս՝ Սմբատ Մելիք Վարդանեանի մասին, որ եղել էր դեսպանական կազմի մէջ, Թեհրանում։ Ասացի, որ Թեհրան է, այժմ հացթխարան է բացել։
Մինչեւ այժմ հշխանն իմ աչքիս առջեւն է« հիւծուած, կմախքացած, կուչ եկած իր մահճակալում։
Հազիւ մէկ ամիս անց մեռաւ Իշխանը։ Թաղման ժամանակ կինը՝ Իշխանուհին (Սաթենիկ, Ծաղիկ) լալով ասում էր՝ «Գնդակի առաջ ուղարկեցի՝ ցաւ չունեցայ. Իշխա՜ն. այսպէ՞ս պիտի մեռնէիր, ո՞ւր ես գնում»։ Տեսայ, որ ընկեր Արշակ Ջամալեանը հոնգուր-հոնգուր լաց եղաւ։ Արդէն բոլորս արտասւում էինք անձնուէր ֆեդայիի, ջերմ հայրենասէրի մահուան ի տես։
Մի ուրիշ ողբերգութիւն էլ այն էր, որ գերեզմանի հողը գնել էին վեց հազար ֆրանքով, մէկ քանի տարիյետոյ նորից պիտի գնուէր հողը, եթէ ոչ՝ ուրիշ մեռել պիտի թաղէին այդ դագաղի վրայ.... Ահա՜ քեզ օրէնք, այն էլ Շավիլի պէս մի արուարձանում։
Դամբանական խօսեց Ջամալեանը, Բիւրոյի կողմից, վերջը լացով վերջացրեց։
Կարդացել էի, որ երբ Իշխանը եւ մի խումբ ֆեդայիներ պաշարուած են լինում Դերիկի վանքում, ֆեդայիների հրացանները լցնում էր Իշխանի կինը՝ Ծաղիկը (Սաթենիկ), իսկ այժմ տեսնում էի, որ իր կօշիկի ծայրը մաշուած էր եւ մատը երեւում էր... Ես էլ իմ ողբերգութիւնն ապրեցի այս տեսարանից։ Սա հայ յեղափոխականի վախճանն է, մտածեցի, եւ իմ մէջ աւելի ամրացան գաղափարներս։ Չէ՞ որ Հայաստան պիտի գնայի։ Հայ յեղափոխականը կեանքի ամէն դժուարութեան եւ մահուան գաղափարի հետ հաշտ է։
֍
10-րդ Ընդհ. ժողովից յետոյ Բիւրօն յանձնարարել էր դոկտ. Արմենակ Մելիք Բարսեղեանին շրջել Ֆրանսայի հայաբնակ քաղաքները եւ կուսակցականներ արձանագրել, կոմիտէներ կազմել, որպէսզի Շրջանային ժողով գումարուի եւ Կենտրոնական Կոմիտէ ընտրուի։ Մինչ այդ՝ Կենտրոնական Կոմիտէ չկար։
Փարիզի կոմիտէութեան ժողովում ես պատգամաւոր ընտրուեցի Շրջ. ժողովի համար։
Շրջանային ժողովի պատգամաւորներն էին՝ Արշակ Ջամալեան (Բիւրոյի կողմից), դոկտ. Արմենակ Մելիք Բարսեղեան, Վահագն Քրմոյեան, Փափազեան, Վահան Համբարձումեան (նախկին ճեմարանաւարտ), Հրանդ Սամուէլ, Բենիկ Միլտոնեան, Շատիկեան (Մարսէյլից), Աբո (Բաղդասար) Աբոյեան, Անդրանիկ Տէր Օհանեան, Գրիգոր Ձամոյեան եւ երեք չորս այլ ընկերներ, որոնց անունները չեմ յիշում։
Այս ընկերների մէջ անախորժը Աբո Աբոյեանն էր, որ շողոքորթ հրեայի տպաւորութիւն էր թողնում, միշտ մի քմծիծաղ իր դէմքին։ (Սա էր« որ յետագային սկսեց այսպէս կոչուած «Մարտկոցական» շարժումը, որ հատուածական բնոյթ էր կրում եւ իրենց խայտառակութեամբ վերջացաւ. այս մասին՝ յետոյ)։
Օրակարգի խնդիրները, կազմակերպական կեանքին վերաբերող եւ հայ գաղութի կազմակերպման, լուծուեցին համապատասխան բանաձեւերով։ Հերթը հասաւ Արեւմտեան Եւրոպայի առաջին Կենտրոնական Կոմիտէի ընտրութեան։
Ընտրուեց հինգ հոգինոց կազմ. Վահագն Քրմոյեան, Բենիկ Միլտոնեան, Աբո Աբոյեան, Հրանդ Սամուէլ, Անդրէ Տէր Օհանեան։
Ժողովից անմիջապէս յետոյ տեղի ունեցաւ Կենտրոնական Կոմիտէի անդրանիկ նիստը, նախագահ ընտրուեց Վահագն Քրմոյեան. ընկեր Ջամալեանը քարտուղարութեան համար առաջարկեց իմ թեկնածութիւնը. երբ սկսեցի նօթեր առնել ժողովից, Աբոյեանն առարկեց, որ ես արեւելահայերէն եմ գրում, պէտք է արեւմտահայերէն կազմել արձանագրութիւնները։ Հատուածամոլ էր, ուստի ես հրաժարուեցի կտրականապէս. քարտուղար նշանակեցին ընկեր Հրանդ Սամուէլին։
Երկու-երեք նիստից յետոյ Կենտրոնական Կոմիտէի կազմից հրաժարուեց Վահագն Քրմոյեանը. երբ առանձին հարցրի պատճառը, ասաց. «Ես այդ Աբոյեանի հետ աշխատել չեմ կարող...» նախագահ նշանակուեց Աբոյեանը, իսկ Քրմոյեանի տեղ հրաւիրուեց թեկնածու Վահան Համբարձումեանը։
Այդ տարիներին Փարիզի եւ գաւառի հայ բոլշեւիկները գրգռութիւններ էին անում, մեր հանդէսները խանգարելու համար։ Ընկերները պատմում էին, որ Փարիզում մեր մի հանդէսը փորձել են խանգարել բացագանչութիւններով եւ թռուցիկներ ցրելով, երբ Արջ Պետրոսը մենակ դուրս է եկել նրանց դէմ եւ իր ահռելի ոյժով բռնել եւ սրահի աստիճաններից վայր է գլորել բարձերի նման... Այդ խանգարել փորձողներից մէկն է եղել նախկին հնչակեան Աշոտ Պատմագրեանը, որին եւս Արջ Պետրոսը ցած է շպրտել։ Հանդէսը տեղի է ունեցել եւ այնուհետեւ Փարիզում չեն փորձել մեր հանդէսները խանգարել։
Արեւմտեան Եւրոպայի Կենտր. Կոմիտէութեան շրջանային գործիչ վերցրինք Մեսրոպ Գույումճեանին, որ երկար եւ սահուն ճառող էր։
- Եթէ գաւառում եւս բոլշեւիկները փորձեն խանգարել մեր հանդէսները, պէտք է պաշտպանուել, հակադարձել, - ասում էր Բենիկ Միլտոնեանը ջղայնացած։
Այդ տարիներին բոլշեւիկները մի թերթ էին ընծայում «Երեւան» անունով, որի խմբագիր էին ուղարկել Հայաստանից Եղիա Չուբարին, որի հետ ես մասնակցել էի Բագուի աշակերտական համագումարին։ Այն օրերին Ե. Չուբարը իր մի ճառը սկսել էր «Հազար տարիներ եւ է՜լ աւելի, թաթարն է չոքել մեր կրծքի վրայ» (Ա. հսահակեանից), իսկ այժմ եկել Փարիզ՝ ինտերնացիոնալիզմ էր քարոզում։ Իրեն չուզեցի հանդիպել։ «Երեւան» թերթը գրգռութիւններ էր անում եւ հայ գաղութը պառակտում էր։
Աչքի ընկնող ընկերներին ուղարկում էինք գաւառ, բանախօսելու համար։ 1926 թուի Մայիս 2-ին Լիոնում տեղի ունենալիք մեր հանդէսի համար Կենտրոնական Կոմիտէի կողմից Լիոն քաղաքն ուղարկեցինք ընկեր Աւետիս Ահարոնեանին։ Մայիս 2-ին, ֆրանսերէն մի թերթ առի, մտայ մեթրօ. նայելով թերթին, աչքիս ընկաւ խոշոր տառերով հաղորդագրութիւն.
Լիոն. - Արիւնալի բախում - խառնակութիւն հայերի միջեւ...
Անմիջապէս գնացի Հանրապետութեան Պատուիրակութեան, յայտնեցի եղածը եւ թերթը ցոյց տուի. ընկեր Խատիսեանէն խնդրեցի քարտուղար Արտաւազդ Հանըմեանի միջոցով կապուել Լիոնի մեր ընկերներին եւ իմանալ եղելութիւնը։ Հեռախօսով յայտնեցի Կենտրոնական Կոմիտէի ընկերներին, ինքս էլ շտապեցի Ահարոնեանի բնակարանը։ Դռանը հանդիպեցի ընկեր Միքայէլ Վարանդեանին, թերթը ցոյց տուի եւ ասացի, որ եղայ պատուիրակութեան գրասենեակը եւ խնդրեցի հեռախօսով կապուել Լիոնի հետ։ Վարանդեանն ասաց. «Բարձրանանք վեր. բայց Նուարդը թող չիմանայ պատահածի մասին, սպասենք Աւետիսին»։
Բարձրացանք վեր, տիկին Նուարդի մօտ։ Քիչ յետոյ նա կարծես զգաց մեր մտահոգ դէմքերից ինչ որ բան. հարցրեց.
- Տխուր էք երեւում, ի՞նչ է պատահել։
Վարանդեանը թէ՝ «Ոչինչ, այսօր Աւետիսը պիտի գայ, եկել ենք իրեն տեսնելու»...
Երեկոյեան դէմ Ահարոնեանը եկաւ, ձախ այտը կապտած... Վարանդեանը վրայ վազեց, գրկեց, սկսեց համբուրել։ Տիկին Նուարդը երբ տեսաւ Ահարոնեանի դէմքը կապտած՝ - Աւե՜տիս, ի՞նչ է պատահել, - բացագանչեց։
Ահարոնեանը սկսեց պատմել.
- Գիտէք, որ հանդէս ունէինք Լիոնում. դու մի ասիլ հայ բոլշեւիկները բերել են մարոքցի, ալժիրցի, իտալացի կոմունիստներ, մէկ մասին մտցրել վերեւի օթեակները, միւս մասը՝ սրահի մուտքի մօտ։ Երբ բեմ բարձրացայ՝ սկսեցի խօսել, այդ տարրը գոռաց՝ «Կորչի՜ ֆաշիզմը», ապա նրանցից մէկը բեմ սլացաւ եւ յարձակուեց վրաս, բռունցքով հարուածեց ձախ այտիս. մէկ վայրկեան ձեռքս գնաց գրպանս (Ահարոնեանը մի փոքրիկ բրաունինկ ատրճանակ ունէր։ Ա.Ա.), բայց ինձ զսպեցի. այդ րոպէին մեր հանդիսականներից մի քանի տղաներ բեմ սլացան եւ վրաս յարձակուող օտարականին սկսեցին ծեծել եւ բեմից վար բերել։ Մի քանի հոգի էլ ինձ շրջապատեցին, նոր յարձակումից պաշտպանելու համար։
Սրահը տակն ու վրայ եղաւ, նստած հանդիսականները սկսեցին դուրս վտարել բոլշեւիկ խուժանին, եւ սրահի դռնից դուրս մօտ երկու հարիւր հոգի բախումներ ունեցան։ Մերոնք այնպիսի մի ծեծ քաշեցին օտար յարձակուողներին, որ նրանք պատռտուած հագուստներով փախուստի դիմեցին։ ժողովրդի զայրոյթը այդ տմարդի յարձակման դէմ մեծ էր։
Վարանդեանը նորից վեր կացաւ, համբուրեց Ահարոնեանի վիրաւոր այտը, ասելով. «Չես կարող երեւակայել, թէ որքան մտահոգ էինք ես եւ Անդրէն, Նուարդին էլ ոչինչ չենք ասել, որ չանհանգստանայ»։
Նոյն երեկոյեան Կենտրոնական Կոմիտէի նիստ ունեցանք. Լիոնի բախման ընթացքում ոստիկանութիւնը մեր ընկերներից եօթ հոգու ձերբակալել էր։ Բախման ժամանակ սպանուել էր Բաղդասարեան անունով մի երիտասարդ բոլշեւիկ («Երեւան» թերթը մեծ աղմուկ հանեց «բանուոր Բաղդասարեանի» մասին)։ Նկատի չէր առնում, որ հանդիսականների մեծ մասը բանուոր էր։
Որոշուեց, որ ընկեր Հրանդ Սամուէլը, իբրեւ դատական գործերին ծանօթ եւ փաստաբան, Լիոն մեկնի, ֆրանսիացի փաստաբան վարձելու, մեր ընկերներին բանտից ազատելու, իսկ ինձ էլ ուղարկեցին, որ ընկերներին խրախուսեմ, ոգին բարձրացնեմ։
Հրանդ Սամուէլը մեկնեց Լիոն, մէկ օր յետոյ էլ ես մեկնեցի։ Ընկերները հաւաքուել էին մի վերնայարկի սենեակում. երբ ներս մտայ, բոլորը ոտքի կանգնեցին եւ միաբերան գոչեցին՝ «կեցցէ՜ Հ. Յ.Դ»... Ոգին բարձր էր։ Ես խօսեցի տմարդի յարձակման մասին, որին հայ բոլշեւիկները մասնակից էին դարձրել օտարներին. սակայն ինչպէս որ Փարիզում դաս կերան, նոյնպէս եւ Լիոնում եւ այսուհետեւ խելքները գլուխները կը հաւաքեն։ Հայ բազմութիւնները Դաշնակցութեան հետ են, Լիոնի հանդէսը այդ ապացուցեց։
Խօսքս ընդունուեց բուռն ծափերով։ Խօսքիս ընթացքում տեսայ, որ Հրանդ Սամուէլը քաշուեց կողքի սենեակը. յետոյ երբ իրեն հարցրի պատճառը, ասաց, որ ինքը պիտի յարաբերի դատարանի եւ գուցէ ոստիկանութեան հետ, ընկերներին ազատելու համար. ուստի իր ներկայութիւնը այդ ժողովում կարող էր անպատեհութիւնների պատճառ դառնալ... Հրանդը խիստ զգուշաւոր էր։
Ոստիկանութիւնը մէկ քանի օր յետոյ բանտարկուած ընկերներին երաշխաւորութեամբ ազատ արձակեց. սպանութեան հեղինակին չէին կարողացել գտնել։
Այդ դէպքից յետոյ բոլշեւիկներն այլեւս չհամարձակուեցին գաւառում եւս մեր հանդէսները խանգարել։
Այդ օրերին բանաստեղծ Աւետիք հսահակեանը Հայաստանից ՀՕԿ-ի գործով եկել էր Փարիզ։ Ռամկավարները մի շրջաբերական էին գրել Լիոնի դէպքի առթիւ եւ մեղքը նետել Աւետիս Ահարոնեանի վրայ. շրջաբերականը ստորագրել էր նաեւ Աւետիք հսահակեանը... Երբ Ահարոնեանը հարցրել էր, թէ ինչու է ստորագրել, հսահակեանը պատասխանել էր՝ «Չկարդացի, թէ ինչ է գրուած, ասին թէ՝ այս շրջաբերականը ստորագրիր»...
֍
Ճաշում էինք Սեն Միշէլ պողոտայի «Փրի Ֆիքս» ճաշարանում. ճաշը արժէր 3.50 ֆրանկ, հացը չսահմանափակուած։ Երբեմն ոեւէ պարսկահայ էր գալիս Փարիզ, ես նրան տանում էի թանգարան, զբօսատեղիներ եւ միշտ ես էի ծախսում. դրանից յետոյ մի քանի օր ես կերակրւում էի փողոցում, ոտքի վրայ ծախուող ձիու մսից պատրաստուած սօսիսոնով (նրբերշիկ)։
Մի օր երեկոյեան, երբ ամբողջ օրը ոչինչ չէինք կերել, մի ընկերոջ հետ Սեն Միշէլից իջնում էինք. երբ «Կաֆէ Դը Լա Սուրս»ի առջեւով պիտի անցնէինք, սրճարանի առջեւի սեղանին նստած Աւետիս Ահարոնեանը, մեզ տեսնելով, կանչեց եւ ասաց.
- Անդրէ, ձեր դէմքից երեւում է, որ այսօր բան չէք կերել. ճի՞շդ է...
- Ճիշդ է... ասացի ես։
- Դէ եկէք նստէք, - ասաց Ահարոնեանը եւ իսկոյն մեզ համար պատուիրեց կաթով սուրճ եւ կռուասան։
Ցերեկն զբաղւում էի դասախօսութիւններ լսելով, կեսօրից յետոները գրադարանումն էի։ Կարդում էի ագահաբար։ Սեն Միշէլից քիչ վեր կար նաեւ ռուսական մի գրադարան, ուր, ասում էին, յաճախել է նաեւ Լենինը։ Թէ՜ ֆրանսիական, եւ թէ՜ ռուսական գրադարանները շատ հարուստ էին։ Գիշերները կարդում էի սենեակումս։ Ինձ տեսնել ուզողները գիտէին, որ գրադարանում ինձ կը գտնեն։
Ֆրանսիական գրադարանումն էր, որ Կառլ Մարքսի «Կապիտալ»ի առաջին հատորը ամփոփեցի տետրակիս հարիւր էջերում։ Կարդում էի անարխիստներ Կրապոտկինի եւ Միխայիլ Բակունինի մասին գրուածքները։ Աւստրիացի անուանի տեսաբան–սոցիալիստ Օտտօ Բաուէրի, գերմանացի էդուարդ Բերնշտայնի, է. Դաւիդի աշխատութիւնները, իտալացի անարխիստներ Կաֆիերօ Կարլոյին, Կոստային, Մալատէսրոյին։ Իսկ ֆրանսիացի ընկերվարականներին լսում էի իրենց հրապարակային դասախօսութիւնների եւ ելոյթների ընթացքում, մեծ մասամբ իմ սիրելի ընկեր, գրագէտ Վազգէն Շուշանեանի հետ։
Երբեմն պատահում էր, որ ձախ կամ աջ խմբակցութիւնների անդամներ ներս էին խուժում սոցիալիստների դասախօսութեան սրահը, աղմկում, խանգարում, մի անգամ նոյն իսկ սրահի հայելիներն ու ապակիները ջարդեցին։ Ես բռնեցի Վազգէն Շուշանեանի թեւից եւ դուրս բերի սրահից ասելով, «Մենք, հայերս, շատ կորուստներ ենք տուել, պէտք չունենք այստեղ եւս կորուստ տալու»։ Վազգէնը քրքջաց իրեն յատուկ ձեւով եւ հեռացանք սրահից։
«Կաֆէ դը լա Սուրս»ում մի օր նստած էինք՝ Համբարձում Գրիգորեանը, Վազգէն Շուշանեանը եւ ես, երբ բանաստեղծ Ոստանիկը հեւ ի հեւ ներս մտաւ, թէ՝ «գրագէտ Կոստան Ձարեանը Բրիւքսէլից կնոջ եւ աղջկայ հետ եկել է Փարիզ, հիւրանոցի սենեակում անօթի նստած են. մի քանի ֆրանկ տուէք, հաց ու պանիր գնեմ տանեմ, մեղք են. Ձարեանը մեծ մտաւորական է, անցեալում գործակցել է Սիամանթոյին եւ Դ. Վարուժանին, Պոլսում...»։ Մենք ազդուեցինք, ամէն մէկս մի քանի ֆրանկ տուինք Ոստանիկին, գնաց։
Յաջորդ օրերում Կ. Ձարեանն էլ սկսեց յաճախել մեր սրճարանը. ծանօթացանք, մի օր ես իրեն հարց տուի.
- Պարո՛ն Ձարեան, ի՞նչպէս եղաւ, որ Հայաստանից եկաք եւ չվերադարձաք։ Պատմեց հետեւեալը.
- Գիտէք, որ Հայաստան էի հրաւիրուած իբրեւ համալսարանի դասախօս. մի անգամ Թիֆլիս գնացի, վերադարձիս գնացքի իմ կուպէում մի քանի ճամփորդ հայեր սկսեցին գանգատիլ իրենց տնտեսական ծանր դրութիւնից։ Երբ գնացքը հասաւ Ալեքսանդրապոլի կայարանը, մի քանի չէկիստներ բարձրացան գնացք եւ իմ կուպէի ճամփորդներին ձերբակալելով, իջեցրին գնացքից եւ տարան բանտ։ Այդտեղ իմ մտքումս որոշեցի հեռանալ Սովետական Հայաստանից դէպի մի ազատ երկիր եւ, յաջողեցի, եկայ Եւրոպա։
Մենք ի վիճակի չէինք ամէն անգամ դրամ տալու, որ Կ. Ձարեանը կերակրուէր. ուստի մի օր Ոստանիկին ասացի.
- Իրեն հարցրու, եթէ ես միջնորդեմ, որ Կոստան Ձարեանը աշխատակցի Բոստոնի մեր «Հայրենիք» ամսագրին եւ հոնորար ստանայ, կը համաձայնուի՞։
Ոստանիկը խօսել էր, եկաւ թէ՝ համաձայն է։
Ես անմիջապէս գնացի Ահարոնեանի մօտ, պատմեցի եղելութիւնը եւ խնդրեցի գրել «Հայրենիք»ի խմբագրապետ ընկեր Ռուբէն Դարբինեանին եւ համաձայնութիւնը խնդրել։ «Հայրենիք» ամսագիրը աշխատակցող մտաւորականներին իբրեւ հոնորար վճարում էր ամիսը քսան դոլար, որ կը փրկէր Կ. Ձարեանին։
Ահարոնեանն անմիջապէս նամակ գրեց, նա եւս զգացուած էր։
Հազիւ երկու շաբաթ էր անցել, որ Ռուբէն Դարբինեանից նամակ ստացուեց, Ահարոնեանին գրել էր, որ ուրախութեամբ կ՛ընդունի Կոստան Ձարեանի աշխատակցութիւնը։
Այս մասին ինքս յայտնեցի Կոստան Ձարեանին, որ շատ գոհ մնաց։ Սկսեց գրել։
«Հայրենիք» ամսագրում սկսեցին լոյս տեսնել Կոստան Ձարեանի «Բանկօօպը եւ մամութի ոսկորները», «Երկիրներ եւ Աստուածներ», որոնք շատ մեծ հետաքրքրութիւն առաջացուցին։ Ցետոյ էլ, Ռուբէնի յուշերից քաղելով նիւթը, գրեց «Տատրագոմի հարսը» եւ այլն։
Փարիզում, սովետական «Տորգպրեդ»ի առեւտրական ներկայացուցիչ էր բոլշեւիկ Սիմոնիկ Փիրումեանը։ Նրա մօտ ելումուտ էին անում՝ Համլիկ Թումանեանը (Ցովհ. Թումանեանի տղան), որ Լոնդոնից փոխադրուել էր Փարիզ, եւ Աշոտ Պատմագրեանը, որ Բեռլինից էր փոխադրուել։
Նկատեցինք, որ Ոստանիկը եւ Եղիշէ Այվազեանը սկսեցին շռայլ ծախսեր անել. Եղիշէն մէկ շապօ գլխարկ էր գնել հարիւր քսան ֆրանքով, որ շատ մեծ գումար էր մի անգործ մարդու համար։ Նոյնը նաեւ Արփիար Ասլանեանը (տարագիր ուսանողներից) եւ իր կին՝ գրագիտուհի Լասը, որ «ձախ» էր...
Համբարձումին մի օր յայտնեցի իմ կասկածի մասին. ասացի, որ ընկեր Հայկ Ասատրեանը Պրագայում ինձ պատմել է, որ ինքը Բեռլին եղած ժամանակ իմացել է, որ որոշ հայ ուսանողներ դրամ էին ստանում սովետականներից. ուսանելուց յետոյ Հայաստան մեկնելու պայմանով, եւ նոյն իսկ Հայկը տուեց Գրիգոր Տէր Անդրէասեանի անունը, որ ճեմարանի իմ դասընկերներից էր։
Համբարձումը հաստատեց իմ կասկածը։
Մի օր Համբարձումն ինձ պատմեց, որ հանդիպել է փողոցում Համլիկ Թումանեանին, սա ասել է, որ ուսանողներին վճարւում է ամսական քսան դոլար, բայց քեզ եւ Անդրէին կը վճարենք յիսուն դոլար. խօսիր Անդրէի հետ։
Ես զայրացայ, որ ինձ առեւտրի առարկայ են ուզում դարձնել. իմ գաղափարներս անարգել։ Համբարձումին ասացի, որ ժամադրուի Համլիկի հետ։
Համբարձումը ժամադրութիւն վերցրեց, հանդիպեցինք «Լիւքսեմբուրգ» այգու մօտի փողոցում։
- Ասա տեսնեմ, Համլիկ, ի՞նչ պիտի ասէիր, - ասացի ես։
Համլիկն սկսեց խօսել Հայաստանի Հանրապետութեան մասին բացասական ձեւով, երբ աւելացրեց, թէ դաշնակցական մինիստրները.... ալիւր էին գողանում. ես յարձակուեցի Համլիկի վրայ. Համբարձումը մէջ մտաւ, Համլիկն սկսեց ամբողջ ոյժով փախչել։
- Ի զուր չթողիր, որ ես դրան մի լաւ դաս տամ. - բարկացած ասացի Համբարձումին։ «Այդքանն էլ թող խրատ լինի նրան», - ասաց Համբարձումը։
Մի քանի օր յետոյ Համբարձումն ինձ ասաց.
- Հանդիպեցի Համլիկին, ասաց. «Եթէ բոլորը քեզ եւ Անդրէի նման լինին, մենք յաջողութիւն չենք ունենայ...»։
Արդէն մեզ համար բացայայտ էր, որ բոլշեւիկները ուսանող անուան տակ լրտեսներ էին որսում։ Գնացի Բիւրոյի սենեակը եւ ընկեր Ս. Վրացեանին, Ռուբէնին եւ Ջամալեանին բացատրեցի կացութիւնը եւ ասացի, որ Ե. Այվազեանը եւ Ոստանիկը պիտի հեռացուեն մեր կուսակցական խմբից։ Բիւրոն մի շրջաբերականով հեռացուած յայտարարեց այդ երկուսին։
Բոլշեւիկները Ոստանիկին համոզում են երթալ Հայաստան. յանձնարարական կը տան եւ ծախքն էլ կը հոգան։ Ասում են՝ «բանաստեղծ ես, կ՛երթաս, այնտեղ քեզ առաջ կը քաշեն...»։
Ոստանիկը մեկնում է հտալիայի վրայով։ Արդէն բոլորը գիտէին, որ Ոստանիկը մեկնեց Հայաստան։
Մի օր էլ յանկարծ Ոստանիկին տեսանք Փարիզում...
Մտանք երկուսով սրճարան։ հր առաջին խօսքը եղաւ՝
- Անդրէ, դու իրաւացի էիր, ես դրամ էի ստանում, մի անգամ էլ Աշոտ Պատմագրեանից հազար երկու հարիւր ֆրանքի չեք ստացայ, բացի ճամբու ծախսից։ Երբ հտալիա հասայ, ինձ մի փակ, յանձնարարական նամակ էին տուել, որ ներկայացնէի Երեւանում։ Հետաքրքրւում էի, թէ ինչ է գրուած նամակում, բաց արի եւ ի՜նչ կարդամ. գրուած էր՝ «այս լակոտին երես չտաք»...
Իսկոյն որոշեցի յետ դառնալ եւ այստեղ իրենց ասացի, որ ճամբին ինձ կողոպտեցին, դրամներս եւ ամեն ինչ գողացան... Դուք ել այսպես իմացեք։
Երկու օր յետոյ ինձ հանդիպեց Եղիշե Այվազեանը եւ խնդրեց մտնել սրճարան։ Սա եւս խոստովանեց, որ դրամ ե ստացել, որ ես արդարացի եմ եղել։
Թէեւ երկուսին էլ ներեցինք, բայց շարքերը չընդունեցինք այլեւս։
Վազգենը միջահասակ, լեցուն մարմնով, սեւ, խոշոր աչքերով, վարդագոյն այտերով, ճերմակ մորթով մի երիտասարդ եր, ծանօթութեան առաջին իսկ րոպեից մտերմացանք։ հնքը Ապրիլեան Եղեռնի որբերից էր. տարիներ էր անցկացրել որբանոցներում, յետոյ իրեն փոխադրել եին Հայաստանի որբանոց, վերջը եկել էր արտասահման, աւարտել էր Մոնպելիեի գիւղատնտեսական դասընթացքը, բայց իր մասնագիտութեամբ քիչ էր զբաղուել։ Եկել եր Փարիզ, պարապում էր ընթերցանութեամբ եւ գրելով։ հր նիւթականը հոգում էր իր որբութեան ընկեր Սեպուհը, որ գտնւում էր Եգիպտոսում։ Հետաքրքրւում էր հասարակագիտութեամբ, ջերմ սոցիալիստ էր. այս է, որ իրեն հետ միշտ ներկայ եինք լինում ֆրանսիական սոցիալիստների ելոյթներին, որոնք երբեմն կռիւներով էին վերջանում, աջերի կամ ձախերի խառնակիչ ելոյթներով։
Ուշ երեկոներին Վազգենի հետ դուրս էինք գալիս զբօսանքի լուսաւոր պողոտաներում կամ Լիւքսեմբուրգի պարտեզում, եւ Վազգենը արտասանում էր Միսաք Մեծարենցից իր սիրած կտորը՝
«Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին,
Հաշիշով օծուն եւ բալասանով,
Լուսեղէն ճամփէն ես կանցնիմ գինով,
Գիշերն անուշ է, գիշերն հեշտագին»...
Վազգէնը մաքուր սիրտ ունէր եւ մաքուր նկարագիր. նրան եւս բոլշեւիկները չկարողացան նիւթական գայթակղութեան ենթարկել։
Երբեմն, երբ Արծրունի Թուլեանը մեզ հետ էր լինում, նեղում էր Վազգէնին. մէկ էլ տեսար խփեց Վազգէնի մէջքին եւ փախաւ. «Անդրէ, տե՛ս, նենգ է, հէ՛, թիկունքէն կը զարնէ», ասում էր Վազգէնը եւ ծիծաղում իրեն յատուկ լիաթոք ծիծաղով։
Վազգէնի հետ կարդում էինք նաեւ ֆրանսիացի յայտնի բանաստեղծների գործերից, երբեմն անգիր կտորներ արտասանելով Բոդլերից, Ալֆրէդ դը Միւսսէից, Պօլ Վեռլէնից։
Սեն Միշէլի հրապարակի ետեւում գտնւում էր ֆրանսիացի յայտնի Ապաշների (աւազակաբարոյ դաս) քարանձաւը. Վազգէնի սիրած տեղն էր, թէեւ՝ վտանգաւոր. բանաստեղծ Պօլ Վեռլէնը, որ նաեւ խման էր եղել, յաճախ այցելելիս էր եղել Ապաշների քարանձաւը, որի պատերին գրել էր իր անունը։ Վազգէնը խանդով ցոյց էր տալիս Վեռլէնի եւ այլ բանաստեղծների ստորագրութիւնները եւ բացագանչում էր՝ «Տե՜ս, այս բանաստեղծները սիրելիս են եղեր Ապաշներին...» եւ հրճւում էր, որ ինքն էլ քայլում է յայտնի բանաստեղծների հետքերով։
Երբ առաջին անգամ մտայ Ապաշների անձաւը, չոր ու քարէ պատերն ու փորուածքը ծանր տպաւորութիւն թողին վրաս։ Իջանք նեղ ու քարէ աստիճաններից եւ մուտ գործեցինք մի փոքր անձաւ, ուր մի փոքր անտաշ սեղան կար եւ մի քանի անտաշ աթոռակ՝ առանց յենարանի։ Կողքի փոքր սենեակ– անձաւում նստած էին 3-4 Ապաշներ, որոնք կատաղի հայեացքով մեզ նայեցին սկզբում, յետոյ անուշադրութեան մատնեցին։ Վազգէնը պատմեց ինձ, որ որոշ յաճախորդների Ապաշները կողոպտում են հենց այստեղ...
Գարեջուր պատուիրեցինք, խմեցինք եւ դուրս ելանք։ Ես, որ առաջին անգամ մտնելիս ծանր տպաւորութիւն էի ստացել, այժմ սիրահար դարձայ Ապաշների անձաւին եւ այնուհետեւ երբեմն Վազգէնին ասում էի՝ «Վազգէն, չերթա՞նք Ապաշների անձաւը». նա հրճւում էր եւ գնում էինք. Ապաշներն արդէն մեզ ճանաչում էին եւ թշնամական հայեացք չէին նետում։
«Ինչպէ՞ս է, որ ազգանունդ կնոջական է՝ Շուշանեան» հարցրի մի օր Վազգէնին. «Ծնողներէս լսած եմ, որ տատս շատ խելօք եւ ազդեցիկ կին մը եղած է, ուստի մերոնք որոշած են անոր անունը գործածել իբրեւ ազգանուն», պատասխանեց Վազգէնը։
Վազգէնը իր գրական գործերը եւ յօդուածները գրում էր մի փոքրիկ սրճարանում որ մօտ էր գտնւում «Կաֆէ դը լա Սուրս»ին։ Երբ ուզում էի իրեն հանդիպել, գնում էի այդ կաֆէն. մէկ անկիւնում, սեղանիկի մօտ նստած՝ գրում էր, ձեռագիրն էլ հատիկ– հատիկ էր։
Արծրունի Թուլեանը երբեմն վիճում էր Վազգէնի տեսակէտների շուրջ։ Մի անգամ, երբ ես սենեակումս հիւանդ պառկած էի, ժողովում Արծրունին մեղադրել էր Վազգէնին իր տեսակէտի համար։ Եկան ինձ մօտ, կարծիքս իմանալու։ Երբ լսեցի, ասացի. «Դաշնակցութիւնը մտքի, խօսքի եւ գրչի ազատութիւն է քարոզում. եթէ դաշնակցականի տեսակէտները չեն հակասում քաղաքական վարքագծին, ազատ է արտայայտուելու։ Եթէ քաղաքական վարքագծից տարբեր տեսակէտ ունի, ապա ամէն դաշնակցական Ընդհանուր ժողովից վեց ամիս առաջ կարող է ժողովներում արտայայտել իր տեսակէտները, Ընդհանուր ժողովը եթէ հաստատեց՝ լաւ։ Իսկ եթէ չհաստատեց, տեսակէտը գրաւոր կը մնայ արձանագրութիւնների մէջ, իսկ ինքը կ՜ենթարկուի Ընդհանուր ժողովի որոշումներին»։
Վազգէնը գոհ մնաց իմ այս յայտարարութիւնից։
1927 թուին Բուէնոս Այրէսից (Հարաւային Ամերիկա) գործիչ էին ուզել, շրջանը կազմակերպելու եւ թերթ հիմնելու համար։ Իմ անունս էին տուել։ Ընկեր Ռուբէնին ասացի, որ ես երկիր պիտի մեկնիմ. իրեն ասել եմ այդ մասին, հետեւաբար չեմ կարող Բուէնոս Այրէս մեկնիլ։ Ռուբէնն ասաց. - «Ճիշդ ես, կը գրենք իրենց, որ չես կարող գնալ, առողջական պատճառներով։ Դու պիտի երկիր գնաս. առանց այն էլ մեր կապը խզուել է երկրի հետ»։
Ուղարկեցին ընկեր Թադէոս Մեծատուրեանին (Միսաք Մեծարենցի ազգականը). մէկ տարի մնաց կազմակերպական գործերով, բայց խմբագիր չէր կարող լինել։
Երբ ինձ հերթ հասաւ Հայաստան մեկնելու (1928 թուի Յունիսին), լուր տարածեցինք, որ Բուէնոս Այրէս պիտի մեկնիմ, իբրեւ գործիչ-խմբագիր (Մեծատուրեանն արդէն վերադարձել էր)։ Ամենամօտ ընկերներիս անգամ չասացի, որ Հայաստան պիտի մեկնիմ, միայն Արծրունի Թուլեանը գիտէր, որովհետեւ մեկնել էր երկիր եւ վերադարձել. միասին մասնակցել էինք 10- րդ Ընդհանուր ժողովին։
Մեկնելուս օրերին Վազգէնը եկաւ ձեռքին մի կապոց, ինձ մեկնելով ասաց. - «Այսքան մտերիմ ենք եղած, մեկնումիդ առթիւ ընդունէ այս փոքրիկ նուէրը»... Աշնանային հագուստ էր նուէրը. յուզուեցի։ «Վազգէն, սիրելիս, ինչո՞ւ ես այսպիսի ծախք արել, ծանր է քեզ համար», ասացի։ «Խնդրեմ չմերժես, ընկերական նուէր է» ասաց, եւ իր նկարն էլ նուիրեց։
Ամիսներ յետոյ, երբ իմացել էր, որ մեկնել եմ Հայաստան եւ բանտարկուել, 1930 թուին, երբ Խորհրդային Միութիւնից աքսորուեցի Պարսկաստան, Վազգէնն իսկոյն մի նամակ գրեց, իր ուրախութիւնը յայտնելով, որ ազատուել եմ, նորէն մի նկար էլ ուղարկել էր։
Իր նկարը մինչեւ այսօր մասունքի պէս պահում եմ, որի վրայ իր ձեռագրով գրուած է. «Սիրելի Անդրէին՝ Վազգէնէն», Փարիզ։
Ֆրանսիայի հարաւից երբեմն երիտասարդներ էին գալիս Փարիզ, հազիւ միջահասակ, գունդ ու կլոր կազմուածքով, Վազգէնն ինձ ասում էր. - «Անդրէ, նայէ՛, հէ՛, որբանոցի ապրանք է»... եւ, իսկապէս, երբ ստուգում էինք, որբանոցներում էին եղել։
Վազգէն Շուշանեանը գրական կեանքում անուն հանեց եւ մինչեւ այժմ էլ իր գրուածքները կարդացւում են հաճոյքով։ Ափսո՜ս, որ վաղաժամ մահ ունեցաւ։ Երբեք չեմ մոռանայ իմ սիրելի Վազգէն Շուշանեանին եւ իր քաղցր քրքիջը։
Լիոն քաղաքում պիտի տեղի ունենար Հ.Յ.Դ. Արեւմտեան շրջանային պատգամաւորական ժողով։ Լսել էինք, որ Աբո (Բաղդասար) Աբոյեանը «մատեր» է կազմակերպել եւ ելոյթ պիտի ունենայ արեւելահայ գործիչների դէմ, հատուածական կրքով... Փարիզի կոմիտէութեան ընկերական ժողովում խօսուեց այս մասին, ես էլ ելոյթ ունեցայ, յայտարարելով, որ Դաշնակցութիւնը ո՛չ հատուածական եւ ո՛չ էլ յարանուանական խտրութիւն է ճանաչում։ Ընկերներ Գերասիմ Բալայեան եւ Արմէն Սասունին իմ տեսակէտը պաշտպանեցին եւ պնդեցին իմ թեկնածութեան վրայ, որպէս պատգամաւորի։ Ինձ հետ էին նաեւ Վազգէն Շուշանեան, Մկրտիչ Երէցեան, Գեղամ (բանաստեղծութիւն գրող), Լեւոն Մոզեան եւ մի այլ ընկեր, որի անունը մոռացել եմ։
ժողովում Բիւրոյի կողմից ներկայ էր ընկեր Ս. Վրացեանը, որ իրեն զուսպ պահեց։ Աբոյեանը երեսուներեք կազմակերպած «մատեր» էր բերել, մեծ մասամբ նորելուկ երիտասարդներից։
Ամէն անգամ, որ Աբոն խօսում էր, ես ձայն էի խնդրում եւ իր ասածի տպաւորութիւնը չէզոքացնում։ ժողովն արդէն վարժուել էր եւ Աբոյի խօսելուց յետոյ ասում էին. - «Հիմա Անդրէն ձայն կ՛ուզի»։
Լիոնից խխ Կակոսեան անունով մի տարեց ընկեր, բարձրահասակ, չոր ու ոսկրոտ կազմով, աչքերը շիլանման։ ժողովի ընդմիջման միջոցին աղմուկ լսուեց միջանցքից. երբ միջանցք իջանք, ասացին, որ Կակոսեանն ապտակեց Վազգէն Շուշանեանին եւ զգուշացրին, որ Կակոսի մօտ ատրճանակ կայ։ Ես շատ ազդուեցի, որ Վազգէնի պէս մի երիտասարդ ընկերոջ ապտակել է գռեհիկ Կակոսեանը։
ժողովում առաջարկ դրի, որ Կակոսեանին երեք նիստ արգիլեն ներկայ լինել եւ զէնքն էլ գրաւուի, որոշումն անցաւ, բայց երբ հերթը եկաւ զէնքը գրաւելուն, ո՛չ ոք ձայն չհանեց. երբ տեսայ ոչ ոք ձայն չի հանում, յանձն առայ։ Բոլորը անհամբեր սպասում էին, թէ ինչ կը լինի։ Ես անցայ հարեւան սենեակը, ուր մենակ նստած էր Կակոսեանը, նստեցի մօտը եւ ասացի. - «Ընկեր Կակոսեան, ընկեր Վազգէն Շուշանեանին ապտակելուդ համար ժողովը որոշեց՝ երեք նիստից զրկել քեզ, բացի այդ՝ զէնքդ յանձնես ինձ»։
Կակոսեանը, առանց խօսքի, ատրճանակը յանձնեց ինձ։ Երբ ժողով մտայ եւ ատրճանակը դրի նախագահութեան սեղանին, բոլորը զարմացան. ասացի, որ ընկեր Կակոսեանը առանց ընդդիմութեան ենթարկուեց հրահանգին եւ առաջարկեցի, որ երեք նիստի պատիժն իջեցնեն երկուսի։
Այնտեղ հասաւ ժողովը, որ Աբոյի կազմակերպած երեսուն երեք «մատերը» քայքայուեցին։ Մեսրոպ Գույումճեանը, որ Աբոյի աջ բազուկն էր, ինձ խնդրեց հարեւան սենեակը գնալ. «Ընկեր Անտրէ, խնդրեմ զիս խնայէք» ասաց։ «Ընկեր Գույումճեան, - ասացի - ես քո դէմ ոչինչ չունեմ, բայց Աբոյեանի ընթացքը պառակտիչ է եւ հատուածական ընթացքի դէմ եմ ես, եւ դուք էլ այդպիսին պիտի լինէք»։
Կարճ՝ Կենտրոնական Կոմիտէի մէջ Աբոն չընտրուեց եւ քիթը կախ՝ մեկնեց Մարսէյլ։ Ես էլ իմ թեկնածութիւնս յետ վերցրի, նախ՝ որովհետեւ պիտի մեկնէի Հայաստան, նաեւ՝ որ չասէին թէ Աբոյին տապալեց, որ ինքը ընտրուի։
Երբ Փարիզ վերադարձանք, Գերասիմ Բալայեանը եւ Արմէն Սասունին գոհունակութիւն յայտնեցին, որ չէզոքացրել եմ պառակտիչ Աբոյին։
Երբ ընկեր Ռուբէնին հանդիպեցի, ասաց. - «Անդրէ, Լիոնում մուշտակռուի էք մտել...»։ Իրեն պատմեցի եղելութիւնը, Կակոսեանի ապտակն ու զինաթափումը։ Ռուբէնը գոհ մնաց։
Իմ՝ Խորհրդային Միութիւն մեկնելուց յետոյ Աշոտ Արծրունին բախում է ունենում Աբոյի հետ, Արծրունին շիշը շպրտում է Աբոյի գլխին, վիրաւորում։
Իմ մեկնելուց յետոյ է, որ այդ շարժումը կոչւում է «Մարտկոցական»։ Թերթ են հիմնում Մարսէյլում եւ խմբապետ Սմբատ Բարոյեանին (Մշեցի Սմբատ՝ Անդրանիկի զինակիցը), որ կիսագրագէտ էր, անունն էին շահագործել։ Շահան Նաթալին եւս միացել էր այդ շարժման։ Վերջը հաստատուել էր, որ Աբոն դրամ էր ստացել բոլշեւիկներից, Դաշնակցութիւնը պառակտելու համար... Բենիկ Միլտոնեանը լքել էր Աբոյին, Բենիկը շիտակ եւ մաքուր անձնաւորութիւն էր, իսկ Մկրտիչ Երէցեան եւ Լեւոն Մոզեան, որոնք շրջանային ժողովում ինձ հետ էին, յետոյ անցել էին Աբոյին գործակցելու։
Աբոն իր տիկնոջ՝ Զարմիկի հետ (շատախօս եւ բամբասող կին էր) մեկնում է Խորհրդային Հայաստան բոլշեւիկների խորհրդով։ Մի օր Չեկան կանչում է եւ ասում.
«Կրկնիր այն ճառդ, որ դաշնակ եղածդ ժամանակ ասում էիր...». Աբոն շշմում է եւ դարմանում. ճառը հետեւեալն էր՝ «Մի օր Ստալինին հարցնում են, թէ ինչպէ՞ս է ղեկավարում երկու հարիւր միլիոն Ռուսաստանի ժողովրդին». Ստալինը պատասխանում է՝ «Դրանք եկու հարիւր միլիոն էշեր են, որոնց հեծած՝ քշում եմ...»
Աբոյին եւ իր կնոջը աքսորում են Սիբիր, ուր մեռնում է թշուառութեան մէջ։
Մի օր Փարիզի ընկերական ժողովում Շահանը ելոյթ ունեցաւ եւ յայտարարեց. - «Դաշնակցութիւնը ախոռ է դարձել...»։ Ես իսկոյն ձայն ուզեցի եւ յայտարարեցի. - «Ընկեր Շահանի արտայայտութեան դէմ բողոքում եմ։ Իր խօսքը օրակարգից էլ դուրս է, պահանջում եմ ընդհատել»։ ժողովի ատենապետը եւ ժողովականները հաւանութիւն տուին բողոքիս եւ Շահանը նստեց իր տեղը։
Յաջորդ օրը գնացի Բիւրոյի սենեակը. Ռուբէնն էր այնտեղ եւ վրդովուած պատմեցի Շահանի ելոյթի մասին, աւելացնելով, որ Բիւրոյի անդամին վայել չէր կազմակերպութիւնը նմանեցնել ախոռի։
Ռուբէնն ասաց. - «Նա ուրիշ բաներ էլ ունի, որ քննում ենք. կ՛անդրադառնանք նաեւ դրան»։
Տակաւ առ տակաւ բացայայտուեց, որ 1) Շահանը, անտեսելով Ընդհանուր ժողովի որոշումը, ճամբորդել է նաւի եւ գնացքի առաջին կարգով, վատնելով կուսակցութեան դրամները. 2) Ամերիկայում գաղտնի ժողովներ է գումարել արեւմտահայ ընկերների հետ, յայտարարել է, որ Թիւրքիան պիտի կործանէ գիտական միջոցներով եւ գումարներ է գանձել, թաքուն պահելով բարձր մարմիններից. 3) միացել է «Մարտկոցական» շարժման, քայքայիչ աշխատանք տանելով եւ այլն. 4) Բիւրոն նրան մեկուսացրել է՝ մինչեւ յառաջիկայ Ընդհանուր ժողով, առ ի քննութիւն։
Ընդհանուր ժողովը (11 –րդ) Շահանին վտարեց Դաշնակցութիւնից։
Շարւում էր Աւետիս Ահարոնեանի «Իմ Գիրքը» (Մանկութիւն). սրբագրում էի։ Մեր ղեկավարները գիտէին, որ անսխալ սրբագրող եմ։ Սկսուեց շարուիլ ընկեր Ս. Վրացեանի «Հայաստանի Հանրապետութիւն» աշխատութիւնը՝ «Ղուկասով»ի տպարանում. գրաշարը օր. Սաթոն էր, որ շարում էր տողաշար (լայնօթայփ) մեքենայի վրայ եւ քիչ սխալներ էր անում. վերջում, երբ օր. Սաթոն նախաբանն էր շարում, տեսայ, որ ընկեր Վրացեանը իմ անունն էլ յիշատակել է իբրեւ սրբագրիչի։
Օր. Սաթոյին ասացի, որ իմ անունս չշարի։ Յաջորդ օրը, որ գնացի տպարան, նախաբանն արդէն տպուած էր.... օր. Սաթոն ասաց, որ Վրացեանը պատուիրել է անպայման շարել անունս։
«Հայաստանի Հանրապետութիւն» հատորը լոյս տեսաւ համարեա՛ առանց սխալի։ Ընկեր Վահան Համբարձումեանն ասաց. - «Աւելի բարեխիղճ ես սրբագրում, քան ինքը՝ հեղինակը»։ Այս մասին գրում եմ, որովհետեւ մանաւանդ վերջին տասնամեակներում մամուլը եւ գիրքը լեցուն են սխալներով. հայոց լեզուն նահանջել է. ուղղագրութիւն իմացողները մէկ ձեռքի մատների վրայ հազիւ կարելի է հաշուել... Իմ հեղինակած այն գրքերը, որ ինքս եմ սրբագրել, սխալ չունեն։
Վրացեանն ուզեց Արծրունիի միջոցով ինձ վարձատրել սրբագրութեան համար, մերժեցի վճարովի սրբագրութիւն կատարած լինել (Ահարոնեանի գիրքն էլ անվճար էի սրբագրել)։ Արծրունի Թուլեանը յետոյ ինձ խաղի ենթարկեց։ նա գիտէր, որ Երկիր պիտի մեկնիմ. մի օր ասաց. - «Երկիր պիտի գնաս, քեզ մի անձրեւանոց (պլաշչ) է պէտք. ես չէի վերցրել, շատ կարիք ունեցայ»։ Խելքիս պառկեց, գնացինք խանութ, ընտրեցինք մի անձրեւանոց, Արծրունին իսկոյն վազեց գանձապահի մօտ վճարելու.ես իր ետեւից հասայ, դրամս վճարելու, արգիլեց ասելով. «Սա ընկեր Վրացեանի նուէրն է, նուէրը չեն մերժի...»։
Ասեմ, որ Վազգէն Շուշանեանի նուիրած հագուստը եւ ընկեր Վրացեանի նուիրած անձրեւանոցը մաշուեցին խորհրդային բանտերում....
Նախ քան մեկնելս գնացի Պատուիրակութիւն, Ալեքսանդր Խատիսեանին հրաժեշտ տալու։ Նա էլ կարծում էր, որ մեկնում եմ Բուենոս Այրէս, իբրեւ գործիչ։ Սկսեց անուններ եւ հասցէներ տալ ծանօթների, որոնք կարող էին օգտակար լինել ինձ։ «Ես ձեզնից, իբրեւ երիտասարդ գործիչ, լաւ տպաւորութիւններ ունեմ։ Պատուիրակութիւնից դրամ փոխ վերցնողներից միայն դուք էք, որ յետ էք վճարել (այս մասին Խատիսեանն ասել էր նաեւ Լեւոն Նաիրցիին, որ ինձ ասաց)»։
Անյարմար վիճակ ունէի, ո՜ւր էի գնում, ո՜ւր էին կարծում ընկերներս։ Խատիսեանի կինը ռուս էր, շատ պարկեշտ, քաղաքավար եւ ժպիտը դէմքին, ապրում էին պատուիրակութեան մէկ սենեակում. հրաժեշտ տուի Խատիսեանին եւ տիկնոջը, դուրս եկայ քրտնած։
Արծրունի Թուլեանի հետ հրաժեշտ տալիս՝ ասացի. - «Եթէ երբեւէ դեկլարացիա ստորագրեմ Խորհրդային Երկրում յիշեցէք Վարդան Մամիկոնեանին։ Ցիշիր նաեւ, որ ես եմ քեզ կնքել Աշոտ Արծրունի անունով, երբ յարմար ստորագրութիւն էիր փնտռում մամուլի յօդուածներիդ համար (մինչեւ այժմ էլ ստորագրում է՝ Աշոտ Արծրունի, յիսուն տարի է...)»։
Բաժանուելիս Աշոտ Արծրունին յուզուած ասաց՝ «Մենք այլեւս չենք հանդիպի»...Գիտէր իմ առաքելութեանս վտանգաւոր լինելը. ինքը Երկրից էր եկել եւ 1928ից մինչեւ այսօր, 1978, իրար չենք հանդիպել, թէեւ նամակագրութիւն ունեցել ենք, նա՝ Բուենոս Այրէս, ես՝ Թեհրան։
Գնացի Ռուբէնի հետ Աւետիս Ահարոնեանի մօտ։ Այդ օրերին (1928 թուի Յունիսի վերջը) Ահարոնեանը ֆրանսացիների մօտ խօսելիս, յանկարծ կուրացել էր... Ռուբէնն ասաց. - «Աւետիս, Անդրէին ուղարկում ենք Խորհրդային Միութիւն. որեւէ հասցէ, Մոսկուայի վրայ, կարո՞ղ ես ասել»։ Ահարոնեանը շատ յուզուեց։ Կանգնած էի իր անկողնի մօտ, Ռուբէնը շոյում էր Ահարոնեանի ճակատը.
- Ա՜խ, վտանգաւոր առաքելութիւն է։ Մոսկուայում գնա՛ հայոց եկեղեցին, Արմեանսկի պերեուլոկ (հայոց փողոց)։ Այնտեղ մի պատուական քահանայ կայ՝ Տէր Արսէն Սիմոնեան. նա քեզ կը յայտնի ընկերների հասցէն, - ասաց Ահարոնեանը։ Ձեռքս բռնեց, սեղմեց, հրաժեշտ տուինք Ռուբէնի հետ։ (Ցետոյ աչքերը բացուել էին եւ դարձել էր նախկին Ահարոնեանը)։
Ընկեր Վրացեանին հրաժեշտ տուի Պատուիրակութեան շէնքում, համբուրեց, յաջողութիւն մաղթեց եւ ասաց. - «Թող ինձ քեզ հետ չտեսնեն» ու մեկնեց։
Հանդիպեցի Շաւարշ Միսաքեանին, որ գանձապահն էր Բիւրոյի. հարիւր յիսուն դոլար տուեց, իբրեւ «փոխառութիւն»... Ստորագրեցի ստացականը։
Մեկնեցի ընկեր Ջամալեանի մօտ, պայուսակովս, այնտեղ հրահանգներ պիտի ստանայի. ապա՝ մեկնէի գնացքով։ Ապրում էր արուարձանում, իր ընտանիքով։
Ռուբէնն այնտեղ էր։ «Հիմա պէտք է անգիր անես երեք շիֆրեր (գաղտնագիր), էռնա, Անդրէ եւ Արուս սկզբնատառերով։ էռնա իմ աղջկաս անունն է, Արուսն էլ քո ծածկանունը պիտի լինի», ասաց Ջամալեանը եւ սկսեց ինձ բացատրել շիֆրի գաղտնիքը։ Անգիր արի շիֆրը տեղի վրայ։ Ցետոյ ասաց. - «Քեզ տալիս եմ երկու պառոլ, որ Դրոյից ենք վերցրել. Մոսկուայում է գտնւում Տիգրան Անիեւը, որ սպայ է եղել Հանրապետական Հայաստանում, Մոսկուայում էլ մօտ է եղել Դրոյի հետ. Անիեւը սոց. - յեղափոխական է թէեւ, բայց մեզ հետ է, վստահելի մէկն է։ Այս պառոլները նրան պիտի ասես առաջ, որ ընկերները քեզ վստահեն. Ա. պառոլ՝ Լեալեայի լուցիկը, Բ. պառոլ՝ Աստուած եւ քառասուն սատանաները մեզ հետ»։
«Մոսկուա են աքսորուած մեր ընկերները՝ Կորիւն Ղազազեանը, Տիգրան Աւետիսեանը, Բագրատ Թոփչեանը, Սմբատ Խաչատրեանը, Արսէն Շահմազեանը։ Կը հանդիպես նրանց, բայց խուսափիր Բագրատ Թոփչեանին հանդիպելուց, որովհետեւ լսել ենք, որ նա վերջերս տարբեր տեսակէտներ ունի։ Ընկերներին կը զեկուցես արդի քաղաքական կացութեան մասին, նաեւ 10-րդ Ընդհանուր ժողովի որոշումների, որին ինքդ ներկայ ես եղել եւ մասնակցել։ Կը տեղեկանաս նաեւ իրենց տեսակէտներին, մեր վարելիք քաղաքականութեան՝ Սովետների հանդէպ։ Բիւրոն քեզ լիազօրում է չէզոքացնել անվստահելի ընկերներին, նոյն իսկ մարմին լուծել, եթէ հարկ է եւ նոր մարմին նշանակել։ Երկրի Կենտրոնական Կոմիտէից կը հարցնես, թէ ի՞նչ եղաւ Բուդաշկոյի Տտէրրորը... նաեւ՝ գրականութիւն եւ դրամ ենք ուղարկել, արդեօք ստացե՞լ են», ասաց Ջամալեանը։ Ռուբէնն ասաց. - «Ալեքսանդրապոլում է գտնւում Տիգրան Գաւառեանը, նա Տարօնի մեր հին ֆէդայիներից է եւ ինձ լաւ է ճանաչում։ Երան կը տեսնես, կը ծանօթացնի Ալեքսանդրապոլի մեր ընկերների հետ։ Տիգրանին ենք ուղարկում գաղտնի գրականութիւն եւ դրամ»։
Ջամալեանը շարունակեց. - «Կ՛ աշխատես Բագուի վրայով կապ ստեղծել Պարսկաստանի մերոնց հետ, էնզէլի։ Հայաստանի վերջին դատավարութիւնը խզել է մեր կապը եւ չգիտենք, թէ հիմա ո՞վ է մնացել։ Միայն թէ Երեւանում խուսափիր Միհրան Գրիգորեանից, նա դեկլարացիա է տուել. Հայաստանի պառլամենտի անդամ էր։ Զգոյշ կը լինես, ամէն մարդու չվստահես, սովետական շատ լրտեսներ կան»։
Ռուբէնը թէ՝ «Կը հանդիպես բոլշեւիկ հայ ղեկավար Սահակ Տէր– Գաբրիէլեանին եւ կը խօսես Ղարաբաղի եւ Նախիջեւանի մասին, որ աշխատանք տանեն կցելու Հայաստանին. դրանք հայկական հողեր են, անիրաւութիւն է եղել այդ շրջանները Ադէրբէյջանին յանձնել», եւ սկսեց բացատրել Ղարաբաղի ռազմագիտական նշանակութիւնը, որ արդի Հայաստանից Ղարաբաղը հիւսիս– արեւելքից բաժանւում է մի լեռնագագաթով (Սելիմ) եւ լեռնանցքով։ Նա այս շրջանների մասին ուսումնասիրական յօդուածներ էր գրել «Դրօշակ»ում, ես սրբագրել էի. նիւթն ինձ ծանօթ էր։
Ջամալեանին եւ Ռուբէնին ասացի, որ ընկեր Վրացեանը բժիշկ Սարգսեանի անունն է տուել, որին պիտի հանդիպեմ Բագւում, թերեւս նրա միջոցով կապ ստեղծեմ Բագու֊ էնզէլի գծով։ Մի քանի մանրամասնութիւնների մասին խօսելուց յետոյ, հրաժեշտ տուի Ջամալեանին, իսկ Ռուբէնն ու Ջամալեանի տասնհինգ ամեայ տղան՝ Արմիկը, որ ինձ հետ շատ կապուած էր, եկաւ երկաթուղու կայարանը՝ ինձ ճամբու դնելու։ Համբուրուեցինք. երբ բարձրացայ գնացք, յետ դարձայ դէմքով՝ մնաք բարով ասելու, տեսայ, որ Ռուբէնի աչքերից արցունք էր հոսում... Այս մեր վերջին բաժանումն էր, այլեւս չպիտի տեսնէի։
֍
Ընկեր Ջամալեանը պատուիրել էր, որ հետս որեւէ թուղթ կամ գիրք չվերցնէի. իրեն ասել էի, որ ֆրանսերէն Լենինի մի գիրքը ունեմ՝ «հմպերիալիզմը՝ որպէս վերջին փուլը դրամատիրութեան» եւ մի գրպանի փոքրիկ բառարան՝ ֆրանսերէնից - ռուսերէնի։ Ջամալեանն ասել էր, որ Լենինի գիրքը չտանիմ հետս, կարող է կասկածի տեղիք տալ, ուստի գիրքը գնացքի պատուհանից դուրս նետեցի, իսկ բառարանը պահեցի։ Պայուսակումս միայն հագուստներս էին։ Ես տրանզիտ վիզա էի վերցրել Փարիզի սովետական հիւպատոսարանից. այն տարիներին, ամէն մի գլխաւոր քաղաքում ճամբորդը քսանչորս ժամ մնալու իրաւունք ունէր։
Այդ օրերին Մոսկուայից Փարիզ էր եկել Վախթանգովի անուան դերասանական խումբը, որի ներկայացումներից մէկին ներկայ էի եղել. եւ ահա, երբ մեր գնացքը կանգ առաւ Բեռլինի կայարանում, գնացք բարձրացաւ Վախթանգովի անուան դերասանների խումբը եւ լեցուեց իմ մօտի օթեակները։ Կասկած անցաւ իմ մտքով, ուստի որոշեցի ցոյց տալ, որ ռուսերէն չգիտեմ, այլեւ երկու օրով իջնեմ Վարշաւա (այս մասին Ջամալեանն էլ ասել էր, եթէ ճամբին կասկածելի բան տեսնէի)։
Վարշաւայում իջայ հիւրանոց. գնացի քաղաք, գնեցի ռուսական ձեւի մի բլուզ, մի կեպի. Մոսկուայում այդ հագուստով պիտի շրջէի, որ կասկած չյարուցէի, այլապէս եւրոպական հագուստը ուշադրութիւն եւ կասկած պիտի յարուցէր։ Քրիստափոր Միքայէլեանի նկարով կրծքի մի զարդակոճակ ունէի, որ դեռեւս Թաւրիզում, 1922 թուին, Հայաստան մեկնելիս ինձ էր նուիրել ընկեր Հմայեակ Պօղոսեանը (ընկեր Տաճատ Պօղոսեանի երէց եղբայրը). այդ զարդանշանը չէի կարող ունենալ հետս. ձեռքս չգնաց նաեւ նետելու, ուստի հիւրանոցի պատուհանի դրսի թիթեղի տակ դրի, այնտեղ երկար ժամանակ կարող էր ապահով մնալ։ Երբ պիտի մեկնէի հիւրանոցից, հինգ հոգի սպասեակներ կանգնեցին շարքով... նուէր պիտի տայի, մինչդեռ դրանցից միայն մէկին էի տեսել։ Նուէր տուի եւ մեկնեցի կայարան։
Խորհրդային Միութեան սահմանագլխում իջայ, պայուսակս նայեցին, անցայ։
֍
Մոսկուայի կայարանում պորտֆէյլիս մէջ դրի մէկ ձեռք սպիտակեղէն, սափրուելու սարքս, հագուստներս փոխել էի։Աշոտ Արծրունին ինձ ասել էր, որ սովետական պաշտօնեաները եւ չեկիստները հագնում են բլուզ, գլխին դնում կեպին, ձեռքին՝ պորտֆէյլ, ես էլ այդպէս էի հագնուել։ Պայուսակս պահ տուի կայարանում, կառք նստեցի։ Պատուիրեցի քշել Արմեանսկի Պերեուլոկ (հայկական նրբափողոց՝ [նրբանցք]), ուր գտնւում էր հայոց եկեղեցին։ Կառքը շատ խեղճուկ տեսք ունէր,երկու ձիեր՝ կմախքացած, կառքի ներսի պաստառները գզգզուած, կախուած, կառապանը, մի ծեր ռուս, իր ձիերի նման կմախքացած... Մոսկուան այն օրերին, Փարիզից յետոյ, նման էր մեծ գիւղի։
Կառքի մէջ սիրտս տրոփում էր, - «հսկ եթէ Ահարոնեանի ասած հայր Արսէնին չտեսնէի՞, ի՞նչ պիտի անէի առանց Մոսկուայում ընկերների հանդիպելու...»։
Հասայ, իջայ կառքից, մտայ եկեղեցու բակը, դիմացը եկեղեցին էր, ձախ թեւի պատին երկու դռներ կային, մաքուր, շագանակագոյն փայտից, մէկ դուռ բաղխեցի, դուռը բացեց գեղեցիկ դէմքով մի երիտասարդ կին։
- Ներեցէք, հայր Արսէնին կարո՞ղ եմ տեսնել, - ասացի։
- Մէկ րոպէ սպասեցէք, - ասաց կինը եւ ներս անցաւ։
Ես ազատ շունչ քաշեցի, ուրեմն հայր Արսէնին զտել էի։
Դռանը երեւաց հաճելի դէմքով մի քահանայ։
- Հայր Արսէն, ես Փարիզից եմ գալիս։ Աւետիս Ահարոնեանը ձեզ ջերմ բարեւներ է ուղարկել։ Վերջերս երեք օրով իր տեսողութիւնը կորցրել էր, բայց, բարեբախտաբար, վերագտաւ։ Խնդրում եմ՝ ինձ տուէք Սմբատ Խաչատրեանի հասցէն։
Տէր հայրը հասցէն ասաց, ուրախ եղաւ Ահարոնեանի բարեւի եւ առողջութեան առթիւ։ Ասացի՝ «Տէր հայր, Փարիզից յետոյ Մոսկուան մեծ գիւղի է նման», ասաց՝ «Դեռ հիմա լաւ է, հապա հինգ-վեց տարի առաջ տեսնէիր՝ ինչ էր...»։
Հրաժեշտ տալիս՝ ասացի, «Տէր հայր, ո՛չ ես եմ տեսել քեզ, ո՛չ դու՝ ինձ»։ - «հ հարկէ, զաւակս, բարով եկար», ասաց, ես մեկնեցի։
Մոսկուայի հայոց եկեղեցին տեսնելով՝ յիշեցի Ահարոնեանի պատմածը ժամհարեանի տէրրորի մասին, որ տեղի էր ունեցել ա՛յդ եկեղեցու բակում։
«Տէրրորիստը մեր հազիւ գրագէտ երիտասարդ ընկերներից էր, ապաստանել էր ժընեւ, շատ կապուել էր ինձ հետ։ ժամհարեան հայ միլիոնատէրը տէրրորի ենթարկուեց Դաշնակցութեան որոշումով, որովհետեւ «Փոթորիկ»ի համար գումար գանձելը մատնել էր ցարական օխրանային», պատմում էր Ահարոնեանը։
Մոսկուայի հայոց եկեղեցին պատկից է Լազարեան ճեմարանին, որի շէնքը դրսից տեսայ։
֍
Հայր Արսէնի տուած հասցէին գնացի, մուտքի նախասենեակում մի սեւ տախտակի վրայ կաւիճով ռուսերէն գրուած էր՝ տնային կոմիտէ, հերթապահ՝ Սմբատ Խաչատրեան։ Աստիճաններով բարձրացայ, առաջին յարկի դուռը բաղխեցի, դռան միջին մասը կաշուից էր, մէջը՝ բուրդ լցրած... Անշուշտ, Մոսկուայի ցրտերից պաշտպանուելու համար։ Քանիցս բաղխեցի՝ դուռը բացող չեղաւ։ Մտածեցի գնամ, քիչ յետոյ գամ, գուցէ եկած լինի։
Փողոցում տեսայ մի վարսավիրանոց, ներս մտայ։ Երկու զինուորականներ էին նստած հերթի, ես էլ նստեցի։ Հագուստս այնպիսին էր, որ չէին կասկածի։ Երբ հերթն ինձ հասաւ, շատախօս վարսավիրն սկսեց հարցեր տալ։
- Ո՞րտեղից էք, քաղաքացի, - հարցրեց։
- Լենինգրադից, - ասացի։
- Հացը որքա՞ն արժէ, - հարցրեց։
Փարիզում հետեւել էի սովետական մամուլին, ուստի մի գումար ասացի։
- Միսը ո՞րքան արժէ։
Դարձեալ մի գումար ասացի։
- Առաջին անգա՞մն էք Մոսկուա լինում։
- Ո՛չ, Մոսկուայով եմ Լենինգրադ գնացել, - ասացի։
Վերջապէս գլխիս խուզելը վերջացաւ, դէմքս ուզեց սափրել, չթողի. նոր հարցերից ազատուելու համար, վճարեցի, դուրս եկայ քրտնած... Արագ հեռացայ դէպի Ս. Խաչատրեանի բնակարանը. դարձեալ տանը չէր...
Կառք նստեցի դէպի հայոց եկեղեցին, հայր Արսէնին
- Տէր հայր, ընկեր Ս. Խաչատրեանը տանը չէ, երկու անգամ գնացի, դուռը բաղխեցի - 0՜, այսօր Կիրակի է, երեւի գնացել է ծանօթների մօտ։ Կուզե՞ս Բագրատ Թոփչեանի հասցէն տամ, - ասաց։
Թէեւ ընկեր Ջամալեանն ասել էր «Աշխատիր չհանդիպել Բագրատին», բայց որովհետեւ տէր Արսէնը անունը տուեց եւ ուրիշ հասցէ էլ չունէի, ուստի ասացի՝ այո։
- Նա իր տիկնոջ հետ ապրում է Մոսկուայի հայոց գերեզմանատան շէնքում։ Միայն թէ ներս մտնելիս զգուշացիր, դռնապանը ռուս լրտես է, - ասաց տէր Արսէնը։
Հրաժեշտ տուի, կառք նստեցի դէպի հայոց գերեզմանատուն։
Գերեզմանատան դուռը մեծ երկաթաճաղ էր. տեսայ մի փոքրիկ աղջիկ դռան ետեւում գնդակ էր խաղում.
- Սիրելի աղջնակ, Բագրատ քեռին տա՞նն է, հարցրի ռուսերէն։ Ասաց՝ այո։
- Դէ, դուռը բաց արա՛, - ասացի։
Աղջիկը դուռը բացեց, ներս մտայ. տեսայ ձախակողմում, մի յիսուն քայլի վրայ ռուս դռնապանը նստած էր իր խրճիթի աստիճաններին, իր ընտանիքի հետ։ Արագ անցայ դէպի աջ, ծառերի մօտով, դէպի այն միայարկ շէնքը գերեզմանատան, ուր Բագրատն էր ապրում։ 1917-1919 թուերին Բագրատին տեսել էի Թիֆլիսում, դէմքը ինձ ծանօթ էր։
Բնակարանի դուռը բաղխեցի, բացուեց։ Ինքն էր, ճանաչեցի։
- Ընկեր Բագրատ, ես Փարիզից եմ գալիս, ձեզ պիտի հանդիպեմ կարեւոր յանձնարարութիւններով, կարո՞ղ եմ ներս մտնել։
Բագրատը լուռ՝ ներս ընդունեց ինձ։ Նստեցի աթոռին, ինքը անցաւ իր սեղանի ետեւ, սկսեց բլինի ուտել (խմորից արգանակ), լուռ ու մտախոհ։ Հասկանում էի իրեն, կասկածի մէջ էր, ուստի ասացի։
- Ես պառոլներ ունեմ Տիգրան Անիեւի վրայ, որպէսզի ինձ վստահէք. մինչ այդ կարող էք ոչինչ չխօսել ինձ հետ։
Բագրատի դէմքի արտայայտութիւնը փոխուեց։
- Ես ձեզ տեսել եմ Թիֆլիսում, լսել եմ դասախօսութիւններդ, նաեւ ընկերներ Վահան Ւսորէնիի, Կորիւն Ղազազեանի, Տիգրան Աւետիսեանի։ Պիտի հանդիպեմ նաեւ ընկեր Կորիւնին եւ Տ. Աւետիսեանին, - ասացի։
- Կորիւնը եւ Աւետիսեանը գտնւում են Ուրալի բանտում, - ասաց։
- Այդ պարագային կը խօսեմ եւ կը զեկուցեմ ձեզ, ընկերներ Արսէն Շահմազեանին եւ Սմբատ Խաչատրեանին. գնացի Խաչատրեանի բնակարանը, տանը չէր, - ասացի, - հայր Արսէնից վերցրի նրա եւ ձեր հասցէն։
Ապա պատմեցի, որ Բիւրոյի կապը խզուած է, Մանուկ Խուշոյեանի դատավարութեան եւ բանտարկութիւնների հետեւանքով, Բուդաշկո պրովոկատորի մատնութիւններով։
- Բուդաշկոն Փարիզից եկաւ այստեղ, նստեց հէնց քո նստած տեղը, գիտէի լրտես էր, նրա մասին մենք լուր էինք ուղարկել Թաւրիզ, որ իմաց տայ Բիւրոյին։ Բուդաշկոյին դուրս արի, յայտարարելով, որ ես կուսակցական գործերով չեմ զբաղւում, հեռացաւ, գնաց, - ասաց Բագրատը։
- Այժմ ես կապ պիտի ստեղծեմ ձեր այստեղի եւ Երկրի ընկերների միջոցով, կարո՞ղ ենք գնալ Տիգրան Անիեւի մօտ, - հարցրի։
- Այժմ հնարաւոր չէ, ցերեկ է, երեկոյեան կը գնանք, - ասաց։
- Այդ պարագային մի բան խնդրեմ, Բիւրոն ինձ շիֆրեր է տուել, որ անգիր եմ արել, այդ շիֆրերը ժամ առաջ տամ ձեզ, որովհետեւ եթէ ձերբակալուեմ, առաքելութիւնս փուչ կ՛անցնի, - ասացի։ - Սպասիր, ես կը գամ, - ասաց Բագրատը եւ դուրս եկաւ սենեակից։
Հազիւ տաս րոպէ անց վերադարձաւ մի աշխոյժ երիտասարդի հետ, որի անունը Կոլիկ էր։ Ռուսական ճերմակ բլուզ էր հագել։ Ծանօթացանք, անցանք ետեւի սենեակը, ես արագ արագ գրեցի երեք շիֆրերը, նաեւ Բիւրոյի տուած հասցէն եւ ասացի, - Ընկեր Կոլիկ, սա անմիջապէս տարէք այստեղից, ո՛չ ես եմ տեսել քեզ, ո՛չ դու՝ ինձ։
- Շատ լաւ, - ասաց Կոլիկը, եւ բլուզի թեւի մէջ մտցնելով թուղթը, անմիջապէս մեկնեց։
Բագրատը այլեւս կասկած չունէր, հարցրեց.
- Թաւրիզը մեր ուղարկած լուրը՝ Բուդաշկոյի մասին չէ՞ր յայտնել Բիւրոյին։
- Դժբախտաբար երկու ամիս ուշ էր հասել լուրը, երբ Բուդաշկոն արդէն Փարիզից մեկնել էր, - ասացի։
Յետոյ պատմեցի, թէ ինչպէս Բուդաշկոն մատնել եւ բացայայտել էր էս-էռների (սոց.–յեղափոխական) գաղտնի գիծը Ֆինլանդիայի վրայով դէպի Խորհրդային Միութիւն։ հսկ Հայաստանի մեր ընկերների մատնութեան եւ դատավարութեան, բանտերի եւ աքսորի մասին Բագրատն ու Մոսկուայի ընկերները գիտէին։ Այդ էր, որ կապը խզուել էր։
֍
Երբ մութն ընկաւ, Բագրատն ասաց՝ գնանք Անիեւի մօտ, ուր պառոլները պիտի ասէի։
Տիգրան Անիեւը բարձրահասակ, քիչ թխադէմ, համակրելի դէմքով, նախկին սպաներից էր, Մոսկուա աքսորուած։ Բագրատը ինձ եւ Անիեւին մինակ թողեց սենեակում։ Ես ասացի առաջին պառոլը՝ Լեալեայի լուցիկը։ Անիեւը մտածեց, ապա ասաց.
- Չեմ յ իջում...
Ես անյարմար զգացի, ուրեմն ինձ կը կասկածեն, մտածեցի։
Հէնց այդ րոպէին մի թուխ, փոքրիկ աղջիկ ներս վազեց •նդակը ձեռքին...
- Ա՜, յիշեցի, - բացագանչեց Անիեւը։
- Ընկեր Անիեւ, ինձ փրկեցիք, ասացի ես, - թէ չէ...
Ինչպէս երեւաց՝ Լեալեա հէնց այդ աղջկայ անուն էր...
- Աստուած եւ քառասուն սատանաները մեզ հետ, - ասացի ես։
- Դրօ՜ն է, Դրօ՜ն է, - բացագանչեց Անիեւը եւ գնաց հարեւան սենեակը։
Մէկ էլ տեսնեմ՝ սենեակ մտան ընկերներ՝ Սմբատ Խաչատրեանը, Արսէն Շահմազեանը եւ Բագրատ Թոփչեանը։ Հասկացայ, որ միւս սենեակում սպասելիս են եղել, որ եթէ կասկածելի լինեմ, թողնեն հեռանան, իսկ եթէ վստահելի՝ ներս գան։
Նրանց հաղորդեցի Բիւրոյի ընկերների բարեւը, ապա զեկուցեցի 10-րդ Ընդհանուր ժողովի եւ կուսակցական կեանքի մասին։ Երկրի կապի խզումը, Բուդաշկոյի գործած աւերածութիւնները, եւ այլն։
Ասացի նաեւ, որ թէեւ տրանզիտ վիզա եմ վերցրել, բայց Երեւանում պիտի դիմում կատարեմ՝ մնալու, առաքելութեանս մէկ մասն եմ այստեղ կատարել, միւս մասը դեռ մնում է։
Ապա խօսեց միայն Սմբատ Խաչատրեանը.
«Մենք շնորհակալ ենք տուածդ տեղեկութիւնների համար. դու 90 տոկոսով կատարել ես քո պարտականութիւնդ, ուստի մենք խնդրում ենք, որ Հայաստան կանգ չառնես, ուղղակի անցիր Պարսկաստան եւ Բիւրոյին հաղորդիր հետեւեալը մեր կողմից.
1) Լուծել, վերացնել Հայաստանի մեր գաղտնի կազմակերպութիւնը, որովհետեւ բազմաթիւ ընկերներ բանտարկւում եւ աքսորւում են, ընտանիքները մնում են անօգնական. մինչդեռ եթէ այդ ընկերները մնան Հայաստանում, իրենց մտայնութեամբ կազդեն շրջապատի վրայ, ընտանիքներն էլ չեն մնայ երեսի վրայ։
2) Արդէն Հայաստանի հայ բոլշեւիկները սկսել են անել այն, ինչ որ մենք կ՛ուզէինք. հետեւաբար պէտք չէ գաղտնի կազմակերպութիւն», վերջացրեց իր խօսքը ընկեր Սմբատ Խաչատրեանը, նորից խնդրելով, որ ես անցնեմ Պարսկաստան։
Վերջին հրաժեշտ տուի իրենց, Բագրատի հետ վերադարձանք հայոց գերեզմանատուն։
Բագրատի կինը՝ տիկին Անիան, հաճելի անձնաւորութիւն էր, երբ հարցրեց անունս, ասացի՝ Անանուն. նա նախ զարմացաւ այդպիսի անուան վրայ, ապայ թւում է, թէ հասկացաւ, նրանից յետոյ յատուկ շեշտով ասում էր՝ պարոն Անանուն...
Գիշերը ինձ յատկացրին երրորդ, չկահաւորուած ամայի սենեակի անկողինը եւ դուռը դրսից կղպեցին։
֍
Յաջորդ օրը, առաւօտեան ընկեր Բագրատն ասաց. - «Այսօր կէսօրին Կենտրոնական Կոմիտէի նիստ պիտի ունենանք. կը ծանօթանաս կազմի հետ, կը զեկուցես եւ ապա կը լսես իրենց կարծիքները»։
Կէսօրին եկան՝ ընկերուհի օր. Հեղինէ Մեծբոյեանը, Կոլիկը (որ նախորդ օրը տեսած էի) եւ Վարդոյեանը. այս երկուսը իմ տարիքին էին, իսկ օր. Մեծբոյեանը տարեց էր։
Երբ ընկեր Բագրատն ինձ ծանօթացրեց օր. Մեծբոյեանի հետ, ասացի. - «Դուք անցեալներում Թաւրիզում վարժուհի էք եղել, այնպէս չէ՞». - «Այո», ասաց. «Իմ մայրիկս, Երանուհի Մելիք Վարդանեան (այժմ՝ Տէր Օհանեան) ձեր աշակերտուհին է եղել եւ ինձ պատմել է ձեր մասին, ձեզ շատ սիրող աշակերտուհու տղան եմ ես, Թաւրիզցի» - ասացի։
Օր, Մեծբոյեանը յուզուեց, դէմքը պայծառացաւ,
«Ես յիշեցի մայրիկիդ, փոքրակազմ աղջիկ էր, շատ ընթերցասէր, ուրախ եմ ձեզ հետ ծանօթանալուս», - ասաց։
Բագրատն ասաց, որ ընկեր Մարտիրոս Ցարութիւնեանը լուր է ուղարկել, որ չի կարող գալ, միշտ մի պատճառ ունի... (գուցէ դա է լաւը, մտածեցի, եթէ մենք բռնուենք, գէթ նա ազատ կը մնայ)։
Նիստին նախագահում էր օր, Մեծբոյեանը, կտրուկ եւ կարճ խօսքով, ինձ տպաւորեց այդ մտաւորական ընկերուհին, որ նոյնպէս աքսորուած էր Մոսկուա եւ հսկողութեան տակ էր։
Ես զեկուցեցի քաղաքական կացութեան, Ընդհանուր ժողովի որոշումների, կազմակերպչական կեանքի, կապի խզման եւ այլ խնդիրների մասին։ Լսեցին, եւ օր. Մեծբոյեանը նոյնպէս կրկնեց, որ ես 90 տոկոսով կատարել եմ իմ պարտականութիւններս, որ անցնեմ Պարսկաստան, Բիւրոյին տեղեակ պահելու իրենց եւ հայրենիքի վիճակի մասին։ Իրենք ապրում են մեծ զրկանքներով, կուսակցութիւնն էլ նիւթական միջոցներ չունի։ Ինչ վերաբերում է շիֆրերով կապին, բոլշեւիկներն այժմ նամակները քննում են նաեւ քիմիական միջոցներով։ Կենդանի մարդկանց միջոցով կապը աւելի յարմար է, ինչպէս՝ իմը։
Երբ միւսները մեկնեցին (սրանց հետ եւս վերջին հրաժեշտն էր...), Բագրատն ինձ ասաց.
- Տիգրան Գաւառեանը, տարօնցի այդ ֆէդային, այժմ կասկածելի է. գաղտնի գրականութիւն եւ դրամ էր ուղարկւում իրեն Թաւրիզից, բայց ոչ մի ընկերոջ չէր տալիս. այժմ էլ Ալեքսանդրապոլի մեր բոլոր ընկերները բանտարկուել ու աքսորուել են, բացի՝ Գաւառեանից... Ալեքսանդրապոլ չիջնես ոչ մի գնով։
- Ցանձնարարութիւն ունեմ Բուդաշկոյի տէրրորի մասին, - ասացի.
Բագրատը խիստ զայրացաւ՝
- Բաւակա՛ն է, բաւակա՛ն է, - ասաց, - արդէն մէկը արինք, տեսանք թէ ի՜նչ եղաւ...
- Ո՞րը, - հարցրի ես։
- Ջեմալի՛նը, մօտ վեց հարիւր ընկերներ տեղահան եղան, մէկ մասը՝ Ուրալի բանտում, միւս մասը՝ Սիբիրի խորքերում, - ասաց Բագրատը, եւ աւելացրեց, - լսել ենք, որ Բուդաշկո Թիֆլիս է գտնւում, Թիֆլիս էլ չիջնես։
Բագրատին լսեցի, բայց մտքումս կար Բիւրոյի հրահանգը, Բուդաշկոյի հաշիւը պիտի մաքրէի, բայց Բագրատին է՛լ չասացի այս մասին։
Մոսկուայում լրիւ կերպով կատարել էի Բիւրոյի հրահանգները, շիֆրերը եւ հասցէն յանձնել, զեկուցել եւ լսել էի իրենց տեսակէտները, ուստի մեկնեցի Մոսկուայից, երկու օր այնտեղ մնալով (1922 թ. Ցուլիս 4-6)։
Մոսկուայից - Բագու ճամբին պառկում էի գնացքի երկրորդ, կերի մահիճի վրայ, դէմքս դէպի պատը, որպէսզի խուզարկու աչքերից չնկատուէի։
Հիւսիսային Կովկասի մի կայարանում, երբ գնացքը կանգ առաւ, մի քանի զինուած լեռնականներ բարձրացան վակօն եւ պահանջեցին ճամփորդներից, որ ոտքի կանգնեն.
կանգնեցինք, կատաղի եւ սուր հայեացքով մեզ նայեցին հերթով։ Ցետոյ իմացանք, որ երկու հոգու ցած են իջեցրել, իբրեւ կասկածելիների...
Բագու հասայ առաւօտեան վաղ. մեկնեցի կառքով մօրաքրոջս աղջկայ մօտ։ Առաւօտեան ժամի 6-ն էր, երբ ամուսինը՝ Բորիս, դուռը բաց արաւ, ապշած մնաց, «Անդրէ, դու՝ այստեղ»... «Այո, եկել եմ քեզ եւ Պերճիկին տեսնելու, Երեւան եմ գնալու», - ասացի։
Երեւում էր, որ երկուսն էլ վախ ունէին. իրենց հանգստացրի, որ գնում եմ Երեւան, մեր ընտանիքի մօտ, ուզեցի տարիներ անջատումից յետոյ իրենց եւս տեսնել։ Այր ու կին բժիշկներ էին, անկուսակցական, Բագու հաստատուած, երկու տարեկան տղայ ունէին, մի ռուս կին դայեակ գալիս էր երեխան պահելու ցերեկը, իրենք գնում էին գործի։ Իրենց պատուիրեցի՝ դայեակին ասեն, որ Մոսկուայից եմ եկել։ Ցերեկն էլ դայեակի հետ ռուսերէն էի խօսում, ասել էի, որ Մոսկուայից եմ եկել։
Ընկեր Ս. Վրացեանը, գրել եմ, տուել էր Սարգսեան ազգանունով մի բժշկի անուն, որին պիտի հանդիպէի Բագւում. Բորիսին հարցրի թէ Սարգսեան ազգանունով բժիշկ կա՞յ իրենց հիւանդանոցում. ասաց՝
- Երկու Սարգսեան ազգանունով բժիշկներ կան, որի՞ն ես ասում։
- Առաջին անունը չգիտեմ, - ասացի եւ հարցը փակուեց այս ձեւով...
Ուրիշ ազգականներ ունէինք Բագւում. Մկրտիչ Կարապետեան եւ Գրիգոր Նիկողոսեան, որ գրաշար էր եղել Թաւրիզում։ Գրիգորին լուր ուղարկուեց, երեկոյեան եկաւ (մայրիկիս հետ մօրաքրոջ զաւակներ էին)։ Թաւրիզ եղած ժամանակ Գրիգորը դաշնակցական էր։
Գրիգորը պատմեց, որ այժմ էլ գրաշար է եւ իբրեւ բանուոր վիճակը վատ չէ. բայց եղբայրը՝ Մկրտիչը, որ դերձակ է, դժգոհ է եւ ասում է, որ այս երկրում չպիտի մնայ, գնալու է Պարսկաստան, էնզէլի հաստատուելու։
- Նախկին Գրիգո՞րն ես, թէ չէ, - հարցրի։
- Նախկինն եմ, բայց այժմ այստեղ անկուսակցական եմ կոչւում, - ասաց։
- Եթէ Հայաստան մնամ, ինձ հետ կապ կը պահե՞ս։
- Ի հարկէ, մանաւանդ որ ազգական ենք, - ասաց։
Ես մտածեցի՝ Մկրտիչը, որ էնզէլի է գնալու, կապ կը պահի եղբօր՝ Գրիգորի հետ, Գրիգորն էլ՝ ինձ հետ։
Մի բաց նամակ գրեցի Փարիզ, Մշոտ Արծրունուն, որ իմանայ, թէ Բագու եմ հասել. կը յայտնի Բիւրոյին։ Ստորագրեցի՝ Արուս, այս ծածկանունս իրենց յայտնի էր։
Բագուից մեկնելիս հետաքրքրական բան պատահեց. չգիտէի, որ երկաթուղու կայարանը երկրորդ յարկումն էր. առաջին յարկի մուտքից երբ ուզեցի ներս մտնել, կարմիր պահակը առաջս կտրեց՝
- Ո՞ւր ես գնում, - ասաց խստօրէն։
- Կայարան, - ասացի։
- Վերն է. - ասաց պահակը։
Դու մի ասել՝ դա կայարանի Չեկայի շէնքն է։ Երկու ոտքով պիտի ընկնէի թակարդը...
Թիֆլիսից անցայ, այնտեղ ո՛չ ընկեր էր մնացել, ոչ էլ գործ ունէի։
Գնացքը մօտենում էր Ալեքսանդրապոլին. իմ մէջ պայքար սկսուեց. իջնե՞լ թէ չիջնել. մէկ յիշում էի Ռուբէնի յանձնարարութիւնը՝ Տիգրան Գաւառեանին տեսնելու, մէկ էլ՝ Բագրատ Թոփչեանի խօսքերը, որ Գաւառեանը արդէն Չեկայի մարդն է....
Այս մտորումների մէջն էի, երբ երկու զինուած բանակայիններ եկան, կանգնեցին մեր օթեակի մուտքի երկու կողմում... Կասկած անցաւ մտքովս. ուստի որոշեցի Ալեքսանդրապոլ չիջնել. մտածեցի՝ Երեւանից, յետոյ, կարող եմ կապուել Ալեքսանդրապոլի հետ, եթէ ընկերները խորհուրդ տան։
֍
Երբ կառքը կանգնեց մեր բնակարանի առաջ, մայրս դուրս եկաւ պատշգամբ եւ ինձ տեսնելով կառքից իջնելիս՝ բացագանչեց յանկարծակիի եկած՝ «Աղջի, Անդրէ՛ն է»... Համարեա լեզուն բռնուել էր, որովհետեւ չէր սպասում գալուս. ես էլ, հասկանալի է, չէի գրել։
Երկու քույրերս՝ Մարուսն ու Սեդան. դպրոցական արձակուրդով մեկնել էին Ղարաջիչագ. (Դարաչիչագ) միջնեկ եղբայրս՝ Հրաչը, պաշտօնատեղին էր, իսկ կրտսեր եղբայրս՝ Վաչէն, զինուոր էր Թիֆլիսում։
Առաջին գործս եղաւ ներկայանալ ներքին գործոց կոմիսարիատ, իբրեւ վիզիտոր։ Կոմիսարիատի շէնքը գտնւում էր Աստաֆեան կենտրոնական փողոցի (այժմ Աբովեան) վրայ, նախկին մեծ հիւրանոցի («Օրիանտ») շէնքում։ Պաշտօնեային ասացի, որ ուզում եմ մէկ շաբաթ մնալ Երեւանում, մայրիկիս մօտ. Վիզաս տրանզիտ է։ Թուղթ տուեց, լեցրի, ասաց՝ «Վաղը եկ»։ Յաջորդ օրը ներկայացայ, պաշտօնեան ասաց. «Թոյլ է տրւում, միայն թէ ամեն օր, ժամը 12-ին պիտի ներկայանաս այստեղ»։ Շնորհակալութիւն յայտնեցի։
Մոսկուայում մերոնք ասել էին ինձ, որ Սահակ Թորոսեանը աքսորից վերադարձել է Երեւան. իսկ Վարդան Մեհրաբեանն ել (Խանասորի Վարդանը) գտնւում է Երեւանի մի այգում։
Հանդիպեցի Միհրան Գրիգորեանին (նա՝ որ դեկլարացիա եր գրել եւ մերոնք չէին վստահում իրեն), խնդրեցի, որ հանդիպի Սահակ Թորոսեանին, ասի, որ իր աշակերտը «Գէորգեան ճեմարանից», ուզում է իրեն հանդիպել։ Նաեւ Վարդան Մեհրաբեանին, որ ուզում եմ իրեն հանդիպել, Փարիզից եմ եկել։
Միհրանը կատարեց խնդիրքս։ Սահակ Թորոսեանն ասել էր. «Մինչեւ իսկ պէտքարանս հսկողութեան տակ է. Անդրէին ասա չհանդիպի, ինքն էլ կը վտանգուի»... հսկ Խանասորի Վարդանն էլ ասել էր՝ «հնձ մի փոքրիկ այգի են տուել, քաղաքից դուրս, որ մշակեմ - ապրեմ եւ քաղաքական-կուսակցական գործերով բացարձակապէս չզբաղուեմ»...
Մեր բոլոր ընկերները բանտարկուած կամ աքսորուած էին. իսկ Միհրան Գրիգորեանն էլ, որ կասկածելի էր համարւում, ինձ չմատնեց։
Ստուգեցի, որ Սահակ Տէր Գաբրիէլեանը, բոլշեւիկ ղեկավար, որի հետ պիտի խօսէի Ղարաբաղի եւ Նախիջեւանի մասին, Երեւանում չէր. Մոսկուա էր մեկնել։ Արդէն Մոսկուայում էլ ընկեր Բագրատ Թոփչեանն ինձ խորհուրդ չտուեց Երեւանում հանդիպել Տէր Գաբրիէլեանին. ասաց - «Նա յաճախ Մոսկուա է գալիս, մենք կը խօսենք իրեն հետ այդ մասին»։
֍
Երեւան էր եկել, Աշխաբադից (անդրկովկասեա՞ն [միջինասիական] քաղաք), մեր ազգական Բաբգէն Տէր Օհանեանը. նա Աշխաբադում ներկայացման էր մասնակցել, մի չեկիստ, որ առաջին կարգում նստած էր եղել, ծաղրել էր Բաբգէնին. սա էլ ներկայացումը վերջանալիս՝ իջել էր սրահ եւ չեկիստին սպանել իր դանակով...
Բաբգէնը, իբրեւ անչափահասի, վեց ամիս բանտարկուել, ապա հեռացուել էր Երեւան, ուր ուսանում էր (հայրը դեր էր կատարել պատիժի մեղմացման մէջ. Վարդան Տէր Օհանեանը՝ որ բոլշեւիկ էր եւ ծանօթութիւններ ունէր)։
Բաբգէնի հետ մի երեկոյ նստած էինք ակումբի բակի ծառի տակ, նստարանին, մէկ էլ տեսայ բակի աստիճաններից իջնում է Բուդաշկոն... Գլխարկս քաշեցի աչքերիս, այնպէս, որ դէմքս չերեւայ, Բաբգէնին շշուկով ասացի, որ լաւ դիտի աստիճաններից իջնողին։ «Ո՞վ է», հարցրեց Բաբգէնը, իրեն ասացի՝ «Լաւ նայիր, յետոյ կ՛ասեմ»։
Բուդաշկոն անցաւ ակումբի շէնքի կողմը։ Ես Բաբգէնին վերցրի, դուրս եկանք ակումբից։ Կարճ ասացի, որ պրովոկատոր է Բուդաշկոն, շատ մարդկանց է մատնել, մեզ էլ կարող է մատնել։ Ապա Բաբգէնին պատուիրեցի Շաբաթ երեկոյեան ինձ հանդիպի, ասելիք ունեմ։ Երան նկատի ունէի Բուդաշկոյի ահաբեկման համար...
Յաջորդ օրը ժամը 12-ին, որ գնացի կոմիսարիատ ներկայանալու, պաշտօնեայի մօտ յաճախորդ կար, ասաց, որ միջանցքում մէկ քանի րոպէ սպասեմ։ Միջանցքի պատի մօտ կանգնած էի, երբ մէկ էլ տեսնեմ խորքի դռնից ներս մտաւ Բուդաշկոն...
Ես դէմքս դարձրի դէպի պատը, իբր թէ կարդում էի մեծ յայտարարութիւնը, որ փակցուած էր պատին։ Բուդաշկոն եկաւ անցաւ, ապա յետ դարձաւ, կանգնեց իմ թիկունքում թէ՝
- Ա՛նդրէ...
Դանդաղ յետ դարձայ, նայեցի. «Չեմ ճանաչում, ո՞վ ես», ասացի։
Գլխարկը վերցրեց թէ՝ «Չե՞ս ճանաչում, Բուդաշկոն եմ»... ասաց։
- Աչքերիցդ ինչ որ երեւում է, - ասացի. այդ իսկ րոպէին յաճախորդը դուրս եկաւ պաշտօնեայի սենեակից, ես իսկոյն ներս մտայ։ Մի քանի հարցեր տուի պաշտօնեային, որ ժամանակ շահիմ, Բուդաշկո կոչուածը հեռանայ։
Դուրս եկայ պաշտօնեայի սենեակից, դրան մօտ կանգնած էր Բուդաշկոն....
- Անդրէ, հօրեղբայրս՝ Ցովակիմ Բուդաղեանը Փարիզում ինչի՞ց մեռաւ, - հարցրեց։
- Քո դարդից մեռաւ, թշուառական, - ասացի՝ դէպի դուռը քայլելով։
- Հապա Չամոյեանն ասում է, որ սիֆիլիս ունէր...
- Սիֆիլիսը քո ուղեղն է, անպէ՛տք, քո վարմունքից խենթացաւ խեղճ մարդը, - ասացի եւ աստիճաններից արագ իջայ, հեռացայ։
Շաբաթ օրը կէսօրին, որ ներկայացայ կոմիսարիատ, պաշտօնեային ասացի. «ուզում եմ մնալ Հայաստանում, ինչ պիտի անեմ»։
Մի թերթ թուղթ տուեց՝ «Հարեւան սենեակում դիմում գրէք, բերէք ինձ», - ասաց։
Անցայ հարեւան սենեակը, ուր ոչ ոք չկար. դիմումս դեռ չէի ստորագրել, երբ զինուորական հագուստով մի չեկիստ ներս մտաւ թէ՝ «Ձեր անցագրի մէջ ինչ որ անկանոնութիւն կայ, եկէ՛ք»։ Ես ճանաչեցի նրան, Հին Ջուղայից Թաւրիզ գաղթածներից էր՝ Միշա Աղամալով անունով։ «Ինչ որ է, եկէք ինձ հետ», - ասաց։
Ես դիմումը չստորագրած, դրի գրպանս եւ հետեւեցի իրեն։
Իջանք ներքեւ, մի կառք էր սպասում, բարձրացանք կառք. «Քշի՛ր Գէպէու», - ասաց չեկիստը. կառապանը տատանուեց. «Դէ Չեկա պիտի ասեմ, որ հասկանա՞ս», - ասաց չեկիստը։ Կառապանը խուճապահար քշեց։
- Ես քեզ ճանաչում եմ Թաւրիզից. Դուք նախագահում էիք դաշնակների շրջանային ժողովին։ Ես ապրում էի դաշնակների կենտկոմի քարտուղար Միքայէլ Ստեփանեանենց բակում. նրա արձանագրութիւները կարդացել եմ, երբ տանը չէր լինում։ Մենք լսել ենք, որ դուք Մոսկուա էք եղել...
- Ես էլ ճանաչում եմ ձեր քրոջը. գռուզ, սեւ մազերով օրիորդ էր, Սրբազան Մելիք - Թանգեանի մեծադիր նկարն էր գծել, - ասացի ես։
Չեկիստը այլեւս չխօսեց, որովհետեւ Մելիք - Թանգեանի անունը խիստ վտանգաւոր էր. Գեղամ Շմաւոնեանն էլ, որ բոլշեւիկ էր, բանտարկուել էր, որովհետեւ Թաւրիզում ուսուցիչ եղած ժամանակ եղել էր Մելիք - Թանգեանի մօտ։
(1922 թուին Սովետները պահանջել էին, որ Ատրպատականի հայոց թեմակալ Առաջնորդ Ներսէս Մելիք - Թանգեանը վերադառնայ էջմիածին. Թաւրիզի հայ համայնքը ցոյց էր կազմակերպել, դերակատարները Թառլան բաջին եւ Ձաբէլ բաջիներն էին, որ գոռում էին՝ «Մենք չենք թողնի, որ մեր սրբազանը գնայ, մենք սրբազանին ենք ուզում իբրեւ Առաջնորդ»։ Եւ սրբազանը չգնաց։ Սովետները նրան «օրէնքից դուրս» համարեցին...)։
Երեւանի Չեկայի նոր շէնքի վերի մի սենեակը գցեցին ինձ, որ դատարկ էր, աթոռ անգամ չկար։ Երկու ժամից աւելի այնտեղ ոտքի վրայ մնացի։
Ինձ իջեցրին ներքեւի յարկի փոքրիկ սենեակը, սեղանի ետեւ նստած էր մի չեկիստ, մէկ ուրիշը սկսեց ինձ խուզարկել մանրակրկիտ կերպով, երբ ձեռքը դիպաւ տափատիս ներսը գտնուող գուլպայի ռետինի կոշտ կապին, կասկածեց, «Ինչ է, կարծում էք ռո՞ւմբ կարող է լինել», ասացի ես, եւ հայեացքս հանդիպեց սեղանի ետեւ նստած չեկիստին, սա ինձ աչքով հասկացրեց, որ նման բաներ չասեմ...
1928 թուի Ցուլիս 14-ն էր, որ բանտարկուեցի. այդ երեկոյեան (Շաբաթ օր) էր, որ պիտի Բաբգէնի հետ հանդիպում ունենայի... «Ուրբաթը Շաբաթից շուտ եկաւ», ինչպէս ժողովրդական դարձուածքն է ասում...
Երեւանի Չեկայի հին բանտը մի խեղճուկ շէնք էր, մի քանի գետնայարկ մառաններից բաղկացած, իսկ նրանց վերեւ՝ հինգ կամերաներ (խուց), աղիւսաշէն, մի փոքրիկ բակ, չոր ու ցամաք, բակի մի անկիւնում խոհանոցը, սրա կողքին՝ պէտքարանը հողէ պատերով, կեղտոտ, ոտք դնելու տեղ չկար... Բակի պատի մօտ լուացարանն էր, մի թաս եւ ջրի աման։
Ինձ տարան բակի մուտքի մօտ մի խուց, ուր լոյս չէր թափանցում. մի փայտէ թախտ միայն կար։ Մրջիւններ կային կամերայում։
Պառկեցի չոր թախտի վրայ։ Մէջ ընդ մէջ չեկիստները դուռը բաց էին անում, ինձ դիտում եւ առանց խօսելու մեկնում էին։ Գիշերն այդպէս մնացի։
Առաւօտեան, երբ կլիւչնիկը (բանտի բանալին ունեցող հերթապահը) ինձ դուրս բերեց լուացուելու, արեւի լոյսը որ տեսայ, կարծես աչքերիս դանակ զարկեցին... Խաւարից յանկարծ լոյսն էի տեսել. դրանից յետոյ ինձ դուրս բերելիս՝ աչքերս ձեռքով ծածկում էի, ապա զգուշութեամբ բացում, որ ցաւ չունենամ առաջին օրուայ պէս։
Երկրորդ օրը ինձ փոխադրեցին շէնքի գետնայարկը, քարանձաւի նման, այդտեղ մի փոքր երկաթաճաղ բարձր պատուհան կար, որից լոյս էր թափանցում կամերաս։
Չորրորդ օրը ինձ դրին շէնքի Ա. յարկի ձախակողմի խուցը, որ աւելի լոյս ունէր։
Մայրս անկողին եւ ուտելիք ուղարկեց. բայց ես սաստիկ լոյծ էի ստացել, այն ժամանակները Եւրոպայից Արեւելք եկողները այդ հիւանդութիւնն էին ստանում, սնունդի տարբերութեան պատճառով. Եւրոպայում գործ էին ածում բուսական իւղ, իսկ արեւելքում՝ արդար իւղ, բնական [կենդանական]: Ոչինչ չէի ուտում, արիւնահոսութիւն ունէի, այսպէս անցաւ վեց օր, լոյծը դադարեց։
Օրը մէկ անգամ դուրս էին բերում բակը, զբօսնելու... տեղ էլ չկար զբօսնելու, բակը շատ փոքր էր։ Այդ զբօսանքի ժամանակ հարեւան կամերաների բանտարկեալները դրան ճեղքից դիտում էին, թէ ո՞վ է նոր բանտարկեալը։
Խուցիս թախտի ճեղքերում հարիւրաւոր մլուկներ կային, որ ինձ տանջում էին գիշեր ու ցերեկ։ Երբ տաք ջուր էին տալիս թէյի համար, ջուրը լեցնում էի թախտիս ճեղքերին մէջ, որ մլուկները ոչնչանան, բայց այդ էլ չէր օգնում...
Ճաշը մի անգոյն ապուր էր, մսի փոխարէն՝ ոսկոր եւ ջիղեր. յետոյ իմացայ, որ բանտի խոհարարը եղած քիչ միսը ինքն է ուտում, ոսկորներն ու ջիղերը տալիս է բանտարկեալներին։
Մայրիկիս թոյլ էին տուել, որ շաբաթը երկու անգամ ուտելիք ուղարկի ինձ...
Ինձ փոխադրեցին մի այլ կամերայ, որի պատուհանը նայում էր բակին, եւ քովի կամերաների բանտարկեալներին, երբ պտոյտի էին հանում, տեսնում էի, թէ ովքեր են։ Այդ օրերին էր, որ տեսայ Արտաշէս Միրզոյեանին, ինքն էլ արդէն ինձ տեսել էր պտոյտի տարուելիս. իր կամերայի պատուհանն էլ նայում էր դէպի բակը, ծայրի կամերայումն էր։
Ինձ փոխադրեցին մի այլ կամերայ, որի պատուհանը նայում էր բակին, եւ քովի կամերաների բանտարկեալներին. երբ պտոյտի էին հանում, տեսնում էի, թէ ովքեր են։ Այդ օրերին էր, որ տեսայ Արտաշէս Միրզոյեանին, ինքն էլ արդէն ինձ տեսել էր պտոյտի տարուելիս. իր կամերայի պատուհանն էլ նայում էր դէպի բակը. ծայրի կամերայումն էր։
Արտաշէս Միրզոյեանը (Տարօնից) Թաւրիզ էր եկել Հայաստանի Հանրապետութեան տարագիրների հետ. մօտ էր Հայկ Ասատրեանին, ուստի մտերմացել էինք. Արտաշէսը ինքնաշխատութեամբ զարգացում էր ձեռք բերել եւ իսկական ժողովրդական գործիչ էր, լաւ դաշնակցական, մաքուր եւ լաւ հայ։ 1923-ին կուսակցութիւնը նրան Թաւրիզից ուղարկել էր Խորհրդային Հայաստան, կազմակերպութեան գործերով, յետոյ բանտարկուել էր։ Ծանր թոքախտ ունէր...
Պատուհանիս առջեւից անցնելիս, մի թղթի գնդիկ նետեց ներս. բաց արի, գրել էր. «Սիրելիս, ես պէտքարանի հողէ պատին մէջ նամակ կը դնեմ, դու էլ նոյնն արա»։ Այնուհետեւ սկսուեց մեր նամակագրութիւնը։ Գրում էի նրա հարցերին պատասխանելով, արտասահմանի կեանքի մասին. իմ մասին ոչինչ չէի գրում։
Ունէինք երկու կլիւչնիկ. մէկը՝ Ցակոբ անունով, գռեհիկ, տգէտ. միւսը՝ Արամ անունով, համակրելի դէմքով եւ լաւ վերաբերմունքով. երեւում էր, որ համակրում էր ինձ, ես էլ շատ քաղաքավար էի իր հանդէպ։
Մի օր, երբ դուրս էին բերել ինձ բակը, զբօսնելու, պէտքարանից դուրս եկայ թէ չէ՝ երկու ռուս պահակներ ինձ կանգնեցրին, կանչեցին Արամին թէ՝ խուզարկիր սրան... Արամն սկսեց խուզարկել, գրպաններս, անդրավարտիքիս գրպանները եւ երբ պիտի հասնէր ոտքերիս եւ կօշիկներիս, ասացի. «Դէ, Արամ, ամէն տեղս նայեցիր, հերի՛ք է»...
Արամը կօշիկներս չխուզարկեց, զինուորներին ասաց, որ ոչինչ չկայ... ինձ թողեցին, հասայ կամերաս թէ չէ, նամակս հանեցի ոտքիս գուլպայի արանքից եւ թաքցրի պատի աղիւսէ վառարանի ճեղքի մէջ։ Ազատ շունչ քաշեցի, Արամն ինձ փրկեց* (Երբ երկու տարի յետոյ Պարսկաստան աքսորուեցի, Եգիպտոսի մեր օրգան «Ցուսաբեր»ում նկարագրեցի 1931 թուին, Երեւանի Չեկայի բանտը՝ «Երկաթէ կրունկների տակ» վերնագրով թերթօնում։ Ստորագրել էի՝ Ա. Ամուրեան. (Ա.Ա.)։
֍
Իմ կամերաս բերին հազիւ քսան տարեկան մի երիտասարդ թուրք հովիւ, մի «զըռ չոբան», ինչպէս ասում են։ Իրենց գիւղում մարդ էր սպանել, մահուան մղձաւանջ էր ապրում, գիշերները, երբեմն, վեր էր ցատկում անկողնում, զառանցում։ Ոջլոտ էր, երբ ոչխարի մորթուց փափախը մէկ ձեռքով զարկում էր միւսին, ոջիլները ցրւում էր յատակին...
Յետոյ իմ կամերաս բերին մի ուրիշ թուրք եւ երկու բոլշեւիկ հայեր, որոնք երեւում էր, չեկիստ էին։ Տարեցի անունն Աբրահամ էր, միւսը աւելի երիտասարդ, Ներսէս անունով, սուր ու կարճ մօրուքով, մազերը յետ սանտրած, նման էր Տրոցկիին, Աբրահամն էր ասում։ Ներսէսի ինքնասիրութիւնը շոյւում էր. այն օրերին դեռեւս Տրոցկին կողմնակիցներ ունէր, որոնց մասին՝ յետոյ։
Ներսէսը վրդովուած էր, որ իրեն բանտարկել են, ասում էր, թէ լիազօրութիւն էր ունեցել Թիֆլիս֊ Լենինական երկաթուղու վրայ՝ մինչեւ իսկ գնացքը կանգնեցնելու, եւ ահա իրեն բանտարկել էին, չէր ասում թէ ի՜նչ պատճառով։ Պարծենում էր, թէ կանանց մէջ ինչ յաջողութիւններ է ունեցել...
Նոր բանտարկեալ թուրքը հգդիրից սովետական հողն անցնելիս՝ ձերբակալուել էր. այդ օրերին արդէն սկսուել էր Արարատի քրդական ապստամբութիւնը, թուրքն ասաց.
«Դէդըլար քի դաշնակ գեալըփ Աղրի դաղա»... (Ասացին, որ դաշնակ է եկել Արարատի վրայ)։ Այս լուրը ինձ ներքուստ ոգեւորեց։ Հ. Յ .Դ. 10-րդ Ընդհանուր ժողովը 1925-ին, երբ քրդական ապստամբութեան հարցը դրուեց Արարատի վրայ, որոշեց՝ «օժանդակել Արարատի ապստամբութեան...»։ Այդպէս էլ վարուել էր Բիւրօն. հրահանգել էր ուղարկել ընկեր Արտաշէս Մելքոնեանին, մի կարճ միջոցով էլ՝ Վահան Գալստեանին (Սեւ Վահան)։ Թիւրքիան մեծ ծախսերի էր ենթարկուել եւ զոհեր էր տալիս, չէր կարողանում ապստամբութիւնը զսպել* (Արարատի քրդական ապստամբութեան վախճանին մասին կը գրեմ յետոյ, տեղին։ Վերջ գտան 1930 թուին. Ա. Ա.)։ Աբրահամը ինչ որ բան էր խօսում Ներսէսի հետ, յետոյ դարձաւ՝ «ես դաշնակների մերը...»։ Ես չլսելու դրի, սակայն մտածեցի, որ նման բաներ դեռ շատ պիտի լսէի այդ թշուառականներից։
Բանտի ընդգետնեայ կամերաները լեցուեցին երիտասարդ տրոցկիականներով, աղմուկ, աղաղակ, նշանախօսքեր, յետոյ էլ՝ «հնտերնացիոնալ» իրենց հիմնը։ Այն տպաւորութիւնն էր թողնում կարծես մահմեդականների «Շախսէ-Վախսէի» ցոյցերն էին։
Իմ կամերայից բոլոր բանտարկեալներին տարան, բերին մի երիտասարդ տրոցկիստի, որի դէմքը բուլ՛դոք շան նման էր, քիթը՝ կարճ, շրթունքները՝ ցցուած, ձայնը՝ խզուած։ ճիչերով միանում էր միւսներին եւ գոռում էր, «Ինչո՛ւ էք ինձ դրել հակայեղափոխական դաշնակի հետ...», հետը բնաւ չխօսեցի. եկան դրան էլ տարան, բերին մէկ ուրիշին, որ կոչւում էր Աչոյեան, ծնունդով վանեցի։ Սա էլ սոցիալ-դեմոկրատ Դաւիթ Անանունի համակիրներից էր. իրեն մասին Ձինովեւը ասել էր. «Հայաստանում աչոյեանականութիւն գոյութիւն ունի...»։ Եւ սա իր ինքնասիրութիւնը շոյել էր։ Դաւիթ Անանունը աշխատութիւն ունէր՝ «Ռուսահայոց հասարակական զարգացումը», որ լուրջ աշխատութիւն է. իր մի քանի համակիրների հետ աքսորուել էր Սիբիր, այնտեղ էլ մեռաւ...
Երբ տրոցկիստներին դուրս էին բերում բակը պտոյտի, երկու ծանօթ դէմքեր նկատեցի. մէկը բանաստեղծ Գառնիկ Քեալաշեանի միջնեկ եղբայրն էր՝ Նիկոլ Քեալաշեան, որին ճանաչում էի Վաղարշապատից. միւսը՝ Սասուն անունով երիտասարդը, որ եղել էր Քէոփրի Քէոյում, իբրեւ կամաւոր. նամակատար էր, մի ձի էին տուել իրեն, կապ էր պահում Քէոփրի Քէոյի մեր շտաբի եւ Եաշան գիւղի հետ։
Ո՛չ նրանք ծանօթութիւն տուին ինձ, ո՛չ ես՝ նրանց. մանաւանդ նրանց համար շատ վտանգաւոր կը լինէր ինձ հետ ծանօթ լինելը։ Չէ՞ որ դաշնակ էի։ Մի անգամ Արտաշէս Միրզոյեանը բակի պտոյտից վերադառնալիս, երբ անցնում էր տրոցկիականների կամերաների առջեւով. խզուած ձայնով ասում էր՝ «մկրտուեցէ՜ք, մկրտուեցէ՜ք...» դաշնակցական բանտարկեալի այս խօսքերը լսեցին ԵԼ լռեցին. իսկապէս պիտի մկրտուէին. որովհետեւ դեռեւս Փանջունիներ էին, շատ բան ունէին սովորելու։
10-րդ Ընդհանուր ժողովի վերջին նիստերին (Փարիզում) մի հեռագիր ստացուեց Ռումանիայի մեր ընկերներից, որ մի ուսանող Խորհրդային Միութիւնից սահմանն անցել է եւ ուզում է գալ Ընդհանուր ժողովին։ Իրենց հեռագրուեց, որ արդէն ուշ է« ժողովը փակւում է։
Մի օր տնից գնում էի համալսարան, երբ փողոցում ինձ կանգնեցրեց հազիւ միջակ հասակով, սեւ ու խոշոր աչքերով, գլուխը համարեա՛ ճաղատ մէկը.
- Դուք Անդրէն էք, չէ՛, - հարցրեց։
- Այո՛, բայց դո՛ւք ո՛վ էք, չեմ ճանաչում, - ասացի։
- Ես այն ուսանողն եմ, Բուդաշկո * (* սա կրճատ անունն էր Յարութիւն Բուդաղեան կոչուածին), որ Սովետ երկրից փախայ Ռումանիա. պիտի գայի Ընդհանուր ժողովին, բայց ուշացել էի, յետոյ անցայ Փարիզ, ծանօթացայ ժողովի արձանագրութիւններին, որի մէջ դուք եւս գրութիւններ ունէիք։ Ընկեր Ռուբէնը մի գրութիւն է տուել ինձ, որ հանդիպիմ Պրագայում գտնուող ռուս սոցիալ-յեղափոխականների վարչութեան, նրանք ինձ իրենց գաղտնի գծով ուղարկեն Սովետ Միութիւն։ Ընկեր Ռուբէնն ասաց, որ ձեզ հանդիպեմ, դուք ինձ տանէք սոցիալ յեղափոխականների կենտրոնը։
- Վաղը, այս ժամին, սպասիր ինձ հէնց այստեղ, կ՛երթանք սոց.֊յեղափոխականների կենտրոնը, քեզ կը ներկայացնեմ, մինչ այդ որեւէ կերպ հանդիպում չպիտի ունենաս մեր ուսանողների հետ, որովհետեւ գաղտնի առաքելութիւն ունես, չպիտի դրսեւորուես, - ասացի ես եւ բաժանուեցինք։
Յաջորդ օրը հանդիպեցինք, նրան տարայ սոց. յեղափոխականների կենտրոնը, ներկայացրեց ընկեր Ռուբէնի նամակը. հաւանութիւն տուին եւ յանձնարարեցին երկու օր յետոյ գալ, որ իրեն ճանապարհեն։
Յաջորդ օրը, երբ «Ուսանողական տուն» մտայ, Հայաստանից տարագիր ուսանողները թէ՝ «Անդրէ, Բուդաշկոն է եկել երկրից, հանդիպեցինք իրեն...»։ Ես ներքուստ կատաղեցի, ապա ասացի. «Ես Բուդաշկո անունով մէկին չեմ ճանաչում» եւ իսկոյն հեռացայ։
Երեկոյեան շրջում էի «Ուսանողական Տան» շուրջը, որ հանդիպեմ Բուդաշկո կոչուածին, եւ հանդիպեցի։
- Արի գնանք, քեզ հետ գործ ունեմ, - ասացի։
Մտայ մի գարեջրատուն, նստեցի պատի մօտ, մի սեղանի ետեւ, Բուդաշկոն՝ իմ դիմացը, սկսեցի յանդիմանել.
- Դու ի՛նչ տեսակի գաղտնի գործիչ ես. ես քեզ չէի՞ ասել, որ ոչ ոքի չհանդիպես. հիմաւ քեզ դրսեւորել ես եւ գաղտնի գործն էլ վտանգել. ցաւում եմ, որ քեզ ներկայացրի սոց.֊յեղ.֊ի կենտրոնին... - ասացի խստութեամբ։
- Փողոցով անցնում էի, պատահմամբ տղաները հանդիպեցին, - սկսեց չքմեղանալ։
Այդ րոպէին մի ռուս մտաւորական, որ ձեռքին գարեջրի գաւաթ ունէր, հարբել եւ ճառ էր խօսում, օրօրաքայլ մօտեցաւ մեր սեղանին, նայեց Բուդաշկոյի դէմքին եւ ասաց.
- է՜խ դու, Կովկասցի, աչքերդ... կասկածելի են։
Ռուսի այս խօսքին վրայ իմ կասկածս աւելի խստացաւ Բուդաշկոյի նկատմամբ, ուստի ասացի.
- Ես այլեւս քեզ հետ գործ չունեմ, աչքիս չերեւաս, - եւ, վճարելով գարեջրի դրամը, արագ դուրս եկայ գարեջրատնից։
Մեր բնակարանում Գասպարին, որ մասնակցել էր Ընդհանուր ժողովին, պատմեցի բոլորը եւ աւելացրի, որ ես Գասպարին անգամ չէի ասել Բուդաշկոյի մասին, որովհետեւ ընկեր Ռուբէնը միայն ինձ էր մատնանշել, որ նրան ներկայացնէի սոց. - յեղափոխականներն։
- Լաւ ես արել, որ կապդ խզել ես դրա հետ։ Ո՛վ գիտէ, ի՛նչ տիպ է։
(Հետագայում նորից առիթ կ՛ունենամ Բուդաշկոյի մասին գրելու, իր տեղում)։ Ա. Ա.
֍
Իմ կամերաս բերին նախկին չեկիստ Միշա Սաֆրազբէկովին, Ձանգեզուրցի։ Եղել էր Հայաստանի Չեկայի յատուկ բաժանմունքի վարիչ, այժմ՝ բանտարկեալ։ Հէնց առաջին հերթին ասաց. «Ինչ որ իմանամ, պիտի յայտնեմ վերը...»։ Արդէն դա ամէն բոլշեւիկի «սրբազան պարտականութիւնն» էր...։
Հետագայում Միշան մի խօսակցութեան ժամանակ ասաց. «Լենինն ասել է՝ ով որ բոլշեւիկ է, նա չեկիստ է. ով չեկիստ չէ, նա բոլշեւիկ չէ»։ Մարգը հասկացնում էր, որ թէեւ ինքը բանտարկեալ է, բայց լրտես է, քանի որ բոլշեւիկ է։
Ես զուսպ էի իմ արտայայտութիւններիս մէջ եւ ցոյց էի տալիս, որ քաղաքականութիւնից շատ բան չէի հասկանում։
Միշան, դէմքը ծաղկահար, ճաղատ գլխով, բայց նենգ նկարագրով մէկն էր։ Ամէն օր «Սովետական Հայաստան» օրաթերթն էր ստանում, ես էլ կարգում էի։
Երբեմն Միշան շատ յուզւում ու ջղայնանում էր իր վրայ եղած մեղադրանքի առթիւ եւ հայհոյում էր Մուղդուսիին, Չեկայի նախագահ Մելիք Օսիպովի օգնականին։
֍
Միշայի համար կինը ընթերցանութեան գրքեր էր բերում, եւ ահա մի օր բերել էր թիւրք ջարդարար իթթիհատական Ջեմալ փաշայի ռուսերէնի թարգմանուած յուշերը։
Ջեմալ փաշան 1923 թուին տերրորի էր ենթարկուած Թիֆլիսում, Հ. Ց.Դ. Վրաստանի Կենտրոնական կոմիտէի կողմից կազմակերպուած, ճիշդ Չեկայի փողոցում։ Չեկան բանտարկել էր մօտ վեց հարիւր դաշնակցականների եւ համակիրների, բայց չէր կարողացել տերրորիստներին ճշդորոշել։
Բանտարկուել էին դաշնակցական ղեկավարներ՝ Կորիւն Ղազազեան, Բագրատ Թոփչեան, Մինաս Մակարեան, յետոյ նաեւ՝ Տիգրան Աւետիսեան։ Սա սկզբում թաքնուել էր։ Զգալով, որ մեր ընկերներին Չեկան կարող է գնդակահարել, Տիգրանը Դիլիջանի շրջանից Թիֆլիս էր կանչել մօտ քսանհինգ ընկերների, ապա Չեկային սպառնալիք էր ուղարկել, որ եթէ ոեւէ դաշնակցական գնդակահարուի, Չեկան օդը պիտի հանեն... Չեկիստները կատաղել էին, բայց տեղեակ լինելով Դաշնակցութեան տերրորի ուժէն՝ բանտ եւ աքսոր էին որոշել (արդէն նախորդ էջերում գրեցի, որ Մոսկուայում ընկեր Բագրատ Թոփչեանի հետ Ջեմալի մասին խօսք ունեցայ)։
Երբ Միշայի մօտ տեսայ Ջեմալի յուշերը (3-400 էջանոց մի գիրք), թէեւ հետաքրքրութիւնս շատ շարժուեց, բայց անտարբեր ձեւացայ։ Միշան կարդում էր եւ բացագանչութիւններ անում։ Ես լուռ ու անտարբեր էի։ Երեք-չորս օր այսպէս անցաւ, վերջը Միշան ինձ ասաց՝ «Դու պիտի կարդաս այս գիրքը». ի՛նչ գիրք, հարցրի. «Ջեմալ փաշայի յուշերը», ասաց։ հ՛նչ հետաքրքիր է մի փաշայի յուշեր կարդալը, ասացի եւ փաշայ բառը շեշտելով։ «Կարդաք կը տեսնես, որ հետաքրքիր է», ասաց նա գիրքը ձեռքս տալով։
Սովետներն էին թարգմանել Ջեմալի յուշերը, ջարդարարի յիշատակը յաւերժացնելու համար, էնվերի, Թալէաթի արիւնկզակ ընկերոջ, որոնք մէկ եւ կէս միլիոն անմեղ հայեր ջարդեցին։
Ջեմալի յուշերի պարագան իմ մէջ կասկած առաջացրեց, որ Չեկան ուզում է իմ անունը կապել տերրորի հետ։ Հետագայ հարցաքննութիւնների ընթացքում տեսայ, որ յատկապէս ծանրանում էր քննիչը իմ 1922-1923 թուերին որտեղ լինելուս վրայ...
Ուրեմն կասկածում էին, որ իբր թէ ես մէկ 1922-23-ին Բաթումի վրայից անցել եմ Թիֆլիս, Ջեմալի տերրորի հրահանգը տուել, այժմ էլ եկել եմ Մոսկուայի վրայով, թերեւս մի այլ տերրորի հրահանգով...
Կարդացի յուշերը ներքին մեծ հետաքրքրութեամբ։ Ջեմալ փաշան անընդհատ աշխատել էր ապացուցել, որ օսմանեան կառավարութիւնը լաւ է վարուել հայերի հետ, նոյն իսկ 1861 թուին Սահմանադրութիւն է տուել, որ ոչ մի այլ պետութիւն չի տուել իր ազգային փոքրամասնութեան...
Երբ գիրքը վերջացրի, Միշան հարցրեց. «Հը՛, հետաքրքիր չէ՞ր». է՛լ չհամբերեցի, ասելով՝ «Այնքան հետաքրքիր է, որ նմանները մէկ ու կէս միլիոն հայ ջարդելուց յետոյ դեռ գրում են, որ հայերի հետ լաւ են վարուել»...։ Եւ, ի մեծ զարմանս իմ, Միշան սկսեց պատմել Անդրանիկի մասին, որ երբ Ձանգեզուր է անցել, գրաւել է Մանքիզը, որ թուրքերի ամենամեծ ամրութիւնն էր եւ ոչ ոք չէր կարողացել գրաւել մինչ այդ։
Միշայի կինը բերեց նաեւ Ֆրիդրիխ էնգելսի մի աշխատութիւնը։ Միշան կարդում էր, բացագանչութիւներ անում հիացական, ապա դարձաւ ինձ, հարցրեց.
- Կարո՛ղ ես ասել, թէ ինչով է զբաղւում գիտութիւնը։
- Գիտութիւնը չի զբաղւում սկիզբով եւ վախճանով, այլ նրանով՝ ինչ որ կայ, - ասացի ես։
- Ինչո՛ւ, - հարցրեց Միշան։
- Որպէսզի չընկնի մետաֆիզիկայի գիրկը, - ասացի։
- Վա՜, էդ նոյն բանը էնգելսն է գրել այստեղ, տե՛ս։ Դու ո՛րտեղից գիտես, - ասաց նա ապշած։
Այս հարց ու պատասխանից յետոյ Միշան սկսեց ինձ հետ յարգանքով վարուել։
֍
Ուսանողական տարիների հին բաճկոնս էի հագել. Միշան բռնեց օձիքի մասը, թէ՝ «էս կտորը եւրոպական է» եւ օձիքս դարձրեց ու ապշած մնաց... Օձիքիս ներսի մասում ասեղով մի փոքրիկ եռագոյն էր փակցուած, որ իրերս հանելիս չէի նկատել եւ մնացել էր... «էս ի՛նչ է, տօ՛», բացագանչեց նա։ Ես ինձ չկորցրի. «հանդէսների ժամանակ նման զարդանշաններ են փակցնում մարդկանց կրծքին, դրանից է»... ասացի. այդ րոպէին կլիւչնիկ Արամը մեր կամերայի դռանն էր կանգնած. Միշան դարձաւ նրան թէ՝ «Արամ, գնա՛ մի խէլի պատմիր». չգիտեմ, Արամը տեսաւ դրօշիկը կրծքիս թէ չէ, գնաց։
Երբ Միշային կանչեցին իր կնոջ հետ տեսակցութեան եւ մինակ մնացի, մի փողկապ ունէի, որի վրայ գունաւոր շերտեր կային, դրա մի ծայրից մի կտոր կտրեցի դրի գրպանս, որ եթէ հարցնէին, պիտի ասէի, որ սա է տեսել։ հսկ դրօշիկը ձեռքս չգնաց, որ ոչնչացնէի, այլ դրի պատի քայքայուած աղիւսէ վառարանի (կամինա) ճեղքում այնպէս, որ եթէ խուզարկէին էլ՝ չնկատէին։
Ի մեծ զարմանս իմ, այս մասին Չեկայի քննիչը ոչ մի բան չասաց. Միշան եւ Արամը չէի՞ն տեղեկացրել, թէ՞ Չեկան փափկանկատ եղաւ, որովհետեւ դրօշիկը իր ձեռքը չէր հասել։ Մինչեւ այժմ ինձ համար հանելուկ է մնացել։
֍
Միշան սկսել էր հանրահաշուական խնդիրներ լուծելով զբաղուել, զգացի, որ շատ վտանգաւոր բան էր. իր պնդումներին, որ ես էլ զբաղուեմ, կտրականապէս խուսափեցի, պատճառաբանելով, որ հանրահաշուից գլուխ չունեմ։
Վտանգը հետեւալումն էր. հանրահաշուական տառերը, թուերն ու նշանները նման են շիֆրերի (գաղտնագիր, կօդ). ամենահասարակ ֆօրմուլան (տարազ) անգամ կարող էր մեղադրական դառնալ, որ իբր թէ շիֆրով նամակներ եմ գրել։ Հետագայում էլ, Թիֆլիսի Մետեխի բերդում եւ Եարոսլավլի մեկուսարանում լրտեսները փորձեցին ինձ բաներ գրել, ես խուսափեցի. մանաւանդ որ շիֆրեր էի յանձնել մեր ընկերներին, Մոսկուայում (այս մասին գրել եմ նախորդ էջերում)։
Միշայի այս փորձը եւս չյաջողուեց։ Ես խիստ զուսպ էի, բառերս էլ կշռում էի, յետոյ խօսում։
֍
«Սովետական Հայաստան» օրաթերթը, որ Միշան ստանում էր, ես էլ կարդում էի։ Թերթում հանդիպում էի անունների, որոնք ինձ ծանօթ էին. հայագէտ Մանուկ Աբեղեան, իմ նախկին ուսուցիչս, Երեւանի համալսարանի դասախօս։ Հրաչեայ Աճառեան - հայագէտ-լեզուաբան՝ դասախօս։ Գրիգոր Ղափանցեան՝ հայագէտ-լեզուաբան, Աշոտ Յովհաննէսեան՝ Հայաստանի կոմունիստ կուսակցութեան քարտուղար0 (պատմաբան). Պօղոս Մակինցեան՝ կոմունիստ գործիչ, որ մեծ մասամբ Թիֆլիս եւ Մոսկուա էր լինում։ Նախկին ճեմարանական Մուշեղ Սանթրոսեան՝ մանկավարժ-հոգեբան։ Նախկին դասընկերս՝ Նահապետ Կիւրղինեան՝ քաղաքական բիւրոյի անդամ։ Հայկազ Ղազարեան՝ նախկին ճեմարանական, կոմունիստ գործիչ։ Նշան Մակունց՝ նախկին ճեմարանական, կոմունիստ գործիչ։
Այս անձերի նկատմամբ գիտեմ հետեւեալը. Մանուկ Աբեղեանին Աշոտ Յովհաննիսեանը պարտադրել էր (բանտի եւ աքսորի սպառնալիքով) կազմել հայերէնի նոր ուղղագրութիւնը։ Հրաչեայ Աճառեանից պահանջել էին դիալեկտիկա մտցնել լեզուաբանութեան մէջ. դեռ Փարիզ էի, երբ «Սովետական Հայաստան» օրաթերթում տեսայ Աճառեանի ծաղրանկարը, որի տակ գրուած էին իր խօսքերը՝ «քո դիալեկտիկադ ուր ուզում ես մտցրու, իմ լեզուաբանութեանս մէջ մի՛ մտցրու...»։ Եւ իրեն բանտարկել էին։ Գրիգոր Ղափանցեանն էլ կոմունիստ չէր եւ նեղել էին իրեն։ Աշոտ Յովհաննիսեանին ստալինեան մաքրագործումների ժամանակ քշել էին Սիբիր (լաւ էր պրծել... միւս իր ընկերներին գնդակահարել էին), Ստալինից յետոյ միայն եկաւ Հայաստան։
Պօղոս Մակինցեանին մի առաքելութեամբ ուղարկել էին Պոլիս, յետոյ յետ կանչել՝ գնդակահարել։
Մուշեղ Սանթրոսեանը միշտ մնացել էր դասախօս։
Նահապետ Կիւրղինեանի գլուխը կերան ստալինեան մաքրագործութիւնների ժամանակ։ Հայկազ Ղազարեանին եւ Նշան Մակունցին՝ նոյնպէս։
֍
Միշայի ինքնասիրութիւնը շոյւում էր, երբ ասում էի՝ «դու փորձառու չեկիստ ես երեւում...»։ Սկսում էր պատմել Չեկայի մեթոդների մասին։ «Մենք ճափոնական մեթոդներից բաներ ենք սովորել. օրինակ՝ «ջուջուբան» եւ բացատրում էր. «ճափոնացիների լրտեսական կազմակերպութիւնը կոչւում է «Վիշապ». երբ մէկը դրսից գնում է ճափոն, լրտեսը նրան հետեւում է ամէն քայլափոխի, մինչեւ իսկ՝ մինչեւ պէտքարան. վերջը այցելուն նեղուելով՝ հեռանում է երկրից։ Մեր Չեկան յատուկ դպրոցներ ունի չեկիստներ պատրաստելու. ես այդ դպրոցաւարտներից եմ», - ասում էր Միշան։
Մի անգամ Պերեդերէեւ անունով մի չեկիստ եկաւ Միշայի մօտ. խօսեցին իր մեղադրանքի մասին. «Մուղդուսի կոչուածը որոշել է ինձ խորտակել», - ասաց Միշան։ Խօսում էին ռուսերէն։ Մեկնելիս, Պերեդերէեւը Միշային խոստացաւ հնարաւորը անել. ապա ինձ վրայ շիլ հայեացք նետեց ու գնաց։ Հայ էր՝ ռուսախօս։
Մի անգամ խօսք եղաւ նորից Թիւրքիայի մասին. ասացի «Կարսն ու Արտահանը հայկական են, բայց յանձնուել են Թիւրքիային»։ Միշան պատասխանեց. «Հիմա դրանց ժամանակը չէ, երբ ժամանակը գայ՝ յետ կը վերցուեն. պիտի համբերել...»։
֍
Մայրիկս շաբաթը երկու անգամ ուտելիք էր ուղարկում ինձ. ստանձնման գրասենեակում չեկիստը քննում էր ուտելիքը. եթէ գաթաներ կային, առջեւս փշրում էր, տեսնելու համար, թէ մէջը որեւէ բան չէ՞ դրուած. ես ստանում էի գաթայի փշրանքները... գետնախնձորն անգամ կտրում էին. ահա թէ ինչ աստիճանի խիստ քննութիւն կար, բանտարկեալների վրայ էլ լրտես բանտարկեալներ կային դրուած։ Կասկածի մթնոլորտ էր, դժուար էր որոշելը, թէ ո՛րն է իսկական բանտարկեալ, ո՛րը՝ լրտես։
Ձերբակալութեանս առաջին օրը, երբ ինձ խուզարկեցին Չեկայի ներքեւի սենեակում, սեղանի ետեւ նստած չեկիստի կողքին մի այլ չեկիստ էր կանգնած. նստած չեկիստն սկսեց ինձ հարցաքննել, եւ հարցարանը լեցնել. անուն, ազգանուն, ծննդեան թիւ, ծննդավայր. պատասխանում էի. այդ րոպէին սեղանի մօտ կանգնած չեկիստը մէկ րոպէով մտաւ հարեւան սենեակը, քննիչ չեկիստն ինձ արագ հարցրեց.
«Անկուսակցական ես, չէ՞». ես զարմացայ։ Ասացի՝ «Դուք ասացիք...». գրեց անկուսակցական. այդ րոպէին միւս հարցերը քաղաքական բնոյթ չէին կրում, ասացի, որ տրանզիտ վիզայով եմ եկել Երեւան, թոյլատւութիւն եմ ստացել մէկ շաբաթ մնալու, ամէն օր ժամը 12-ին ներկայացել եմ ներքին գործոց կոմիսարիատ, վերջին անգամ, երբ ցանկութիւն եմ յայտնել ընդմիշտ մնալու, թուղթ է տուել պաշտօնեան, որ դիմում գրեմ. դիմումս դեռ չստորագրած՝ ձերբակալել են. այս ասելով՝ չստորագրած դիմումս տուի քննիչին։
Երկրորդ հարցաքննութիւնը ձեւական բնոյթ կրեց. բարձրացանք վերին յարկի մի գրասենեակ։ Չեկայի նախագահ Մելիք Օսիպովի օգնական Վարդանեանն էր այստեղ եւ մէկ այլ չեկիստ. գրասեղանի վրայ տեսայ իրարու վրայ դարսուած «Դրօշակ»ի թուեր։ Նրանց մէջ յօդուածներ ունէի «Անդրէ» ստորագրութեամբ։
Երբ Վարդանեանը դուրս պիտի գար սենեակից, չեկիստին ասաց. «Դրօշակ» տուէք իրեն, կարդայ»։ «Ես կարիք չունեմ, կարդալու հերթը ձերն է», - ասացի չեկիստին...
֍
1928 թուի Սեպտեմբեր 29-ի օրն էր. մի ռուս կարմիր բանակային ինձ տարաւ Չեկայի շէնքի երրորդ յարկի պատշգամբը, ասաց՝ մի րոպէ սպասիր, ինքը դուռը բաղխեց, յետ նայեցի՝ Մասիսը տեսայ իր ամբողջ պայծառութեան մէջ...
Ոգեղինացած Հայաստանն էր, հայութեան երազը, բանտի խաւարից յետոյ այդ զգլխիչ տեսարանին ի տես, ինձ թուաց, թէ Մասիս-Արարատը փոխադրուեց իմ մէջ. արտակարգ հոգեկան ոյժ զգացի. այդ պահուն ռուս զինուորը յետ դարձաւ թէ՝ «Նե՛րս անցիր»։
Ներս մտայ, թէ չէ, տեսայ քննիչի սեղանի դիմաց, թիկունքը դէպի դուռը, որտեղից ներս մտայ ես, նստած էր Բուդաշկո կոչուած պրովոկատորը, հագին a la Տոլստոյ մի բլուզ, խունացած կարմիր գոյնով... Կատաղութիւն եկաւ վրաս դրան տեսնելով։
Սենեակի պատուհանին յեցած, մէկ ոտքով նստած էր մի ռուս զինուորական, աջ ձեռքը ատրճանակի վրայ։
Քննիչը Լեւոն Մարգարեանն էր, նա որ ինձ ասել էր՝ «Անկուսակցական ես, չէ՛»։
- Նստիր դրա մօտ, - ասաց ինձ քննիչս։
- Ես դրա մօտ չեմ նստի, - ասացի վճռական։
- Դա բանտարկեալ է, նստիր դրա մօտ, - ասաց։
- Սո՛ւտ է, դա բանտարկեալ չէ, ես չեմ նստի այդպիսի մէկի մօտ, - ասացի։
Քննիչը վեր կացաւ, եկաւ նրա մօտի աթոռը վերցրեց, դրաւ սեղանի աջ անկիւնի մօտ. ես նստեցի այնտեղ։
Քննիչն սկսեց, Բուդաշկոյին ցոյց տալով՝
- Սա ասում է, որ քեզ հետ եղել է դաշնակների Փարիզի կոնֆերանսում...
- Սո՛ւտ է խօսում այս թշուառականը, ես սրա հետ ժողովում չեմ եղել, - ասացի, ու յարձակուեցի Բուդաշկոյի վրայ. - Այդ վայրկեանին ե՛ւ ռուս չեկիստը եւ քննիչս վազեցին դէպի ինձ. «Դո՛ւրս գնա, դո՛ւրս գնա» ասաց քննիչս Բուդաշկոյին, որը իսկոյն հեռացաւ։ Ապա դէպի ինձ դառնալով քննիչս բարկացած ասաց.
- հ՞նչ իրաւունք ունիս մի բանտարկեալի վրայ յարձակուելու...
- Դա բանտարկեալ չէ, դա խաբեբայ ստախօս է, ձեզ էլ, ամէնին էլ կը խաբի, - ասացի։ Քննիչը նստեց աթոռին թէ՝
- Ուրեմն չե՞ս մասնակցել դաշնակների կոնֆերանսին, չէ՛, - հարցրեց։
- Մասնակցել եմ, բայց այդ մասին ոչինչ չպիտի իմանաք, - ասացի։
Քննիչը թէ՝
- Անդրէ՜, Անդրէ՜... ուրեմն մասնակցել ես, - ասաց բացայայտ ափսոսանքով... (ուզում էր ինձ խնայել, սա երկրորդ անգամն էր)։
Գրեց արձանագրւթիւնը, ստորագրեցի։ Այս իմ յայտարարութեամբ գործս պիտի ծանրանար, սակայն ես էլ վստահ էի իմ վրայ եւ վճռական։
Իմ այն յայտարարութեանը Բուդաշկոյի մասին թէ՝ «Ձե՛զ էլ, ամէԳւին էլ կը խաբի» Չեկան շատ կասկածամիտ է, պիտի մտածէր, որ Բուդաշկոն իրենց ամէն բան չի ասել եւ պիտի նեղէին իրեն։
Ինձ վերադարձրին կամերաս։
Նոյն գիշեր ժամը 12-ից անց, ինձ նորից տարան քննութեան, եւ ի՜նչ, սեղանի վրայ դրուած տեսայ Սիմոն Վրացեանի «Հայաստանի Հանրապետութիւն» գիրքը։
Այս անգամ սեղանի ետեւ նստած էր Պետրոսեան անունով չեկիստը, կծու բնաւորութեամբ եւ արտայայտութիւններով, իսկ սեղանի մօտ՝ Պօղոսեան անունով չեկիստը։
- Դուք Վրացեանի հետ միասին էք գրել այս գիրքը, անունդ կայ, - ասաց Պետրոսեանը։
- Ես Վրացեանի հետ գիրք չեմ գրել, ես տպարանի աշխատաւոր-սրբագրիչ էի, միայն սրբագրել եմ, - ասացի։
- Ո՛չ, միասին էք գրել, - պնդեց Պետրոսեանը։
- Ես չէի կարող նման գիրք գրել, որովհետեւ այն թուականներին ես Հայաստանում չէի եղել, - պատասխանեցի։
- Մասնակցել դաշնակների կոնֆերանսին, գիրք գրել սովետների դէմ, գիտէ՞ք, որ մենք Սիբիր ունենք, - ասաց։
- Հաճո՛յք է ձեզ համար երիտասարդներ Սիբիր ուղարկելը, - ասացի խստօրէն։
- Քաղաքացի, ինչո՞ւ էք վիրաւորում մեր պետին, - ասաց Պօղոսեանը։
- Ես ձեր պետի սպառնալիքին միայն պատասխանեցի, - ասացի ես։
ժամը կէս գիշերից անց մէկի մօտ էր, որ ինձ վերադարձրին կամերաս։ Այդ օրը բացառիկ էր բանտարկութեանս ընթացքում։
Գիշերը երազիս տեսայ, որ ընկեր Ս. Վրացեանը կանգնել էր աստիճանների վերեւը. ես ներքեւից ասացի.
- Ընկե՛ր Վրացեան, գիրքդ ինչո՞ւ էիր ուղարկել։
«Պատասխան» չստացած՝ արթնացայ։ Նայեցի կամերայումս պառկած Միշային. արդեօք արթո՞ւն է, չլինի երազումս տուած հարցս բարձրաձայն եմ ասել, Միշան լսե՞լ է...
Յաջորդ օրը ուշադիր եղայ. տեսնեմ թէ Միշան հօ չի՞ լսել։ Համոզուեցի, որ բարձրաձայն չեմ ասել, Միշան ոչինչ չգիտէր։
֍
Յաջորդ օրը «Սովետական Հայաստան» թերթում կարդացի չեկիստ Շահազիզովի եւ Բուդաշկոյի մասին հետեւեալը –
«ՄՕՊՐ-ի (արտասահմանեան բանտարկուած բանւորներին օգնող կազմակերպութիւն) քառասուն հազար ռուբլին թղթախաղի մէջ տարուել են՝ չեկիստ Շահազիզով եւ Բուդաշկոն։ Շահազիզովը նամակ է թողել՝ «ինձ այլեւս չէք տեսնի» յայտարարութեամբ, Բուդաշկոն բանտարկուած է»։
Այս կարդալով՝ հաւատացի քննիչիս խօսքին, որ Բուդաշկոն բանտարկեալ է. միւս կողմից՝ այլեւս այդ հրէշը չէր կարող նոր մատնութիւններ անել, բանտարկեալ էր։
Մի օր, երբ Բուդաշկոն բակից վերադառնալով անցնում էր իմ կամերայիս պատուհանի առջեւից, թքեցի ասելով՝ «Թո՜ւ, պրովոկատո՛ր, հիմա պատիժդ պիտի կրեն...»։
Եւ իսկապէս, յետոյ նրան աքսորեցին Սիբիր եւ մինչեւ այսօր լուր չկայ իր մասին։
Նախախնամութիւնը կարգադրեց նրա գործը. եթէ ես չբանտարկուէի եւ նրա տերրորը գլուխ բերէի, թէ՛ ես, թէ՛ տերրորիստը, գուցէ եւ ուրիշ անմեղներ զոհ գնայինք։ Չարի վերջը չարով վերջացաւ։
֍
Բանտարկեալները պատը ծեծելով (շիֆր ունէին) իրար լուր էին տալիս։ Ես պառկում էի թախտիս վրայ եւ լսում հարուածները շիֆրի, որոնք լաւ լսւում էին պատից։ Լսեցի մի օր՝ «Թեմուր բէկին տարան այս գիշեր...»։ Թեմուր բէկը բարձրահասակ, մօտ վաթսուն տարեկան մեր ընկերներից էր, դոկտ. Սմբատ Եղիազարեանի մեծ եղբայրը, Բաբգէն եւ Սուրէն Եղիազարեանների հայրը։ Երանք գտնւում էին Թաւրիզում, յետոյ՝ Թեհրանում։
Մի այլ յաղթանդամ երիտասարդ կար, անունը՝ Վարանցով, Արագածի շրջանի մեր ընկերներից էր։
Մուկուչ Աբարանցին, որ ուսանող տարագիրներից էր եւ Երկիր էր վերադարձել, բանտարկուած էր. ասում էին, որ Կենտրոնական Կոմիտէի անդամներից էր։
Սրանք բոլորը բանտարկուած էին ընդգետնեա կամերաներում։
Իմ կամերայիս աջ կողմի կամերայի պատի վառարանը (կամին) քայքայուած էր, ճեղքեր ունէր, այնտեղից էլ մէկ– երկու հոգի խօսում էին ինձ հետ, երբ Միշան մօտս չէր լինում։ Այդ կամերան էին բերել Ռումանիայից եկած մի հայ եպիսկոպոսի, գէր մարմնով, տեսայ՝ երբ առաջին օրը դուրս բերին բակ տանելու։
Բանտարկեալների մէջ արդէն լուր էր տարածուել իմ մասին, որ Եւրոպայից մի «դաշնակցական լիդեր» է եկել եւ բանտարկուել։ Կողքի կամերայի պատի վառարանի ճեղքից մէկը մի օր ինձ ասաց, «Սրանց չհաւատաս հա՜, մարդու մէրը կը լացացնեն...»։
֍
Մեր բոլոր բարոյագիտական հասկացողութիւնները բոլշեւիկի աչքին բուրժուական են, նախապաշարում։ Երբ այս մասին մի օր խօսք եղաւ չեկիստ Միշա Սաֆրազբէկովի հետ, նա բացարձակ ասաց, - «Երբ բոլշեւիկը մէկին ասի «ազնիւ խօսք», կարող է բոլորովին հակառակը կատարել, մինչեւ որ չասի՝ «կոմունիստական ազնիւ խօսք» չպիտի հաւատալ.... միայն «ազնիւ խօսք»ը բուրժուական է, սրա համար էլ բոլշեւիկը միջոցների մէջ խտրութիւն չի դնում, բուրժուազիային յաղթելու համար»։
Լենինն ասել է՝ «կապիտալիստական իմպերիալիզմին յաղթելու համար միջոցների մէջ խտրութիւն չպիտի դնել»։
֍
Նիհարակազմ, մազերը մէկ կողմի վրայ սանտրած, Հայաստանի Չեկայի նախագահ Մելիք Օսիպովը, երբ մի օր մենք դուրս էինք եկել բակը պտոյտի, եկաւ։ Ինձ տեսնելով՝ հարցրեց անունս. «Դու Փարիզում մասնակցել ես դաշնակների կոնֆերանսին», - ասաց։
- Փարիզը չի գտնւում Խորհրդային Միութեան սահմաններում, - ասացի ես։
- Այդպէս, ուրեմն Փարիզում կոնֆերանսի մասնակցելը ո՛չինչ... ասաց ու գնաց։
Երբ մայրիկս ներկայացել էր Մելիք Օսիպովին եւ խնդրել ինձ ազատելու մասին, Մելիք-Օսիպովը հարցրել էր.
- Քանի՞ տղայ ունիս։
- Երեք, - ասել էր մայրիկս։
- Թո՛ղ մէկը չլինի, - ասել էր, - ասել էր Մելիք Օսիպովը։
- Վա՜յ, ի՞նչ էք ասում, դուք էլ զաւակների հայր էք, ինչպէ՞ս կարող էք ձեր զաւակներից ձեռք վերցնել, - ասել էր մայրիկս։
Ասեմ, որ այս միեւնոյն Մելիք Օսիպովին ստալինեան մաքրագործումների ժամանակ (1937 թ.) շնորհազուրկ էին արել, ուղարկել մի հացթուխարանի վարիչ. յետոյ բռնել, գնդակահարել էին...
Մուղդուսին, իմ հարցաքննիչ Լեւոն Մարգարեանի պետը եւ այդ բաժնի վարիչը, նիհար, արագաշարժ, սեւ աչքերով եւ երկայն արտեւանունքներով մէկն էր. Մի անգամ իմ հարցաքննութեան ժամանակ ներս մտաւ, հայեացքով արագ չափեց ինձ ոտքից գլուխ եւ դուրս գնաց. նա էլ Մելիք Օսիպովի շնորհազրկումից յետոյ նրա տեղը բռնեց մի կարճ միջոց, յետոյ ձերբակալուեց, Չեկան նրա բնակարանում պարսկական անցագիր էր գտել... Երեւի մտածել էր, վտանգուելիս, Պարսկաստան փախչել.... նա եւս գնդակահարուեց։
Տարօրինակ բան. ես բանտարկեալ էի եւ ինձ էի համարում «մահկանացու», բայց այնպէս եղաւ, որ իմ բոլոր քննիչներս, համարե՛ա, անբնական մահ ունեցան։ Երկու անգամ դաժան Լաւրենդի Բերիայի բանտարկեալն եմ եղել. նա եւս չխուսափեց գնդակահարութիւնից, յեղափոխութեան մոլոխը նրան եւ Ստալինին էլ հախռեց...։
Բայց այդ մասին դեռ յետոյ կ՛անդրադառնամ։
֍
Ինձ կանչեցին քննիչի մօտ եւ յայտնեցին, որ գործս փոխադրուած է Թիֆլիս, Անդրկովկասեան Չեկայի մօտ։ Ինձ էլ պիտի ուղարկէին Թիֆլիս։
Մեզ, մի մեծ խումբ բանտարկեալներ, տարան Երեւանի երկաթուղակայան, կարմիր բանակայինների հսկողութեան տակ։ Կայարանից մի 50-60 քայլի վրայ խմբուել էին բանտարկեալների հարազատներ, սակայն սրանց թոյլ չտուին մօտ գալու։
Նստեցինք բանտ-վագոնները, որոնց պատուհանները երկաթէ ճաղեր ունէին։ Իմ նստած վագոնում մեծ մասամբ տրոցկիստ երիտասարդներն էին, որոնք սկսեցին լոզունգներ գոռալ, նաեւ հայհոյել «դաշնակներին»։ Այդ ընթացքում տեսնեմ նրանց մէջ նստած Վարանցովը կանգնեց ոտքի եւ յայտարարեց խստօրէն. «Մէկ էլ նման հայհոյանք որ լսեմ, բոլորիդ քիթ ու բերանը կը ջարդեմ», ասաց եւ եկաւ նստեց ինձ մօտ։ Բանտում տեսել էի Վարանցովին, բայց դեռ չէինք ծանօթացել։ Այդ վայրկեանից մտերմացանք։ Տրոցկիստներն այլեւս չհամարձակուեցին հայհոյել մեզ։
Թիֆլիսի կայարանից մեզ տարան Մետեխի բերդ– բանտի առաջ. ես հագել էի Վրացեանի նուիրած անձրեւանոցը. ինչպէս երեւում է ուշադրութիւն գրաւեցի, ինձ մօտեցաւ երկարաճիտ կօշիկներ (սապոգ) հագած մի ռուս չեկիստ. «Ինչպէ՞ս է անունդ», հարցրեց։ Անուն ազգանուն ասացի. մի հայեացք էլ նետեց, հեռացաւ։
Մօտս կանգնած բանտարկեալներից ասացին՝ «Չեկիստ Պապովն է, վա՜յ մեզ»։
(Ցետոյ կ՛անդրադառնամ այս Պապովին)։
Մեզ առաջին հերթին տեղաւորեցին առաջին բակի վերի կամերայում, ուր կային նաեւ մէկ քանի օսետին բանտարկեալներ, որոնք նստում էին եւ խմբական երգ երդում՝ միապաղաղ կերպով՝ «հարալօ՜, հա՜, հարալօ՜»։
Մի գերմանական ծագումով ոսկրոտ ծերունի կար, որ պարծենում էր, թէ ինքը ցարական ռէժիմի օրոք ժանդարմ է եղել եւ Ստալինին Բաթումից ապահով տարել է Բագու։ «Ստալինն ինձ ճանաչում է», կրկնում էր անընդհատ։ Երկու օր յետոյ, կէս գիշերին յատակի վրայ ընկաւ այդ ծերուկը, ոսկրների ձայնը լսուեց, եկան իրեն տարան հիւանդանոց։ Բանտարկեալների մէջ շշուկ շրջեց՝ «թունաւորել են...»։
Իմացայ, որ Խաչվանքեան քահանան գտնւում է Մետեխի ներսի բակի բանտում։ Վարանցովը ճարպիկ էր, նրանով լուր ուղարկեցի, որ գայ դրսի բակի դռան մօտ, հանդիպենք։ Ես չէի կարող անցնել ներսի բակը։
Յաջորդ օրը կանգնեցի մեր բակի դռան ճաղերի ետեւ, Խաչվանքեան քահանան եկաւ իր համակրելի տեսքով եւ ճերմակ մօրուքով։ Նախկին ճեմարանաւարտ էր, կրթուած, հաւասարակշիռ. արդէն Թաւրիզում էլ հանդիպել էինք։
- Ա՜, դու էլ այստեղ, - ասաց ճաղի ետեւից։
- Այո՛, տէր հայր, Փարիզից եկայ, ուզեցի մնալ, բռնեցին. Օննիկը ո՞րտեղ է, - հարցրի։
- Օննիկին աքսորել են Վորոնէժ քաղաքը, թերեւս ինձ էլ ուղարկեն զաւակիս մօտ, - ասաց։
Այս բաների մասին չէինք կարող խօսել, որովհետեւ ուրիշներ էլ կային։
- Եթէ ինձ փոխադրեն ներսի բակը, կը խօսինք, տէր հայր, - ասացի եւ բաժանուեցինք։
Մեր տղաներն ինձ ասացին, որ մեր բանտի բակի վարսավէրը խուզել է Սարգիս Կուկունեանի առաջին արշաւախմբի (1890 թ.) գլուխը. մի ծեր մարդ է։
Իջայ բակը եւ գնացի վարսավէրի խանութը, գլուխս խուզելու եւ սափրուելու։
60-62 տարեկան մի ծերունի էր, լաւ հասակով, համակրելի դէմքով, ճերմակ մազերով։
Երբ հերթը ինձ հասաւ, հարցրի.
- Վարպե՜տ, քանի՞ տարի է, որ այստեղ ես։
- Մօտ 38 տարի է. շատերին եմ խուզել. հիմա էլ այս բանտում երկու հազար բանտարկեալ կայ. երբեք այսքան շատ չէր եղել. Կուկունեանի խմբին էլ ես եմ խուզել, - ասաց մեղմ ձայնով։
- Երկար կեանք եմ մաղթում քեզ, սիրելի հայ, - ասացի ու դուրս եկայ խանութից։
Ուրախ էի։
(Հինգ տարի յետոյ, 1933 թուին, Թաւրիզում գրի առի Ցովսէփ Մովսիսեանի «Ցուշեր Կուկունեան արշաւախմբից»ը, որ լոյս տեսաւ Բոստոնի «Հայրենիք» ամսագրի 1933- 1934 թուերի մէջ, մեծ հետաքրքրութիւն առաջացնելով։ Այնուհետեւ իբրեւ թերթօն արտատպեցին՝ «Հայրենիք» օրաթերթը, «Ազդակ» շաբաթաթերթը (Բէյրութ, 1948- ին), «Ալիք» օրաթերթը 1973-ին, ապա առանձին գրքով լոյս տեսաւ՝
«Յեղափոխական Եփրեմի Ոդիսականը» վերնագրով, Թեհրանում, թարգմանուեց Հր. Խալաթեանի կողմից պարսկերէնի՝ մեկենասութեամբ Ղուկաս Կարապետեանի, ապա՝ պարսկերէնն ունեցաւ երկրորդ տպագրութիւն։ Այս ձեւով՝ Կուկունեան արշաւախումբի պատմութիւնը կորստից փրկուեց)։
Մի քահանայ բանտարկեալ կար, հազիւ գրագէտ, խեղճ ու կրակ. ինձ խնդրեց իր կողմից մի բաց նամակ գրել իր ընտանիքին. «Մարալ կովը ծնա՞ւ, ոչխարներն ինչպէ՞ս են», նման հարցեր։ Այս անլեզու, խեղճ ու կրակ քահանան ինչպէ՞ս պիտի ապրէր Սիբիրում։ Մարդ արարածը արժէք չունէր խորհրդային ռեժիմի աչքին... Բայց չէ՞ որ կոմունիզմը մարդկանց համար պիտի հիմնուէր։
Մի երես առած ստահակ կար, որ քահանային նեղում էր եւ անպարկեշտ խօսքեր ասում. մի անգամ քայլեցի դէպի նա՝ ծեծելու համար։ Փախաւ եւ այնուհետեւ հանգիստ թողեց քահանային։
Դրսի բանտի բակից մի նեղ անցք, ուր արհեստանոցներ կային խղճուկ վիճակում, անցնում հասնում էր ներսի բանտը, որ Քուռ գետի ժայռոտ վերի մասումն էր։ Քուռի ափը բարձր ժայռ է, պատի պէս կտրուած. ոչ մի բանտարկեալ չի ազատուի, եթէ իրեն նետի ժայռից ցած. գետը մռնչոցով հոսում է, ժայռերին բախուելով եւ խորն է։ Այդ մեծ ժայռավայրի վրայ կանգնած է Վարդան Մամիկոնեանի դստեր՝ Շուշանիկի վանքը, որ այժմ ակումբի էր վերածուել... թղթէ գիռլիանդներ կային կախուած։
Երբ բակից պիտի բարձրանայինք երկրորդ յարկի կամերաները, տղաներն ասացին, որ վրացի սոցեալ֊ դեմոկրատ բանտարկեալները չեն թողնում... Ստուգեցի՝ ճիշտ էր։
Դարձայ ընկերներին ասացի, որ շարքով ներս պիտի խուժէինք։ Վարանցովը եւ ախալքալաքցի Արտիւշը, որոնք յաղթանդամ էին, առաջ անցան եւ մենք ուժով ներս մտանք. կամերայում ազատ մահճակալներ կային, երբ բոլորին տեղաւորեցի, ինձ տեղ չմնաց. ասացի՝ ես յատակին պիտի պառկիմ. տղաներն ընդդիմացան, ասացի չեմ զիջի. վերջը որոշեցին հերթով մէկ գիշեր ամէն մէկը յատակին պառկի, մինչեւ որ տեղ մը բացուէր։ Առաջին գիշեր ես պառկեցի յատակին։
Յաջորդ օրը բակում վէճ ունեցանք վրացիների հետ. նրանց ռուսերէն ասացի՝ «Ձեր ծրագրում միջազգային համերաշխութիւն ունէք, մինչդեռ մեզ չէք հանդուրժում. սա հակասութիւն է»։ Մի չեկիստ եկաւ, մեզ ցրեց։ Վրացիներից մէկը մօտեցաւ ինձ եւ խօսեց բարեկամաբար։ Ցետոյ այս պարոնը ինձ խնդրեց իրեն ֆրանսերէնի դաս տամ....
Իրեն ասացի, որ թղթի վրայ ոչինչ չեմ գրի։ «Հապա ինչպէ՞ս», հարցրեց. «Հողի կամ աւազի վրայ կը գրեմ», ասացի։ Ուզում էր ձեռագիրս ունենալ, որի վրայ Չեկան կարող էր ամէն ինչ յօրինել...
Իմացանք, որ Վրաստանի Չեկան վրացի սոցիալ– դեմոկրատ բանտարկեալներին պահում էր Մետեխում, չէր քշում Սիբիր, տեսակցութիւն էր թոյլատրում ընտանիքների հետ. վրաց ազգայնականութիւնն էր խօսում վրացի բոլշեւիկների ներսում։
֍
Խաչվանքեան քահանայի հետ առանձնացայ բակում եւ ասացի հետեւեալը. «Տէր հայր, զաւակդ՝ Օննիկը իմ մտերիմ դասակիցս է եղել «Գէորգեան ճեմարանում». քեզ միայն կարող եմ իմ գաղտնիքս ասել, ինձ ընդունիր զաւակիդ տեղ».
- Հա՛, զաւակս, վստահ եղիր, - ասաց։
- Տէր հայր, քեզ երեւի կ՛աքսորեն Վորոնեժ, Օննիկի մօտ. խնդրում եմ այնտեղից մի կերպ իմաց տուր Մոսկուայի Տէր Արսէն քահանայ Սիմոնեանին, որ ես բանտարկուած եմ։ Այսքա՛ն, - ասացի։
- Վստահ եղիր, զաւակս, որ հնարաւորը կ՛անեմ, - ասաց Խաչվանքեան քահանան։ Ցետոյ նրան պատմեցի արտասահմանի մասին, իբրեւ տեղեկութիւն։ Նա եւս իբրեւ դաշնակցական էր բանտարկուած։
Աւելի ուշ, տէր հօրը յայտնեցին Չեկայից, որ պիտի աքսորեն Վորոնեժ։ Կանգնած էինք Մետեխի ներսի բանտի շէնքի մօտ, երբ երկրորդ յարկից մի խոշոր քարի կտոր ընկաւ ճիշտ երկուսիս մէջտեղը.... Վրացիներն էին. եթէ քարը ընկնէր մէկնումէկիս գլխին, տեղն ու տեղը կը մնայինք.
- Կրքոտ, անպիտան մարդիկ են, - ասաց տէր հայրը։ Բաժանուելիս ասացի՝ «Տէր հայր, ուրեմն ինձ չես մոռանայ», - իրեն այս ձեւով յիշեցրի խնդիրքս, որ կապուէր Մոսկուայի տէր Արսէնի հետ։ «Վստահ եղիր», - ասաց ու մեկնեց։
֍
Մետեխի բանտում էր գտնւում զանգեզուրցի Մակենցը, որ անախորժ տիպ էր. մեր տղաներն ինձ ասացին, որ նա Չեկայի գործակալ է։ Եղել էր Նժդեհի մօտ, Ձանգեզուրում, սակայն սովետականացման ժամանակ դարձել էր լրտես։ Այս Մակենցը Մետեխում ինձ պատմեց հետեւեալը.
- Երեւանի Չեկայի բանտում քեզ հետ նստած Միշա Սաֆրազբեկովը, զանգեզուրցի, Նժդեհի ժամանակ բանտարկուեց իբրեւ բոլշեւիկ. ունէր մի ընկեր՝ Գէորգ անունով։ Միշան մատնեց Գէորգին։ Մենք Գէորգին խոստովանեցնելու համար հարեւան սենեակում իբր թէ ծեծում էինք Միշային, սա ճչոցներ էր արձակում. Գէորգը գնդակահարուեց Միշայի պատճառով։ Հայաստանի սովետականացումից յետոյ, Միշան ներկայանում է իբրեւ հալածուած բոլշեւիկ եւ հասնում է մինչեւ Երեւանի Չեկայի Ցատուկ բաժանմունքի վարիչ... վերջը, Միշային ճանաչողները Չեկային հասկացնում են Միշայի անցեալը* (*Միշային մատնողները եղել էին՝ հէնց ինքը՝ Մակենցը եւ Մուղդուսին, այդ էր, որ Միշան Մուղդուսի անունը չէր ուզում լսել. Մակենցի անունը չէր տալիս։ - Ա. Ա.), եւ Միշան բանտարկւում է։
Յետոյ ես իմացայ, որ Միշային տաս տարի աքսոր էին նշանակել Ռուսաստանի հիւսիսում գտնուող Սալավկի կոչուող կղզին - տաժանակիր աշխատանքի ամենասոսկալի վայրն էր. շատ սոցիալ-դեմոկրատներ եւ սոց. յեղափոխականներ եւս աքսորուել էին Սալավկի ԵԼ այնտեղ ոչնչացել... (երկու տարի յետոյ մայրս ինձ ասաց, որ Միշայի կինը իրեն ասել է. - «Միշան աքսորավայրից նամակում գրել էր, որ Անդրէն իրեն փոխանցելիք ուտելիք է ուղարկել, շնորհակալ է»։ ճիշտ չէր, ես բանտում էի, ինչպէ՞ս եւ ինչո՞ւ պէտք էր բան ուղարկէի Միշային)։
Հանդիպեցի սասունցի Արտաշէս Ստեփանեանին, մի համակրելի երիտասարդ եւ նուիրուած դաշնակցական, դատուել էր 1926-ի «Մանուկ Խուշոյեան»ի տերրորի դատավարութեան ընթացքում, դատապարտուել էր երեք տարուայ բանտարկութեան, ընկեր Սահակ Ստեփանոսեանի հետ, Ուրալի բանտում։ Երեք տարին չլրացած, Չեկան իրեն ազատ էր արձակել բանտից, նոյն իսկ Ալագեազ վերադառնալու իրաւունքով։
- Երբ Արագած վերադարձայ, - ասում էր Արտաշէսը, - մեր սասունցիները կասկածեցին թէ՝ ինչո՞ւ քեզ ժամկէտից առաջ ազատել են, ինչո՞ւ միւսներին պահել են. - Ինձ համար նեղ կացութիւն ստեղծուեց. չգիտէի անելիքս, մինչեւ որ Չեկան ինձ նորից ձերբակալեց եւ բանտարկեց։ Ահա այդ է, որ այստեղ եմ գտնւում։
Ապա Արտաշէսն ինձ շատ կարեւոր մի լուր հաղորդեց.
- Եթէ երբեւէ հանդիպես Մուկուչ Աբարանցուն* (* Այս Մուկուչին հանդիպեցի յետոյ Եարոսլաւլի բանտում։ Այս մասին կը գրեմ իր հերթին։ Չյաջողեց ինձնից բան իմանալ։ - Ա. Ա.), զգոյշ եղիր, կասկածելի է։
Երբ Արտաշէսին յայտնեցին, որ իրերը հաւաքի, ես հրաժեշտ տափս իմ վերմակս նուիրեցի իրեն (1929 թուի Ապրիլին)։
(1930 թուին, երբ աքսորուեցի Պարսկաստան, Արտաշէսը, ֆեդայիներ՝ Չոլոյի եւ Մուրուք Կարոյի հետ անլեգալ անցան Արաքսը եւ եկան Թաւրիզ։ Այս մասին՝ իր հերթին կը գրեմ)։
֍
Ինձ հետ, Երեւանից իբրեւ բանտարկեալներ Մետեխ էին բերուած մի քանի հայ երիտասարդներ, քսանից քսանհինգ տարեկան։ Այդ երիտասարդները Մետեխի բակում մօտեցան ինձ եւ խնդրեցին հետեւեալը.
- Մենք Հայաստանում մի գաղտնի միութիւն էինք կազմել՝ «Հայկազեան միութիւն» անունով, ազգային պահանջներով։ Մեզ Չեկան բանտարկեց եւ մեղադրեց իբրեւ դաշնակներ, բայց մենք դաշնակցութեան ծրագրին ծանօթ չենք. խնդրում ենք մեզ բացատրէք։
Երբ ես բացատրեցի մեր ծրագիրը, նրանք բացագանչեցին՝
- Ուրեմն ճիշտ էր մեղադրանքը, մենք դաշնակցականներ ենք...
- Բոլո՞րդ այդ մեղադրանքի տակ էք, - հարցրի։
- Այս մէկի աչքերն են մեղաւոր, - ասացին, ցոյց տալով գեղեցիկ աչքերով մի քսան տարեկան երիտասարդ։
- Ինչպէ՞ս, - հարց տուի ես։
- Սրա աչքերի վրայ սիրահարուած էր մի գեղեցիկ աղջիկ, մի չեկիստ, աղջկան տիրանալու համար, այս տղային բանտարկել տուեց իբրեւ դաշնակի, - պատասխանեցին. էսպիսի դէպքեր պատահում են։
֍
Փարիզում հրատարակուող բոլշեւիկեան «Երեւան» թերթի մի օրինակ յայտնուեց Մետեխի բանտում. մէկը բարձր ձայնով կարդում էր Շահան Նաթալիի ելոյթը դաշնակցութեան դէմ։ Ես մեր տղաներին տեղեկացրի, որ Շահանը դրամական մսխումների եւ ինքնագլուխ գործունէութեան պատճառով վտարուած Դաշնակցութիւնից։
֍
Մետեխի բանտից երբ բանտարկեալին կանչում էին մինչեւ ցերեկուայ ժամի մէկը, աքսոր ուղարկելու համար էր, իսկ եթէ կանչում էին կէսօրից յետոյ, կա՛մ Չեկայի բանտ տանել էր նշանակում, կամ՝ գնդակահարութեան։
Ինձ կանչեցին կէսօրից յետոյ։ Մէկ խումբ բանտարկեալներ էինք, պահակներով շրջապատուած՝ մեզ ոտքով քայլեցրին մինչեւ Չեկայի բանտը։ Անցա կամուրջով, Հաւլաբարի մէկ մասով, Թիֆլիսի շուկայով, դուրս եկանք Երեւանեան հրապարակը։ Ես քայլում էի խմբի առաջին շարքում։ Շատ բաներ յիշեցնում էին Թիֆլիսում անցկացրած իմ օրերս։ Ոչինչ չէր փոխուած, շինարարութիւն չէր եղել տասը տարիների ընթացքում (1919-1929 թթ.)։
Անցանք նաեւ մեր փողոցի՝ (ժուկովսկայա) մօտով Վելիամինովսկի փողոցը եւ կանգ առինք Չեկայի շէնքի առջեւ։ Ախալքալաքցի Արտիւշն ինձ հետ էր. Չեկայի նախասենեակում մեզ բաժանեցին կամերաների վրայ, բաժանուեցինք։
Չեկայի բանտ կոչուածը ներքնայարկի նեղ եւ ծուռ միջանցքների վրայ բացուող մութ ու նեղ կամերաների մի շարք էր։ Ինձ մտցրին մի կամերա, որ պատուհան չունէր. կանգնեցի մուտքի ներսը, սկզբում բան չտեսայ, ինձ մօտեցաւ մի տարեց վրացի.
ասաց. –
- Մեզ մօտ նեղ է, բայց ձեզ մի տեղ կ՛անենք, - ինձ տեղաւորեցին պատի մօտ, մի նեղ տեղում։ Չորս հոգի էին, դարձանք հինգ։
Այս տարեց վրացին՝ Վարաշվիլի, մի լաւ մարդ էր, նման չէր Մետեխի վրացիներին։ Մի այլ վրացի երիտասարդ եւս կար, որ բարեմիտ մէկն էր. զինուոր էր եղել, այժմ բանտարկուած էր։ Սարգիս անունով մի հայ երիտասարդ կար, նախկին որբերից էր։ Անկիւնում պառկած էր լեցուն մարմնով մի թուրք, մօտը, փայտէ յատակին, մի մեծ ծակ, որտեղից երբեմն իրենց գլուխն էին հանում առնէտները, որոնցով հարուստ էր Թիֆլիսը։ Կատուները չեն կարողանում այդ առնէտներին որսալ, այնքան կատաղի են, սուր ժանիքներով. տեսել եմ Թիֆլիսում, որ շունը զգուշութեամբ մօտենում էր եւ առնէտի մէջքը խածնում, անդամալուծում։ Երկու վրացիները մեր կամերայում միջոց էին հնարել առնէտներին բռնելու։ Ծակի շուրջը դնում էին ամուր թելի մի օղակ, թելի ծայրը պահում էին իրենց ձեռքը, երբ առնէտը գլուխը հանում էր ծակից, թելի ծայրը իսկոյն քաշում էին, առնէտի վիզը սեղմւում էր, ապա թելը բարձրացնում էին՝ առնէտը օղակի մէջ, եւ նետում դոյլի ջրի մէջ. առնէտը խեղդւում էր։ Այդ դոյլը բանտարկեալների միզամանն էր եւ մեծ պէտքի դոյլը, որովհետեւ օրական մէկ անգամ էին մեզ դուրս բերում լուացուելու եւ բնական պէտքի համար, առաւօտեան ժամը 5-ին։
Վրացիները թուրք բանտարկեալին արհամարհում էին. մեծ մասամբ քնում էր. մենք երբեմն իրեն մէկ կտոր շաքար էինք նետում։ Մի անգամ թուրքն ասաց. - «Ա՜խ, ազատ լինէի, օրական ճաշս ունենայի եւ մէկ քիլօ շաքար....»։ Վրացիները ծաղրեցին՝ «Տօ՛, յի՛մար, մէկ քիլօ շաքարը մէկ ամսուայ ուտելիք է». թուրքը սխալուել էր, պիտի ասէր՝ մէկ կտոր շաքար։
Մեր կամերան բերին մի երիտասարդ վրացի, որ իսկոյն երեւաց՝ լրտես էր։ Երկու վրացիները պաղ վարուեցին նրա հետ եւ համարեա՛ հետը չէին խօսում։
Լրտեսը մի անգամ սկսեց խօսել վրացական ապստամբութեան (1924 թուի) մասին։ Ականատես էր եղել, թէ ինչպէ՛ս ապստամբ վրացիներին չեկիստները լցնում էին բեռնատար ինքնաշարժները, գնդակահարելու տանելիս. բանտարկեալների հարազատ կանայք ճչում, լալիս էին, ի տես իրենց հարազատների դէպի մահ տարուելուն։
- Չեկան չորս հազար ապստամբ գնդակահարեց, - յոխորտաց լրտեսը....
Վարաշվիլին յետոյ ինձ պատմեց, թէ որքան անմեղների են գնդակահարել։ Ձուգէլի էր ապստամբների ղեկավարը, գնդակահարուեց։ Մի կամերայում հոգեւորականներ են եղել բանտարկուած, նրանց հետ՝ մի պատանի սարկաւագ. երբ եկել են հոգեւորականներին տանելու, պատանիին չպիտի տանէին, բայց սա խնդրում է իրեն մենակ չթողնել, չիմանալով թէ բանն ինչո՞ւմն է. պատանիին էլ չեկիստները մենակ չեն թողնում, միւսների հետ տանում գնդակահարում են....
֍
Իմ ակնոցիս (պենսընէ) ոսկէ կամրջակի տակ դրել էի քրոջս՝ Սիրանոյշի նուիրած փոքրիկ մատանիս, կապոյտ քարով, որ տարիներ կրում էի փոքր մատիս վրայ. կամրջակի տակ էի դրել, որ խուզարկութեան ժամանակ չնկատեն եւ փակել էի ակնոցի տուփի մէջ։ Վրացի լրտեսը տեսաւ ակնոցիս տուփը, վերցրեց նայելու, ապա տուփը փակեց, տուեց ինձ։ Քիչ յետոյ, երբ բաց արի տուփը, տեսայ մատանին չկար...։ Ասացի՝ մատանի ունէի այս տուփին մէջ, չկայ... Վարաշվիլին եւ միւս վրացին խնդրեցին իրենց խուզարկեմ, հրաժարուեցի. նրանք մէկ առ մէկ թափ տուին իրենց իրերը եւ հագուստի գրպանները դուրս հանեցին. ես նրանց վրայ չէի կասկածում. լրտեսն էլ ձեռքով խառնեց գրպանները, իբր թէ չկար։
Յետոյ Վարաշվիլին ինձ ասաց. - «Գողը լրտեսն է. սրիկայի մէկն է, տեսնում ես մենք նրա հետ չենք խօսում»։
Նոյն օրը երեկոյեան լրտեսին կանչեցին. մատանին տարաւ գողը. Թիֆլիսը յայտնի էր նաեւ իր գրպանահատներով։
֍
Ինձ կանչեցին. ծուռ ու մուռ նեղլիկ միջանցքներից բարձրացանք Անդրկովկասեան Չեկայի շէնքի երկրորդ յարկի մի սենեակը, ուր սեղանի ետեւ նստած էր չեկիստ Կոլիա Գէորգովը, Չեկայի վարիչ Վալենթի խաւրենտխ Բերիային ենթակայ մի հայ քննիչ։
- Նստէք, - ասաց չեկիստը, - Դուք մեղադրւում էք դաշնակցութեան պատկանելու մէջ. Հայաստանի Չեկան Ձեր գործը փոխանցել էր Անդրկովկասեան Չեկային, այժմ մենք էլ Ձեր գործը փոխանցում ենք Վէչեկային (Խորհրդային Միութեան ընդհանուր Չեկա). այս երեկոյեան Ձեզ պիտի ուղարկենք Մոսկուա։
Կոլիա Գէորգովը միջին հասակի, ոչ գէր, տժգոյն դէմքով, կարճ խուզած մազերով մէկն էր։ Մետեխի բանտում լսել էի իր մասին, որ դաժան մէկն է։ Ախալքալաքցի Արտիւշն էր ինձ պատմել, - «էդ ի՞նչ բողկեր էք ուտում դուք, դաշնակներդ», ասել էր Արտիւշին։
Գէորգովը պատուիրեց ինձ անցնել քովի սենեակը, երբ անցայ, մօտ յիսուն տարեկան մի վրացի հսկիչ կար, «Ձեզ իրաւունք են տուել տեսակցելու Ձեր մօր հետ», ասաց վրացին ռուսերէն։
Քիչ յետոյ մայրիկս ներս մտաւ յուզուած, համբուրուեցինք։ «հ±նչ է պատահել, յուզուած ես» հարցրի։
- Ներքեւում, երբ մօտեցայ Կոլիա Գէորգովին, որ տեսակցութիւն խնդրեմ, թեւիցս բռնեց, կոպիտ շպրտեց ինձ մի կողմ, ես ի՞նչ եմ արել իրեն, - ասաց մայրիկս։
Ես զայրացայ, դարձայ վրացուն, ասացի, «Կոլիա Գէորգովը մայրիկիս հետ կոպիտ է վարուել, դեռ նա իրեն համարում է կանանց իրաւահաւասարութեան կողմնակից, ողորմելին»։ Վրացին ոչինչ չխօսեց։
Ինձ փոխադրեցին Թիֆլիսի երկաթուղակայանի Չեկայի բանտախուցը, որի պատուհանը երկաթաճաղեր ունէր։
Մի բարեկամ հայ չեկիստ եկաւ, զինուորական հագուստներով, ինձ դուրս բերեց եւ տարաւ նստեցրեց վագոնի մէջ, երկու ռուս կարմիր բանակայինների հսկողութեամբ։ Քանի որ գնացքը դեռ չէր շարժուել, չեկիստին հարցրի.
- Կարո՞ղ եմ պատուհանի մօտ կանգնել։ - Թոյլ տուեց։ Մէկ էլ տեսնեմ մայրիկս քայլում է դէպի մեր վագոնը, դէմքը ծանր տառապանքի արտայայտութեամբ։
- Կարո՞ղ եմ մայրիկիս հետ խօսել, Ձեր ներկայութեամբ, - հարցրի չեկիստին։ Թոյլ տուեց։
Մայրիկիս հանգստացուցիչ խօսքեր ասացի. քիչ յետոյ գնացքը շարժուեց... Ցիշեցի բանաստեղծ-բոլշեւիկ Վահան Տէրեանի մի բանաստեղծութիւնը՝
«Գնում եմ ես օտար աշխարհ,
Հեռու երկիր՝ է՛լ չեմ գալու.
Բարի յիշէք ինձ ձեր մտքում,
Մնաք բարո՜վ, մնաք բարո՜վ...»
Նստած էի բանտ-կուպէում, դիմացս՝ հայ չեկիստը, մուտքի երկու կողմը՝ երկու ռուս բանակայիններ կանգնած.
- Կարո՞ղ եմ Ձեր անուն-ազգանունն իմանալ, - հարցրի չեկիստին։
- Միշա Միքայէլեան, - ասաց։
- Ո՞րտեղացի էք, - հարցրի նորէն։
- Ագուլիսցի, - ասաց։
Ես կարկամեցի, մտածելով՝ արդեօք Քրիստափոր Միքայէլեանի ազգակա՞նն է, որ այժմ իբրեւ բոլշեւիկ-չեկիստ հսկում է Քրիստափորի կուսակցութեան՝ Դաշնակցութեան պատկանողի վրայ... Ի՜նչ ողբերգութիւն։
Հիւսիսային Կովկասի մի կայարանում, երբ գնացքը կանգ առաւ, պատուհանի մօտ էի նստած, տեսայ մեր նախկին ճեմարանականներից մէկին, որ մեզնից մէկ դասարան բարձր էր. անունը՝ Կաքաւեան. տարօրինակը այն էր, որ ճեմարանականի հագուստով էր, խունացած.... Ի՞նչ է ապրում այս երկիրը, որ այս տղան տասնմէկ տարի նոյն հագուստն է հազին, նոյն գօտին մեջքին..., մտածում էի ես։
֍
Ճամբին չեկիստ Միշա Միքայէլեանն ինձ հետ լաւ էր վարւում, ոչ մի կոպտութիւն, անախորժութիւն չեղաւ. նոյնիսկ երբ կանգնած էի պատուհանի մօտ, հարեւան կուպէից մի գեղեցիկ ռուս կին կանգնեց մօտս. հարցրեց ի՞նչ ազգից եմ. ասացի. «հայ եմ», ասաց. «0՜, հայերը մի գեղեցիկ երգ ունեն՝ «Ցիցեռնակ» (ռուսները չեն կարողանում մեր «ծ» տառն արտասանել) անունով. դուք երգո՞ւմ էք այդ երգը»...։ Ես տեսայ՝ կինը գլխի չի ընկնում, որ ես բանտարկեալ եմ, ասացի՝ «ո՞չ», եւ ներողութիւն խնդրելով, մտայ իմ կուպես։
Արդեօ՜ք պատահակա՞ն էր, թէ՞ սովորեցրած. չգիտեմ, բայց Միշա Միքայելեանը դիտողութիւն չարեց։
Մոսկուայում ինձ տարան Բուդիրկայի բանտը, որ երբեմն քառասուն հազար բանտարկեալներ էր պարփակում։ Շէնքեր՝ բանտախուցերով, փոքրիկ բակով, ուր պտոյտի էին դուրս բերում բանտարկեալներին։ Բակի աղիւսաշէն պարիսպը ցարական շրջանից էր, որի վրայ բոլշեւիկները փայտէ յաւելուած էին կառուցել, որից այն կողմ չէր երեւում։
Թիւ 11 կամերայում էի. դռան վրայ մի փոքրիկ անցք կար, որ դրսից կափարիչ ունէր. միջանցքում հսկող պահակը երբեմն յետ էր տանում կափարիչը եւ նայում խուցի ներսը, որ չլինի՞ թէ բանտարկեալը փախչի... բայց ո՞ւր եւ ինչպէ՞ս փախչել, հնարաւոր չէր։
Տրոցկիստները մեծ թիւ էին կազմում, իբրեւ բանտարկեալ, եւ միմեանց հետ նամակագրութիւն ունէին, բանտի տանիքներում բոյն դրած աղաւնիների միջոցով, սրանց ոտքին նամակ կապելով։
Թերթում կարդացել էի, որ Մայիս ամսին Անգլիայում ընտրութիւններ պիտի լինէին եւ հաւանականութիւն կար, որ Աշխատաւորական կուսակցութիւն յաղթանակէր առաջին անգամը լինելով եւ լիդէր Մակ-Դոնալդը վարչապետ դառնար։ Սակայն Բուդիրկայում ինձ լրագիր չէին տալիս։ Եղաւ մի հետաքրքրական անակնկալ, հարեւան կամերան թերթ էր ստանում. այդ օրը պահակը փոխանակ թերթը այնտեղ նետելու , սխալմամբ նետեց իմ կամերաս. անմիջապէս վերցրի եւ կարդացի խոշոր տառերով գրուածը, որ Աշխատաւորականները շահել էին.... Այդ վայրկեանին դուռը բացուեց եւ պահակն ինձնից թերթը ուզեց, տուի։ Ես նպատակիս հասել էի։
Առանց գրականութեան օրերը ձանձրալի էին. ո՞չ թերթ, ո՞չ գիրք։ Խուցն էլ այնքան փոքր էր քայլելու համար, որ ոտքերս հետք էին ձգել յատակի ցեմենտի վրայ, այնքան քայլել էի։
Դիմում գրեցի բանտային վարչութեան, խնդրելով, որ ինձ գրքեր տան կարդալու, Բուդիրկայի բանտային գրադարանից։
Թոյլ տուին, բայց գրացուցակ չտուին ձեռքս, ասացին ինչ գիրք որ ուզում ես, գրիր թղթի վրայ, մենք կը բերենք։
Գիտէի, որ ռուս թարգմանական գրականութիւնը հարուստ էր ամէնից աւելի, թէ՞ ցարիզմի օրոք, եւ թէ՞ մանաւանդ, բոլշեւիզմի օրոք, թարգմանուած են նոյն իսկ երկրորդական, երրորդական արժէքի գրքեր արտասահմանեան գրականութիւնից։
Բոլշեւիզմի օրոք այն մտաւորականները, որոնց գործ չէին տալիս, զբաղւում էին թարգմանութեամբ, օրինակ՝ մեր ճեմարանի աւագ վերակացու Ցովսէփ Գրիգորեանը, լսել էի, որ թարգմանում էր Կարլ Մարքսի «Կապիտալ»ը, Թադէոս Աւդալբէգեան, Սահակ Թորոսեան եւ ուրիշներ՝ նոյնպէս։
Առաջին հերթին գրեցի ֆրանսացի գրողներ՝ Բօդլէրի, Ալֆրէդ Դը Միւսէի, Պօլ Վեռլէնի անունները եւ, ի զարմանս իմ՝ մէկ-մէկ ստացայ։
Սկսեցի կարդալ ամբողջ օրը, ժամանակս անցնում էր արդիւնաւէտ, որոշ բանաստեղծութիւններ անգիր գիտէի, Բուդիրկայում թարգմանեցի Բօդլէրի «Մահը» վերնագրով բանաստեղծութիւնը. –
«0՜, մահ, տէր նաւապետ, ժա՜մ է, խարիսխ քաշենք,
Աշխարհը ձանձրալի է, օ՜, մահ, առագաստ պարզենք.
Թէ երկինքն ու ծովը սեւ են որպէս մուր,
Մեր սրտերը, գիտես, արձակում են հուր։
Թոյն լեցո՜ւր, եւ տո՜ւր մեզ թարմացում.
Այս կրակը, օ՜ մահ, մեր ուղեղն է այրում.
Երկնքում դրախտ, թէ դժոխք, ի՜նչ փոյթ,
Անյայտի՜ զրկում գտնենք մենք նորոյթ»։
Այսպէս տեւեց ընթերցանութիւնս մէկ եւ կէս ամիս։ Շաբաթը հինգ գիրք էի կարգում, զուտ գրական֊ գեղարուեստական ուղղութեամբ, քաղաքականից խուսափում էի, աւելորդ կասկածի տեղիք չտալու համար։ Բայց ինչ գիրք որ գրեցի՝ բերին, ուրեմն Բուդիրկա բանտի գրադարանը շատ հարուստ պիտի լինէր։
Կարգում էի Ռընէ Բազէնի «Les pas sur la neige» («Հետքերը ձիւնի վրայ»), երբ դադարեցրին գիրք տալը... պարզ էր, Չեկան չէր ուզում, որ ես գրականութեամբ զբաղուէի, այլ պիտի սուզուէի բանտարկեալին յատուկ մտորումների մէջ։ Գործիս համար էլ չէին կանչում հարցաքննութեան։
Մնում էր մի միջոց՝ հացադուլ. եւ որոշեցի յայտարարել «չոր հացադուլ». այսինքն նոյն իսկ առանց ջուր խմելու, որ ամենից դժուարն էր, ամենաուժեղ օրգանիզմը միայն տաս օր է դիմանում. իսկ ջուր խմելով հացադուլը՝ մինչեւ երեսուն օր։
Գրեցի եւ պահակին էլ յայտնեցի, որ հացադուլի մէջ եմ, ինձ ուտելիք եւ թէյ չբերի. ցոյց տուի կամերաս, որ համոզուի, թէ ուտելիք եւ ջուր չունէի։
Հացադուլի դժուարին մասը երրորդ եւ չորրորդ օրն է, երբ անօթութիւն ես զգում. հինգերորդ օրուանից անօթութիւն չես զգում, միայն թէ սկսում ես արագ նիհարել. բայց ծարաւը տանջում է քեզ։ Այնքան արագ էի նիհարում, որ տաբատիս գօտին լայնացել էր եւ քայլելիս գօտին բռնում էի, որ տաբատս չկախուի ցած։
Սկսեցի զգայախաբէութիւններ ունենալ, պառկած էի, աչքիս առջեւից վերացաւ բանտի պատը, խորքում տեսայ մի ջրվէժ, գահավէժ ջրերով, կողքը, ցամաքի վրայ մի հաց դրուած, վրան մէկ կտոր պանիր... Շփոթահար նստեցի մահճակալիս վրայ, տեսարանը չքացաւ... նոյն կամերան, իր պատով, իր տեղն էր։
Յետոյ մի այլ տեսարան, թափանցիկ մատնով մէկը ձեռքով կանչում է, ջուր եւ հաց ցոյց տալով.... դարձեալ նստում եմ տեղս եւ տեսիլքը չքանում էր։
Այդ տեսիլքներն ինձ խորհել տուին ճգնաւոր հոգեւորականների տեսիլքների մասին անապատներում կամ քարանձաւներում, նրանք էլ սննդի պակասից զգայախաբութիւններ են ունեցել, անշուշտ, եւ տեսել սուրբ հոգիներ։ Այս խնդիրները ուսումնասիրութեան առարկայ պիտի դառնան մասնագէտ բժիշկների եւ հոգեբանների։ Ւսնդիրն, անշուշտ, մարմնի եւ ուղեղի հետ կապ ունի։
Հացադուլիս իններորդ օրը, երբ անկողնից իջայ ցած, գլխի ուժեղ պտոյտ ունեցայ. ընկայ յատակին։ Չգիտեմ որքան էր անցել, երբ ներս մտան պահակը եւ գթութեան քոյրը՝ «Չոր հացադուլ էք յայտարարել», ասաց եւ քթիս դեղ պահեց։ Ապա ասաց, որ պիտի փոխադրուեմ բանտի հիւանդանոցը, պատգարակ էին բերել, մերժեցի, ես կը քայլեմ, ասացի եւ սկսեցի պատերը բռնելով քայլել։ Երբ դուրս եկանք բակը, օդը թարմ էր, ինձնից առաջ քայլում էր մի ռուս բանտարկեալ, անընդհատ արիւն թքնելով... Խեղճ մարգը ծայր աստիճան թոքախտաւոր էր։
Երբ ներս մտայ հիւանդների մի սրահը. կանգնեցի դռանը, այդ պահուն ինձ սրահի խորքից մօտեցաւ հայկական դէմքով, բեխ ու մօրուքով մի անձ. «Հայ էք, - ասաց, - ինձ մօտ ազատ մահճակալ կայ, եկէք», ասաց եւ առաջնորդեց։ «Ես ղարաբաղցի եմ, - ասաց, - անունս է՝ Տիգրան Բէկ Հասան Ջալալեան, ես էլ իբրեւ հիւանդ եմ պառկած այստեղ։ Դուք շատ էք նիհարել, չլինի՞ հացադուլ էք արել», - ասաց։ Հաստատեցի իր ասածը։
Տիգրան Բէկը ինձ տեղ տուեց իր մահճակալի մօտ եւ սկսեց խորհուրդներ տալ. «Հացադուլաւորը, երբ սկսում է ուտել, քանի օր որ հացադուլ է արել, նոյնքան օր միմիայն հեղուկ կերակուր պիտի ընդունի, յետոյ նոյնքան օր՝ բանջարեղէն, երրորդ փուլին միայն՝ միս։ Եթէ առաջին փուլին միս կամ կոշտ բան կերաւ, աղիքները կը պայթին, որովհետեւ հացադուլից նրանց պատերը նրբանում են»։ Ուրեմն ես այդպէս պիտի անէի. արդէն իսկ քաղց չէի զգում, կարող էի կարգ պահել։
Տիգրան Բեկը պատմեց, որ ինքը ղարաբաղցի է, իրենց գիւղում ազդեցութիւն ուներ, ուստի Չեկան չհանդուրժեց եւ բանտարկեց իրեն. «Գիւղացիներն իմ անունով են երդւում», - ասում էր։ Եւ իսկապէս, լաւ մարդ էր Տիգրան Բեկը, մեր սրահում եղած թաթարներն անգամ նրա հետ յարգանքով էին վարւում։
- Մեր բժիշկը մի տարեց ռուս է, ինձ հետ մտերիմ է եւ իմ Հասան Ջալալեան ազգանունիցս շատ տպաւորուած է։ Թէեւ առողջացել եմ, բայց խորխ եմ պահում, իրեն ցոյց տալիս, այստեղ մնալս երկարաձգում է, որովհետեւ ո՞վ գիտէ, գուցէ ինձ էլ Սալավկի քշեն....
Եւ իսկապէս, երբ ռուս տարեց բժիշկը եկաւ, Տիգրան Բէկից նորից հարցրեց ազգանունը եւ ինքն էլ կրկնեց՝ Գասան Ջալալով... (ռուսները «հ» հնչիւնը չունեն)։
Բանտարկեալը երկար ժամանակ միս չուտելուց լինդերի հիւանդութիւն է ստանում եւ ատամներն սկսում են թափուել։ Մի խումբ «կալմըկ» կոչուող ցեղից բանտարկեալներ կային, կզակի տակից աճած ցանցառ մօրուքով. խօսելիս կարծես այծի նման մկկում էին։ Խմում էին կանաչ գոյնի մի տեսակ թէյ, որ անհամ էր։ Բոլորը լինդերից տառապում էին։
Մի թաթար բանտարկեալի ասացին, որ իրերը պատրաստի։ Տիգրան Բեկն իսկոյն մի թղթի վրայ նամակ գրեց, թաթարը գուլպայի մեջ գրեց, որ տանի գիւղը։
Տիգրան Բեկը ինձ պատմում եր բոլշեւիկների քմահաճոյքների եւ բռնութիւնների մասին. «Իմ ամբողջ տնտեսութիւնս քայքայեցին», եզրափակեց նա։
Իմ մտահոգութիւնս այլ եր. մտածում եի՝ արդեօ՞ք Խաչվանքեան քահանային յաջողուեց լուր հասցնել տեր Արսենին, Մոսկուա, որ ես բանտարկուած եմ. ընկերներն ինչպե՞ս կը պահեն իրենց. ինչ վերաբերում եր ինձ, կը մեռնեի, բայց գաղտնիք չեի տայ, ընկերները թող ապահով լինեն։
֍
Ինձ կանչեցին. մի երիտասարդ քննիչ եր, սեւ բլուզ հագած։ Ասացի՝ ես հացադուլ եմ յայտարարել եւ սպասում եմ արդիւնքի. ասաց՝
- Ի զուր։
- Մէկ տարուց աւելի է, որ նստած եմ բանտում եւ դեռ վիճակս անորոշ է. ընթերցանութեան գրքերն էլ դադարեցրին, ուստի բողոքում եմ, ասացի. նորից՝
- Իզուր, - ասաց, - այժմ ձեզ պիտի ուղարկենք Եարոսլաւլի իզոլեատորը (մեկուսարան), - ասաց եւ վեր կացաւ։
Երբ հիւանդանոցից պիտի դուրս բերէին ինձ, Տիգրան Բէկը շատ զգացուեց. «մի՛ մտածեր, - ասաց, - դու պարսկահպատակ ես, - վերջը քեզ կ՛ազատեն, մեր բանն է դժուար։ Բարով, հազար բարով երթաս, եղբայրս», - ասաց լացակումած աչքերով։
Հրաժեշտ տուի, իրեն եւս յաջողութիւն մաղթելով։
Եարոսլաւլ քաղաքը գտնւում է Մոսկուայից հիւսիս– արեւելք, մօտ երկու հարիւր յիսուն կիլոմետրի վրայ։ Հին, պատմական ռուս քաղաք է։ Երկաթուղու կայանում մեզ մի խումբ բանտարկեալներիս շարք կանգնեցրին եւ ոտքով քշեցին, իսկ մի քանի ծերերի մի սայլի վրայ նստեցրին. սայլ նստելիս կովկասցի մի ծեր թուրք, որին Մաշտի էին ասում՝ բացագանչեց, «ա՜յ բիր դանա քիաբաբ օլսէյդի, իեարդըխ...» բոլորը խնդացին, «ա՜յ Մաշտի, էստեղն ո՜ւր, քիաբաբը ո՜ւր», - ասացին։
Հասանք Եարոսլաւլի քրէականների բանտի բակը, երբ քրէականներին զատեցին, մեզ, քաղաքականներիս տարան դրա ետեւի կողմը գտնուող քաղաքական բաժինը։
Դա երկյարկանի մի հին շէնք էր, նախկին կուսանոց, փոքր ու նեղլիկ խուցերով, չոր, քարէ պատերով ու յատակով։ Ինձ դրին երկրորդ յարկի (յարկերը շատ կարճ էին) թիւ 11 կամերան, որի մահճակալը կախուած էր պատից, ցերեկները մահճակալների ոտքերն հանում էին, որպէսզի բանտարկեալները չպառկեն հանգստանան... Գիշերը ոտքերը բերում դնում էին։ Պատուհանը ճաղապատ էր, երկփեղկ (ցուրտ տեղերում պատուհանները երկփեղկ են, դրսի փեղկը ձմեռը խիստ սառոյց է կապում)։
Բակի դիմացի պատի վրայ պահակի բուդկայ կար, միշտ հսկողութեան տակ էինք։ Իմ պատուհանից էլ զգոյշ պիտի նայէի բակը շրջող բանտարկեալներին, որոնց օրը մէկ անգամ դուրս էին բերում «պրագուլկայի» (զբօսապտոյտ)։
֍
Յաջորդ օրն էր բանտարկութեանս, երբ բակում քայլողների մէջ երկու ծանօթ դէմքեր նկատեցի. մէկը... Մուկուչ Աբարանցին էր, որին Թաւրիզից էի ճանաչում եւ, որի մասին ինձ Մետեխի բանտում սասունցի ընկեր Արտաշէս Ստեփանեանն զգուշացրեց, թէ կասկածելի է, իսկ միւսը Պրագայի ուսանողներից վրացի Կարցիվաձէն էր, որի մասին դեռեւս Փարիզում լսել էի, որ Թուրքիայի վրայով Սովետական երկիրն է մտել գաղտնի, բայց ձերբակալուել է։ Կարցիվաձէն վրաց սոցեալ - դեմոկրատ կուսակցութեանն էր պատկանում։ Նա էլ երեւի ինձ էր տեսել բակում շրջելիս, բայց ո՞չ իրար հանդիպեցինք, ո՞չ էլ խօսեցինք իրարու մասին։
Այդ օրերին, երբ ինձ դուրս բերին բակը պտոյտի, նկատեցի, որ Մուկուչն էլ կայ քայլողների մէջ։ Մէկ էլ տեսնեմ նա մօտեցաւ ինձ մի ազէրբէյջանցի թուրք բանտարկեալի հետ.
- ԱԳւդրէ, դո՞ւ էլ այստեղ, - ասաց նա դիմացս կանգնելով։
Ասացի՝ ո՞վ էք, չեմ ճանաչում։
- Վա՜, չե՞ս յիշում, ես Մուկուչն եմ, աբարանցի։
- Չեմ յիշում, - ասացի չոր կերպով։
Նա սմքեց. հետը բերել էր թաթարին, որ վկայ լինէր, եթէ ես ծանօթութիւն տայի Մուկուչին. այժմ էլ վկայ եղաւ, որ չեմ ճանաչում։ «Թող երթան իրենց Չեկային զեկուցեն անյաջողութեան մասին։ Այդ նոմերը չանցաւ», մտածեցի ես։
Այնուհետեւ, սակայն, Մուկուչը այլ «նոմերներ» փորձել շարունակեց։ Հարցնում էր՝ «Ո՞րտեղ են Նիկոլ Նիկողոսեանը, Մխօն (Գրիգոր Մխիթարեան)». չգիտեմ՝ պատասխանում էի. «Բայց չէ՞ որ միասին էք եղել Պրագայում, կ՞իմանաս որտեղ են այժմ»։ Չգիտեմ, - պատասխանում էի, - ես Պրագայից վաղուց եմ հեռացել։
Մեզ հետ պտոյտի էր ելնում նաեւ մի երիտասարդ ուկրաինուհի՝ Նադեժդա Վիտալեւնա անունով, որ ուղարկուած էր եղել Լեհաստան, պաշտօնով, սակայն յետ էին կանչել եւ բանտարկել։
Մուկուչը նրա հետ քայլում էր երբեմն թեւանցուկ. Նադեժդան սկսեց ինձ թեւանցուկ անել. ես նրա թեւը քաղաքավարութեամբ հեռացնում էի, ասելով՝ «մենք բանտարկեալներ ենք, իրաւունք չունենք թեւանցուկ անելու, մանաւանդ որ ձեր ամուսինն էլ այս բանտումն է գտնւում»։
Մի օր Մուկուչն ասաց. «Եկ նամակագրութիւն ունենանք իրարու հետ. ես նամակը կը տամ Նադեժդային՝ կը տայ քեզ. դու էլ կը տաս նրան՝ կը տայ ինձ...»։
- Ի՞նչ կարիք կայ նամակագրութեան, երբ հանդիպում ենք այստեղ. խօսք ունես՝ ասա՞ եւ պատասխանդ ստացիր, - ասացի աչքերին սուր կերպով նայելով։
Պարզ էր. Մուկուչը ուզում էր իմ ձեռագիրս ձեռք բերել, բայց այդպիսով հաստատւում էր իր լրտես լինելը։
Ուրեմն Չեկան Մուկուչ Աբարանցուն Երեւանի բանտից փոխադրել էր Եարոսլաւլի մեկուսարանը, որպէսզի ինձ թակարդը գցի. բայց՝ սխալուել էր. ես գիտէի, թէ Մուկուչն ինչ դառը պտուղ է։ Մինչեւ այժմ էլ ինձ երախտապարտ եմ զգում սասունցի Արտաշէս Ստեփանեանին, որ ինձ զգուշացրեց Մուկուչի նկատմամբ։
Մի օր պտոյտի ժամանակ Մուկուչի ընկեր թուրքը մօտեցաւ ինձ եւ սկսեց կատաղած պատմել, թէ ինչպէս դաշնակները կոտորել են իրենց Մալբալիքեանդ գիւղի բնակիչներին... Ես լուռ լսեցի, ապա ասացի. «Ես նման բաների մասին չգիտեմ, ես Ֆրանսիայում եմ ապրել»։
Մի օր էլ, երբ բակի պտոյտից վերադառնում էինք մեր կամերաները, Նադեժդան եւ ես բարձրացանք երկրորդ յարկի մեր կամերաների առաջ. այդ պահուն մեր ծեր դռնապանը մի րոպէով մտաւ մի կամերա, ինչ որ կարգադրութեան համար, այդ վայրկեանից օգտուելով, Նադեժդան ինձ համբուրեց... Ես շփոթուեցի, բայց դռնապանը դուրս եկաւ եւ մեզ բաժանեց կամերաների վրայ, առանց նկատելու։
Կամերայումս մտածում էի. արդեօք սա՞ էլ Չեկայի նոմերներից չէ՞ր. չէ՞ որ Նադեժդան մտերիմ է Մուկուչի հետ, եւ յետոյ՝ ամուսինն էլ այս կամերաներից մէկումն է...
Երբ Մուկուչի փորձերն ի զուր անցան, սկսեցին ինձ պտոյտի դուրս բերել երկրորդ բակը։ Ինձ հետ քայլող բանտարկեալներն էին՝ Աննա Աբրիկոսովա, որ քոյրն էր Լենինի բժիշկ Աբրիկոսովի։ Ուսանել էր Քէմբրիջի համալսարանում. մօտ 55-60 տարեկան օրիորդ էր, շատ պատրաստուած մտաւորական մի կին, որի հետ զրուցելը հաճոյք էր ինձ համար. վստահելի էր։ Թերթ էր ստանում կարդալու, գաղտնի կերպով ինձ էր տալիս, կամերայումս կարդում էի, ապա յաջորդ օրը վերադարձնում իրեն։ Հմուտ էր անգլիերէն եւ ռուսերէն լեզուներին. նոյն իսկ ինձ մի շարք անգլիերէն բառեր սովորեցրեց, որ այն ժամանակ չգիտէի։ Պատմեց իր բանտարկութեան մասին.
- Անգլիայից վերադարձայ հայրենիքս, աշխատելու, մանաւանդ որ եղբայրս եղել էր Լենինի բժիշկը, մտքովս չէր անցնի, որ բանտ կ՜ընկնեմ։ Մի օր, 1923 թուին էր, Խորհրդային Միութեան մի դեսպանն սպաննուեց Ձուիցերիայում, Վորոնսկի անունով։ Մենք լուր չունէինք։ Մի քանի տասնեակ հոգուս բանտարկեցին Մոսկուայում. մօտ քսան հոգու գնդակահարեցին իբրեւ հակայեղափոխականների, ի պատասխան տերրորի։ Ինձ էլ տասնամեայ բանտարկութեան դատապարտեցին. ահա՜ հինգ տարի է՝ նստած եմ... կը տեսնէք թէ ի՜նչ ռեժիմ է, - վերջացրեց նա։
Մեզ հետ քայլողներից էր նաեւ մի տարեց բժիշկ, որ լուրջ մարդ էր եւ քիչ էր խօսում։ Վստահելի էր։
Մի այլ ծեր մարդ, թզուկի հասակով, լեցուն մարմնով, ճաղատ գլխով եւ երկար, մինչեւ կուրծքն հասնող բացարձակ ճերմակ մօրուքով՝ Վազնեսենսկի անունով ռուս էր, խիստ աստուածավախ եւ կրօնասէր, մի հազիւ քսան տարեկան ռուս երիտասարդ բանտարկեալի աստուածասիրութիւն եւ կրօն էր քարոզում։ Այդ երիտասարդը մի բարեհամբոյր տղայ էր, սիրահարուած էր, երբ իրեն բանտարկել էին. վերջում խենթացաւ բանտում՝ «էվէրին, էվէրին» կանչելով։
Հինգերորդը մի չինացի էր՝ Չան-Չին անունով, որ ձերբակալուել էր Մանչուրիայի սահմանի մօտ։ Ես ծխախոտ էի տալիս Չան– Չիին, սա էլ իմ գուլպաներս էր կարկատում թելերով, շատ նրբին կերպով, որ չինացուն է յատուկ։ Մի թաթարախառն ռուս էլ կար, որ զգացինք, թէ բարի պտուղ չէ, չէինք խօսում հետը, ուստի նրան այլեւս դուրս տարան մեր շարքից։
Աննա Աբրիկոսովայի տուած թերթը գաղտնի կարգում էի կամերայումս մօտ կէս ժամում, մինչեւ վերջին տառը, յետոյ անելիք չունէի, նստում էի եւ անգիր ասում իմացածս բազմաթիւ բանաստեղծութիւններն ու պոէմները՝ Յովհ, Թումանեանի «Անուշը», «Թմբկաբերդի առումը», «Հոգեհանգիստը» ի յիշատակ մէկ ու կէս միլիոն հայ նահատակների, ջարդարար թուրքի ձեռքով կոտորուած, Դերենիկ Դեմիրճեանի «ժամացոյց»ը եւ «Կայմը» բանաստեղծութիւնները, բայց մա՛նաւանդ Լորտ Բայրընի «Շիլիոնի Կալանաւորը» պոէման, որ հրաշալի կերպով թարգմանել է Յովհաննէս Թումանեանը։ Իմ, բանտարկեալիս վիճակին, միանգամայն համապատասխան էր, ահա՛ «Շիլիոնի Կալանաւոր»ի նախերգանքը,
«Ո՜վ ազատութիւն, շո՜ւնչ յաւերժական,
Բանտերում ես դու շքեղ ճաճանչում,
Այնտեղ, ուր յոյսը քեզ բնակարան
Ու քո սէրն է միայն ճանաչում։
Եւ երբ որդիքդ, զարկուած շղթայի,
Անլոյս բանտերում նահատակուելով
Փառաբանում են երկիրն հայրենի՝
Տարածւո՛ւմ ես դու հողմի՜ թեւերով։
Շիլիո՜ն, քո բանտը սրբավայր է միշտ,
Եւ քո տխրալի յատակը՝ սեղան,
Բոնիվարն այնտեղ տանջուեց բազմավիշտ
Թողեց հետքերը քարերի վրան։
Եւ թող մի՛շտ մնան նրանք անջնջում,
Որ բռնութիւնից Աստուա՜ծ են կանչում»։
Ես էլ ա՛յնքան էի քայլել իմ նեղլիկ խուցում, որ ոտքերս հետքեր էին գցել յատակի վրայ։
Գրքեր կարդալու խիստ կարիք էի զգում. դիմում գրեցի բանտի վարչութեան։
Բարեբախտաբար թոյլ տուին, պայմանով, որ վճարէի գրքերի արժէքը. իմ փոքրիկ գումար դրամս իրենց մօտ էր։ Համաձայնեցի եւ գրքերի ցանկ ուզեցի։ Հետաքրքրական ուսումնասիրութիւններ կային. 1) Ակադեմիկոս Օսիպովի «Ամերիկայի Միացեալ Նահանգների մասին» ուսումնասիրութիւնը, 2) «ճապոնիա» վերնագրով մի ուսումնասիրութիւն, մեծ հատոր, 3) Անարխիստ տեսաբան - գործիչ, հռչակաւոր Բակունինի մասին մեծահատոր մի ուսումնասիրութիւն՝ Վազնեսենսկիի հեղինակութեամբ, բոլորն էլ ռուսերէն։ Գները աժան էին, սովետական հրատարակութիւն, բացի «ճապոնիա» գրքից, որ ցարական շրջան հրատարակութիւն էր։
Առաջին հերթին հիմնովին կարդացի Ամերիկայի մասին Ակադեմիկոս Օսիպովի ուսումնասիրութիւնը, որ շատ լուրջ եւ առարկայական էր, վիճակագրական տախտակներով։
Դեռեւս 1927 թուին Ակադեմիկոս Օսիպովը գրում էր, որ Միացեալ Նահանգները սպառում են աշխարհի թղթի վաթսուն տոկոսը, որ պետական գանձարկղում ունի վաթսուն միլիարդ ոսկեդրամ, որ Միացեալ Նահանգների աշխատանքի արտադրողականութիւնը թէ՛ արդիւնաբերութեան եւ թէ՛ գիւղատնտեսութեան մէջ բոլոր երկրներից բարձր է, որ Ամերիկան կապիտալիստ երկիր է եւ այլն։
Այն օրերին ես չէի կարող երեւակայել, որ մի օր իբրեւ գործիչ֊ խմբագիր Միացեալ Նահանգներ կը մեկնեմ, ինչպէս որ եղաւ 1953 թուին, 25 տարիներ յետոյ. եւ ես Միացեալ Նահանգներ ոտք դրի նախօրոք բաւական ծանօթացած այդ երկրին։
Անգլիերէնն էլ ինքնաշխատութեամբ Ամերիկայում սովորեցի, իմացածս ֆրանսերէնի օգնութեամբ։
Յետոյ անցայ «ճապոնիա» գրքին։ Ռուս հեղինակը (անունը մոռացել եմ) 1904-1905 թուի ռուս - ճապոնական պատերազմին եղել էր ռուսական թերթի թղթակից, գերի էր ընկել ճապոնացիների ձեռքը, այնտեղ ապրել էր երեք տարի եւ ուսումնասիրել բաւական հմտօրէն։
Անցայ անիշխանական Միխայիլ Բակունինի կենսագրութեան, Վազնեսենսկիի հեղինակութեամբ։ Անիշխանականներ՝ Կրապոտկինի, Միխայիլ Բակունինի, իտալացիներ՝ Կաֆիէրօ Կարլոյի, Կոստայի եւ Մալատիստոյի մասին շատ կարդացել եւ ուսումնասիրել էի Փարիզում, ուսանողական տարիներիս։ Այժմ հետաքրքրւում էի, թէ ի՜նչ մօտեցում ունեն սովետ տեսաբանները։
Յատկանշական էր Վազնեսենսկիի խանդավառութիւնը այն առթիւ, որ ասում էր՝ «Տեսէք, Միխայիլ Բակունինն էլ կողմնակից էր պրոլետարիատի դիկտատուրային». սակայն Վազնեսենսկին լրիւ կերպով մէջ չէր բերում Բակունինի յայտարարութիւնը պրոլետարիատի դիկտատուրայի մասին, որ ասում է.
«Դիկտատուրայի սկզբունքը պիտի լինի՝ որքան հնարաւոր է շուտ« իր գոյութիւնը դարձնել աւելորդ եւ անպէտք»։
Միխայիլ Բակունինը Կարլ Մարքսի տեսութիւնների հակառակորդն էր եւ պայքարել է Մարքսի դէմ։
֍
Վերոյիշեալ գրքերը եւ մէկ ֊երկու այլ գրքեր կարդալուցս յետոյ, նորէն արգիլեցին գրքեր ունենալս։
Այս անգամ միայն անգիր իմացածս բանաստեղծութիւններով չսահմանափակուեցի. որոշեցի հայոց պատմութեան գլխաւոր թուականները վերջնականօրէն անգիր անել, յիշողութեանս միջից վերականգնելով։ Ես հայ էի, Հայկական Հարց ունէինք՝ որ անտեսուած ու նենգուած էր աշխարհի հզօրների, նենգ դիւանագիտութեան միջոցով. դաշնակցական էի, նուիրուած հայ ժողովրդի արդար դատին։ Հետեւաբար, հիմնովին պիտի տիրանայի մեր պատմութեանը։ հնչպէս որ յիշողութիւնս վերականգնել էի աշակերտութեանս տարիներին, բանաստեղծութիւններ անգիր անելով, այնպէս էլ պատմական շրջաններն ու թուականները պիտի վերականգնէի եւ հիմնովին անգիր անէի։ Դժուար էր« որովհետեւ գրքեր չկային տրամադրութեանս տակ, բայց՝ հնարաւոր էր։ Այդ է, որ այսօր ես յօդուած գրելիս երբեք թուականների համար աղբիւրի չեմ դիմում. արտակարգ յիշողութիւն ունեմ եւ այս մասին շատերն են վկայում։ Միայն մէկ բանի մէջ յիշողութիւնս թոյլ է. երբ մի թուղթ մի տեղ եմ դնում, յետոյ չեմ կարողանում յիշել տեղը... Սա էլ մնացել է բանտից. չէ± որ բանտի խուցում որեւէ իր որեւէ տեղ դնելու հնարաւորութիւն եւ կարիք չկայ, եւ որովհետեւ ես երկու տարի շարունակ սովետական բանտերում եղայ, յիշողութեանս այդ մասը ոչնչացաւ. սա՝ հոգեբան֊ բժիշկների ուշադրութեանն եմ յանձնում։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ. - հ տես աշխարհի մեծերի անտարբերութեան, յաճախ արտասանում էի Դերենիկ Դեմիրճեանի «Կայմը» բանաստեղծութիւնը.
«Ծովի բացերն ազատ, վայրի,
Ուր մրրիկն է տրտնջում զուր,
Ընկած է գիրկն ալիքների
Մի կայմ բեկուած, յուսակտուր։
Մերթ նա յանկարծ նետւում է վեր,
Մերթ յուսաբեկ իջնում նորից,
Եւ քանի որ կեանքն է աւեր,
Չի տրտնջում արդէն հիմի.
Իր կեանքն արդէն տխուր կատակ,
Մերթ վեր, մերթ վար, օրը օրին,
Ցածում է զուր, յոգնած, մենակ....»
Սա՝ Հայկական Հարցն էր խորհրդանշաբար. մի կայմ, բեկուած, յանձնուած գոռ ալիքների քմայքին...
Եւ արցունքներս հոսում էին. ապա՝ մի զայրոյթ էր համակում ինձ, աշխարհի հզօրների եւ անիրաւների դէմ. աւելի էի ամրանում իմ հաւատքիս մէջ, որ մի օր նահատակ հայ ժողովուրդը պիտի տիրանար իր արդար իրաւունքներին, եւ ես պատրաստ էի կռուի կոչել ամէնքին...
֍
Ձմեռը մօտենում էր, ո՛չ տաք հագուստ ունէի, ո՛չ վերմակ (վերմակս Մետեխում նուիրել էի սասունցի ընկեր Արտաշէս Ստեփանեանին). բարակ, բանտային ծածկոցը (ադեալ) ինձ չէր պաշտպանի 40-45 աստիճան զերոյից վար ցրտին, որ ունէր Եարոսլաւլը։
Մի օր էլ յանկարծ, անսպասելիօրէն ստացայ տաք վերարկու, գլխարկ, թաղիքէ երկարաճիտ կօշիկներ եւ մի քէյք-անուշեղէն։ Մայրիկս, առանց լեզու (ռուսերէն) իմանալու, ինչպէ՞ս էր հասել Եարոսլավլ* (Յետոյ իմացայ, որ մի ասորի կին էր վարձել, ռուսերէն իմացող եւ եկել Եարոսլավլ), հազարաւոր կիլոմեթրներ Երեւանից հեռու։ Ինձ տեսակցութիւն չտուին մայրիկիս հետ... Նորից հասկացայ իշխանութեան դաժանութիւնը։
Հացադուլ յայտարարեցի, բողոքելով, որ մայրիկիս հետ տեսակցութիւն չտրուեց, գործս էլ անորոշ վիճակի մէջ է։ Մայրիկիս բերած քէյքը դրի կոնսոլի (պատին յենուած սեղանիկ) վրայ, ձեռք չտուի։
1930 թուի Յունուար 24-ին բանտապետը կանչել էր. ներկայացայ։ Բանտապետը գնդապետի աստիճանով, ամրապինդ կազմուածքով, ծանրախօս մէկն էր։ Սկսեց ինձ յորդորել, որ հացադուլիս վերջ տամ։ Տեսայ, որ իր սեղանի վրայ Լենինի նկարը կար, դէմքը դէպի ինձ։ Մերժեցի վերջ տալ հացադուլիս։ Երբ կամերաս վերադարձայ, անդրադարձայ Լենինի նկարին. երեւի մահուան չորրորդ տարելիցն էր, եւ բանտապետն ուզում էր, որ այդ օրը հացադուլի մէջ չլինէի։ Բայց ես արդէն յայտարարել էի, որ շարունակելու եմ։ Բանտապահն էլ տեսնում էր, որ մայրիկիս բերած քէյքը բորբոսնել էր, ձեռք չէի տուել։
Տասնութ օր տեւեց հացադուլս, երբ յայտնեցին, որ Մոսկուայից քննիչ պիտի գայ։
֍
Ինձ կանչեցին Մոսկուայից եկած քննիչի մօտ։ Կին էր քննիչը, Անդրէեւա կոչուած, սովետ գործիչ Անդրէեւի աղջիկը։ Բարձրահասակ, դաժան դէմքով մի կին. հարցրեց, թէ որտեղից եմ եկել Սովետ Միութիւն. պատասխանեցի՝ Ֆրանսիայից.
- Դուք ֆրանսական ագենտ էք, - ասաց։
- Ուրեմն ով որ Ֆրանսիայից է գալիս, ֆրանսական ագե՞նտ է, - ասացի։
- Այո, այդպէս է, - պատասխանեց։
- Դուք յեղափոխական խիղճ եւ փաստ ունէ՞ք, -
- Մենք գիտենք, - ասաց։
- Եթէ ձեր բոլոր գիտցածներն այդպէս են, ցաւում եմ ձեզ համար, - ասացի եւ ոտքի կեցայ, - այդպիսի անհիմն մեղադրանքով էք ինձ տարիներ պահում ձեր բանտերում...
(Հետագայում, երբ 1937ին ստալինեան մաքրագործումները տեղի ունեցան, Անդրէեւի գլուխն էլ կերան, թերեւս նրա հետ նաեւ՝ Անդրէեւայի, որ զրպարտել էր ինձ)։
֍
Մի դեղին, գրպանի ժամացոյց ունէի, որ դնում էի սեղանիկիս վրայ։ Հացադուլի մէջ եղած ժամանակ այդտեղ եւս զգայախաբութիւն ունեցայ։ Պառկած էի վերարկուս եւ թաղիքէ երկարաճիտ կօշիկներս հագիս (վերմակ չունէի, հագուստով էի պառկում). մէկ էլ զգացի, որ մի մեծ, սեւ շուն, թաթերը երկու կողքերիս դնելով ծանրօրէն, բարձրանում էր դէպի դէմքս. յետ մղեցի շանը, ժամացոյցը երեւաց աչքիս՝ ժամի երեքն էր. բայց ժամացոյցը հորիզոնական դիրքով էր սեղանիկին վրայ, երբ նստեցի տեղս եւ նայեցի ժամացոյցիս, ճիշտ ժամի երեքն էր... հնչպէ՞ս էր, որ պառկած տեղս տեսել էի հորիզոնական դիրքով ժամացոյցի ժամի երեքը։ Մինչեւ այսօր ինձ համար հանելուկ է. թերեւս հոգեբանները լուծեն այս հանելուկը։
Ահռելի ցուրտ էր. պատուհանիս ապակին սառել, սառցակալել էր. եթէ երբեմն դուրս էի գալիս բակը պտոյտի, գլխարկս քաշում էի ճակատիցս ներքեւ, որովհետեւ սառնամանիքը օղակի պէս սեղմում էր ճակատս. բեխ ու մօրուք ունէի, իսկոյն սառոյց էր կապում. կամերաս վերադառնալով, մօտ կէս ժամ էր տեւում, մինչեւ որ մօրուքիս սառոյցները պոկում էի։ Արդէն կամերաս էլ ցուրտ էր, իբր թէ շոֆաժ կար, բայց ձեռքս չէր այրում, այնքան քիչ էին վառում։
Եարոսլաւլի ագռաւները՝ ճերմակ ու սեւ, մեծամարմին, առատ փետուրներ ունէին։
ԵԱՐՈՍԼԱՒԼԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԸ կոչւում էր «ընդհանուր Օգէպէուի (Չեկայի) Ցատուկ բաժին»։ Այնտեղ էին ուղարկում Մոսկուայից բացառիկ կարեւորութիւն ունեցող բանտարկեալների. պատմում էին, որ այս «իզոլեատոր»ում նստել է Լենինի տերրորիստ սոցիալիստ-յեղափոխական օրիորդ Կապլանը. Լենինը վիրաւորուել էր, ասել էր՝ «Քաջ կանանց կեանքը պիտի խնայել», եւ Կապլանին տուել էին ցմահ բանտարկութիւն, ապա քշել էին Սիբիրի բանտերը, ուր մեռել էր անյայտութեան մէջ։
Եարոսլաւլի մեկուսարանն են բերած եղել նաեւ Լեւ Տրոցկուն, ապա վտարել են արտասահման։
Թերթում կարդացել էի, որ նաւով, երբ Պոլիս էր հասել Տրոցկին, Մուստաֆա Քեմալին պատգամ էր ուղարկել՝ «Ձեր երկիրը չեկայ իմ ազատ կամքով, սը՛ր, այլ՝ զիջելով բռնութեան», բայց «ընկեր Քեմալը» ապաստան չէ՛ր տուել «ընկեր» Տրոցկուն, ուստի սա մեկնել էր Մեքսիքօ, հետագայում զոհ դառնալու համար «ընկեր» Ստալինի ուղարկած տերրորիստին։
֍
Քրէական յանցագործները ի պատուի էին սովետ բանտերում. «Երանք նախորդ հասարակակարգի զոհեր են», - այսպէս էին պատճառաբանում բոլշեւիկները։ Եւ ահա մեր քաղաքական բանտին կից քրէականների բաժնում տեղի էին ունենում դասախօսութիւններ, ներկայացումներ եւ երաժշտական երեկոներ, քրէականներին դաստիարակելու, ուղղելու համար. կային յատուկ «ուղղիչ տներ», գողերին, աւազակներին, մարդասպաններին ուղղելու համար։
Երբ քրէականների համար երաժշտական երեկոյ էր լինում, եւ մեր եւ նրանց բաժանող դուռը ներքեւում մէկ րոպէ բաց էին անում, երաժշտութեան ձայնի ալիքներն հասնում էին ինձ... Ցուզւում էի, որովհետեւ ամիսներ էր, որ երաժշտութեան ձայն չէր հասել ականջիս։ Երաժշտութիւնը միջազգային լեզու է, մատչելի բոլորին եւ հաճելի, մինչդեռ միջազգայնականներն էին, որ մեզ զրկել էին այդ լեզուից...
֍
1930 թուի Փետրուարի սկիզբն էր, որ եկան ինձ Եարոսլաւլի մեկուսարանից Մոսկուա տանելու։ Նախ ուզեցին խուզել մօրուքս, որ աճել էր, չթողի. միայն շտկեցին։ հնձ այս անգամ նստեցրին մի մարդատար ինքնաշարժ, որ լաւ տեսք ունէր, երկու զինուորական հագուստներով չեկիստներ հետս։
Մոսկուայի կայարանում ինձ նստեցրին մի նստարանի վրայ։ Պատգարակի վրայ պառկած, վիրակապերով մի վիրաւոր երիտասարդ բերին դրին ճիշտ դիմացս։
Զարմացայ՝ տեսնելով ցարական ժանդարմների հագուստով մի քանի զինուորականներէ որոնք յաճախ սուլում էին բերնի փոքրիկ սուլիչներով։ Մէկ էլ տեսնեմ վիրակապերով ծանր վիրաւոր երիտասարդը շատ առոյգ վեր կացաւ եւ հեռացաւ պատգարակից. պատգարակի կտաւի վրայ մի խոշոր, չորացած արեան հետք կար... «նոմեր է (խաղ), մտածեցի ես եւ միանգամայն անտարբեր տեսք ընդունեցի (սպանութեան, տերրորի ակնարկ էր)։ Յետոյ ինձ փոխադրեցին մի կամերայ, ուր երեք ռուս երիտասարդներ կային, յատակին նստած. ես էլ նստեցի յատակին (աթոռ չկար)։ Եւ ահա ռուս երիտասարդներն սկսեցին հայհոյել ռուսական եռայարկ հայհոյանքով՝ «Եկել է մեր կամուրջները պայթեցնելու, գործարանները օդը հանելու, սաբոտաժներ կազմակերպելու... ես դրա....»։
Ես անտարբեր տեսքով դիտում եւ լսում էի, առանց մէկ բառ արտասանելու։ Տեսնում էի, որ նոր «նոմեր» (խաղ) է։
Այդտեղից ինձ նստեցրին Չեկայի մարդատար օթոն, որի մեքենավարը մի յաղթանդամ ռուս էր, ձեռքի թաթերը փոքր երեխայի գլխի չափ.... (մինչեւ այժմ աչքիս առաջն է)։ Քշում էր մրրկի նման, մռլտալով հայհոյանքներ (Չեկայի օթոն միշտ շատ արագ են քշում եւ տակը ընկնողին պատասխանատու չեն)։ Տեսայ, որ փողոցը մեծ ցախաւելներով մաքրում էին ռուս կանայք (խախլուշկաներ), զարմացայ։
Մտցրին մի շէնք. բանտարկեալներ հերթի էին կանգնած. ես եւս կանգնեցի. Սեղանի ետեւի քննիչ չեկիստը սկսեց մէկ առ մէկ հարցնել անուն, ազգանուն. «Բիտոնով» (նաւթի թիթեղեան), ասաց մէկը. «ժարով» (տաք– եան) ասաց յաջորդը, «Պաժարով» (հրդեհ-եան), «Բոմբով» (ռումբ-եան)...։ Պարզ էր ինձ համար, նոմերներ (խաղեր) էին. ես սառն ու անտարբեր էի։ Այդ բանտը կոչւում էր «Դոմ 14» (14-րդ տուն). մի կամերայում խռնուած էինք։ Բերին նաեւ մի խումբ փողոցում ձերբակալուածների. մէկ հայ կար, հարցրի պատճառը, ասաց. «Դրսում աղմուկ լսեցի, խանութից դուրս եկայ՝ տեսնեմ ինչ է պատահել, ինձ էլ ձերբակալեցին...»։
Մի ռուս երիտասարդ ինչ որ դէպքի մասին էր պատմում, «արմեաշկայ» (հայուկ) բառը գործածեց, որ յատուկ էր ցարական ռեժիմին, երբ հայերն արհամարհուած էին. եւ ահա սովետական իշխանութեան օրերին էլ նոյն նուաստացուցիչ բառը...
Մի տարեց ռուս մրսում էր, ուզում էր մի քիչ քնել, վերարկուս գցեցի վրան. «Դուք շատ բարի էք», ասաց եւ մէկ ժամ քնեց։ Երբ արթնացաւ՝ «Դուք ինձ փրկեցիք, թէ չէ՝ չէի կարող քնել, կազդուրուել այս դժոխքում», - ասաց։
Այդ կամերան կոչւում էր «պերեսըյնըյ պունկտ» (փոխանցիչ կէտ). այդտեղից ինձ տարան «Լուբեանկայ»ի բանտը, որի անունը սարսափ էր ազդում բանտարկեալներին եւ քաղաքացիներին, որովհետեւ այդ բանտը տարուողների մեծ մասը գնդակահարման թեկնածուներ էին.... Նախկին հիւրանոցի շէնք է եղել, որ բանտի էին վերածել։ Եօթ հոգի բանտարկեալներ կային. մէկ բարձրահասակ, տպաւորիչ մտաւորականի շուրջ երեք հոգի կային, որ նրա հետ խօսում էին։ Ինձ տեղ տուին մի վրացի բանտարկեալի մօտ։ Վրացին սկսեց մտերմաբար խօսել հետս, իբրեւ կովկասցու։ Ասաց, որ այն մտաւորական լուրջ բանտարկեալը կոչւում է Վերշինսկի, յայտնի ճարտարապետ է, չի թողել, որ իր գրքերի վրայ տպեն՝ «Պրոլետարնե՛ր, բոլոր երկրների, միացէ՛ք» լոզունգը, այժմ իրեն եւ իր երկու հազար հետեւորդներին բանտարկել են իբր «պետական հարուած» կազմակերպողների։ Յարական շրջանի յայտնի ճարտարապետներից էր եւ շատ գրքեր ունէր գրած։
Մեր կամերան մութն էր. պտոյտի դուրս չէին բերում, առաւօտուն վաղ ժամին տանում էին պէտքարան, որ բաց էր. մի ռուս յաղթանդամ եպիսկոպոս կար մեզ հետ, նստում էր պէտքարանի անցքի վրայ եւ զորս դու պատուիրեցեր... Միւս ռուսներն էլ՝ նոյնպէս։ Ես, իբրեւ հայ, ամօթխած էի եւ երկու օր ինձ զսպեցի, բայց երրորդ օրը ճարը չկար, ես էլ նստեցի... միւսների ներկայութեամբ, որ հերթի էին կանգնել։ Յիշեցի Թիֆլիսի Չեկայի բանտի ղրիմցի հային, որ ամէն անգամ ասում էր՝ «Ես դրանց... պէտքարանն անգամ խնայում են մեզ համար»։
Երրորդ գիշերուայ ժամի մէկին, կէս գիշերից անց , եկան Վերշինսկուն կանչեցին... «ռասխոդ»... (սովետական բանտերին յատուկ բառ... բառացի նշանակում է՝ «ծախսել», գործածւում է գնդակահարութիւն բառի տեղ...) շշնջացին բանտարկեալները։
Երկու գիշեր անց, կէս գիշերուայ ժամը տասներկուսին եկան եւ չեկիստը կարդաց իմ անունս, այսպէս՝ «Տէր Ակոնեան»... (ռուսները չունեն «հ» հնչիւնը, Օհանեանը արտասանում են՝ Օգանեան, իսկ Ագոնիա նշանակում է հոգեվարք).
- Ուրեմն՝ Տէր Ագոնիա, (այսինքն՝ Տէր Հոգեվարք....)։
- Շտապիր, - ասաց ռուս չեկիստը։
- Ես մեքենայ չե՛մ, - ասացի բարկացած եւ մի վճռականութիւն համակեց ինձ։
- Ռասխոդ.... ռասխոդ... շշնջացին բանտարկեալները, - երիտասարդ է...
Չեկիստի հետ դուրս եկայ շէնքից. մի «սեւ ագռաւ» (Չեկայի փակ ինքնաշարժը սեւ գոյնի ունի եւ ժողովուրդը «Սեւ ագռաւ» անունով է կոչել, որ չարագուշակ է)։
«Սեւ ագռաւի» մուտքը յետեւի կողմից է, աստիճաններով. մի շատ նեղ միջանցք, ապա երկաթաճաղ դուռ, ներսում լցնում են բանտարկեալներին իրար սեղմուած։
Երբ աստիճաններով բարձրացայ եւ ոտքս դրի նեղ միջանցքի մէջ, ինձ սեղմեցին ձախ կողմի պահարանը եւ դուռը քաշեցին... մնացի սեղմուած այդ պահարանի մէջ, ոտքի վրայ։ Ինքնաշարժը սկսեց շատ արագ սլանալ.... Պահը կրիտիկական էր, ականջիս հնչում էր՝ «Տէր Ագոնիա, Տէր Ագոնիա....»։
Այդ պահուն յիշեցի Քրիստափոր Միքայէլեանին... Ամուր կաց, ամուր կաց, սիրտ էի տալիս ինքս ինձ։
- Եթէ այստեղից ողջ պրծնեմ, անունս Ամուրեան պիտի դնեմ, - մտածեցի։
«Սեւ ագռաւը» կանգ առաւ. պահարանիս դուռը բաց արին, թէ՝ իջի՛ր։
Երբ ցած իջայ, ռուս չեկիստը չարախնդութեամբ ասաց.
- Դէ ի՞նչ է, լաւ էր, չէ՞։
Չպատասխանեցի։ Այս անգամ ինձ նորէն բերել էին՝ Բուտիրկայի բանտը։ Մտցրին մի խուց՝ թիւ տասներեք։
«Տասներեքը չար թիւ է, մինչեւ առաւօտ ինձ կարող են տանել գնդակահարել», մտածեցի եւ մինչեւ լոյս արթուն մնացի, ամէն մի ոտնաձայնից կասկածելով։
Լոյսը բացուեց... այդ գիշերուայ վտանգն անցել էր, ջղային յուզումներով. բայց կային յաջորդ գիշերները։
Ցերեկը պառկեցի եւ խորը քուն մտայ, ջղերս քայքայուել էին։ ճաշը՝ ձկան փշերով ապուր, մերժեցի. խմելու ջուր պահանջեցի հերթապահից. սիրտս այրւում էր։
Նորից հացադուլ յայտարարեցի, սակայն ջուր խմում էի։ Ես արդէն վարժուել էի անօթութեան, սա երրորդ հացադուլս էր։ Երրորդ օրը սկսեցի ոտքով հարուածել դոյլի կափարիչին եւ գոռալ. կափարիչը ծռմռուեց։
- Բանտարկեալը փոթորկոտ կովկասցի է, լսեցի դէպի բակը նայող կամերաներից, ռուս բանտարկեալների խօսքը։ Ռուսները կովկասցիներին համարում են տաքարիւն եւ ըմբոստ մարդիկ։
Հերթապահը դուռս բացեց եւ ասաց.
- Գիտէք, որ մենք բաշնեա* (աշտարակ) ունենք. կը տանենք այնտեղ։
(*Պուգաչովսկայա բաշնեա . - Պուգաչովեան աշտարակ, որի մէջ նստեցրել էին ապստամբ ռուս Պուգաչովին, որին յետոյ կախեցին, ցարերի օրօք։
Այդ աշտարակը յայտնի է ռուս պատմութեան մէջ)։
- Միեւնոյն չէ՛ այստեղ քաղցել կամ աշտարակում, պարոն, ասացի ծաղրելով։
«Պարոն» բառը նրա համար վիրաւորական էր. չասացի «տովարիշչ» (ընկեր)։
Եւ ի՞նչպէս կարող էի «ընկեր» ասել ինձ մահուան դուռը հասցնողներին։
Լսել էի բանտում, որ հացադուլաւորներին չեն գնդակահարում, մինչեւ որ չդադարեցնի։
Չորրորդ օրը, ինձ հարցաքննութեան կանչեցին։
Նստեցի սեղանի մօտ, որի ետեւի պատը տախտակից էր։
Դուռը բացուեց, ներս մտաւ ցարական ժանդարմի պէս հագնուած (նմաններին տեսել էի կայարանում, այս մասին գրել եմ նախորդ էջերում), փայլուն երկարաճիտ կօշիկներով (սապօգ), կողքին՝ փայլուն սեւ կաշուից ատրճանակի աման, մէջքին՝ գօտի, շուրջ 40-50 տարեկան, շէկ մազերը մի կողմի վրայ սանտրած, սլաւոնին յատուկ, բաց դեղնագոյն մորթով, մսոտ քթով, կապոյտ աչքերով մէկը։
Ձայնը բամբ էր, երբեմն որոտագին։
Նստեց, հանեց մի հարցարան. - անուն - ազգանուն։
- Ի՞նչ բանի համար էք հացադուլ յայտարարել, - հարցրեց։
- Վիճակիս անորոշութեան համար, - ասացի։
Այդ պահուն նա իր ծխախոտը նետեց քովի թղթէ զամբիւղի մէջ, զամբիւղը բռնկեց... ես ձայն չհանեցի (կ՛ուզէր, որ բացագանչէի՝ պաժար (հրդեհ)։ Նա ոտքով յանգցրեց կրակը, մռլտալով քթի տակ։ Ապա վեր կացաւ, օդանցքը բաց արաւ, որ կարիք չկար, ցուրտ էր։ Ես դարձեալ լռեցի, հասկանալով, որ դրանք նոմերներ են։
Նստեցի, ինչ որ բան գրելիս սկսեց քթի տակ հայհոյել, ռուսական եռայարկ հայհոյանքով։ (Ուզում էր հասկացնել, թէ իբր ես հայհոյել եմ*... * Կեանքումս սովորութիւն չունեմ հայհոյելու, միայն ստախօսների նկատմամբ գործածում եմ ստահակ բառը, որը նշանակում է սուտի հակում ունեցող)։
- Վերջ տուէք հացադուլին, - ասաց։
- Քսան ամիս է, որ նստած եմ եւ քարշ են տափս ինձ բանտէ-բանտ, անորոշ վիճակում. վիճակս որոշէք, - ասացի։
Նա որոտաձայն յայտարարեց.
- Կամ քեզ կը գնդակահարենք, կամ՝ կը քշենք հեռո՜ւ եւ կը հետապնդենք մինչեւ գերեզմա՛ն։
Երբ ասում էր՝ «կը քշենք հեռո՜ւ», այդ րոպէին տախտակէ պատի ետեւից լսուեց ձիու խրխինջ...։ Ես ներքուստ ուրախացայ, որովհետեւ ձին թէ՛ երազների, եւ թէ՛ հեքիաթների մէջ բարի նշան է։
Մինչեւ այսօր քննիչի ձայնը ականջումս է։
- Ի՞նչ է Ձեր անունը, - հարցրի։
- Եակուշեւ, - ասաց բարձրաձայն։
Ինձ ծանօթ թուաց այդ անունը.... Եակուշեւ, Եակուշեւ, կրկնում էի մտքումս, ո՞րտեղ եմ լսել այդ անունը, Աստուած իմ։
Երբ կամերաս վերադարձայ, սկսեցի յիշողութիւնս փորփրել եւ ահա՛ յանկարծ յիշեցի. Փարիզի ռուս տարագիրների թերթում կարդացել էի յայտնի սոցիալիստ– յեղափոխական Վլադիմիր Լվովիչ Բուրցեւի* (* Վլադիմիր Բուրցեւը դիմակազերծել էր «Օխրանա»յի երեսունմէկ լրտեսների. նաեւ՝ տխրահռչակ Ազեֆին։ Ապա ինքը ագենտներ էր մտցրել «Օխրանա»յի մէջ։ Հիմնել առաջին Չեկան Փարիզում) մի յօդուածը ցարական «Օխրանա»յի նախկին լրտես, ապա՝ Չեկայի լրտես դարձած Եակուշեւի մասին։ Երբ Ռուսաստանում տեղի է ունենում բոլշեւիկեան յեղափոխութիւնը, «Օխրանա»յի ագենտների մէկ մասը փախչում է Լեհաստան։ Այդտեղից «Օխրանա»ն Եակուշեւին ուղարկում է գաղտնի ճամբով Ռուսաստան, կապ պահելու, կազմակերպելու Ռուսիոյ «Օխրանա»յի ագենտներին։ Երբ Եակուշեւը ոտք է դնում ռուսական հող, տեսնում է, որ ընկել է Չեկայի ցանցը....։ Չեկան առաջարկում է Եակուշեւին՝ կամ իր գործակալը դառնալ, կամ՝ գնդակահարուել։ Եակուշեւն ընտրում է առաջին առաջարկը եւ դառնում է Չեկայի կարեւոր ագենտը։ Ապա՝ Չեկայի կողմից ուղարկւում է Եւրոպա, փոխարքայ Նիկոլայ Նիկոլայեւիչի մօտ, իբրեւ «Օխրանա»յի ագենտ. փոխարքան չի կասկածում, Եակուշեւը միապետականների բոլոր գծերն ու կապերը մատնում է Չեկային, նոյնիսկ կազմակերպում է միապետական գործիչ, յայտնի Կուտեպովի առեւանգումը Փարիզից։
Ահա՛ այս Եակուշեւն էր իմ քննիչս...
Մտահոգութիւն. - Մոսկուայի բանտում գտնուելս իր մտահոգութիւններն ունէր։ Արդեօք դրսի ընկերներս ինչպէ՞ս են, լեզուները փա՞կ է։ Իմ լեզուս հօ փակ է, բայց գիտեմ, որ նրանք էլ անհոգ չեն։ Հետագայում, երբ Թիֆլիսի Օրթաճալի բանտումն էի, մայրիկիս հետ տեսակցութեան ընթացքում պատմեց, որ երբ Մոսկուա է մեկնել պարսից դեսպանին տեսնելու, իմ խնդրիս առթիւ, պատահել է նաեւ տէր Արսէն քահանայ Սիմօնեանին. սա ասել է. «Օրհնուես դու, որ այդպիսի զաւակ ես դաստիարակել. լեզուն փակ է, բոլորս ապահով ենք»։
Մայրիկս դիմել էր նաեւ մօրաքրոջ որդի Հայկ Բժշկեանին (Գայ), որ դասախօս էր Մոսկուայի Զինուորական Ակադեմիայի։ Հայկը խոստացել էր իր կարելին անել, ինձ օգտակար լինելու համար, մանաւանդ որ ինձ յիշում էր Թիֆլիսից։
Մայրիկս պատմեց նաեւ, որ Մոսկուայում Աղամովների առեւտրական գրասենեակում եղած ժամանակ, երբ իմ բանտարկութեան մասին խօսք է եղել, թաւրիզեցի մի հնչակեան՝ Առաքել Պատմագրեանը ասել է. - «Տե՛ղն է, այդ դաշնակը շատ կոմսոմոլներ է ջարդել Թաւրիզում....»։ Աղամովները նրան դիտողութիւն են արել, որ բանտարկեալի մասին նման բաներ չեն ասի։ Նոյն այդ Պատմագրեանի կրտսեր եղբայրը՝ Աշոտ Պատմագրեանը, որ Փարիզում «Մոսկուայի աչք» մականունն ունէր, նոյն արտայայտութիւններ էր ունեցել իմ մասին. քննիչս անուն չտուեց, բայց նոյն արտայայտութիւնն էր գործածել, ինչ որ իր մեծ եղբայրը։
Թաւրիզում Թեմական դպրոցի աշակերտութեան մէջ բախումներ եղել էին 1923-ից մինչեւ 1930 թուականը, մինչդեռ այդ թուերին ես Թաւրիզում չէի, Եւրոպայում ուսանում էի մինչեւ 1928 թիւը, այս թուից էլ մինչեւ 1930 թիւը սովետական բանտերում էի եւ կոմսոմոլ չէի կարող ծեծել....
Հացադուլիս եօթներորդ օրուայ առաւօտեան եկան, յայտնեցին, որ վերջ տամ հացադուլիս, ինձ Թիֆլիս պիտի ուղարկեն։
1930 թուի Մարտ ամսուայ կէսերն էր։ Գնացքով մեկնեցինք, մէկ ռուս չեկիստի եւ մէկ պահակի ուղեկցութեամբ։ Կուպէում, ուր ինձ նստեցրին, կար մի ռուս քաղաքացի, իր կնոջ եւ փոքր երեխայի հետ։ Սա լաւ նշան էր, խստութիւն չկար։ Ես մօտ երկու տարի էր, որ փոքր երեխայ չէի տեսել, մխիթարւում էի երեխային տեսնելով, բայց չէի խօսում նրանց հետ։ Նրանք էլ հասկացել էին, որ բանտարկեալ եմ, չէին խօսում, բայց երբեմն բարի հայեացք էին նետում ինձ վրայ։ Մօրուքով էի, այդ եւս նշան էր, որ բանտարկեալ էի, նիհարած՝ հացադուլի հետեւանքով։
- Թիֆլիսի Չեկայի բանտում նորից ինձ մտցրին նեղ ու ծուռ միջանցքներով մութ կամերաներից մէկը։ Երկու վրացիներ կային, մէկ հայ, անունը՝ Աբովեան։
- Դուք քանաքեռցի՞ էք, - հարցրի։
- Այո՛, - պատասխանեց, - Խաչատուր Աբովեանի սերնդից եմ։
Մի վաթսուն տարեկան, ճերմակահեր, կէս ճաղատ գլխով, ամուր կազմուածքով մէկն էր։ Ես յարգանքով տոգորուեցի։
Ծխախոտ չունէի, նա ունէր, ես ձեռքի սապոն (օճառ) ունէի, ասաց՝ «Եթէ ինձ սապոն տաք, ես Ձեզ ծխախոտ կը տամ», սապոնս տուեցի, ինձ հինգ հատ ծխախոտ տուեց Աբովեանը։
* * *
Ինձ տարան քննիչի մօտ։ Հայ էր, Պօղոսեան անունով։
- Ձեզ պիտի լուսանկարենք, յետոյ ես Ձեզ պիտի ուղարկեմ Պարսկաստան, - ասաց հեղինակութեամբ, բայց ինձ զգացնել տալով իր բարեացակամութիւնը։
Նկարուեցի, մօրուքով նկարս յետոյ փակցրել էին անցագրիս (Թաւրիզում քրոջս ամուսինը՝ Ալեք Սագինեանը չթողեց, որ պատռեմ այդ նկարս, մինչեւ այժմ էլ ունեմ)։
Երբ կամերայ վերադարձայ, երկու վրացիները հարցրին, թէ ի՞նչ եղաւ. ասացի, որ լուսանկարեցին եւ յայտնեցին, որ Պարսկաստան պիտի ուղարկեն ինձ.
- Այսօր Ապրիլի մէկն է, քեզ խաբել են, - ասացին....
Օրթաճալայի նահանգային բանտում ինձ դրին մի կամերայ, ուր իննսուն տոկոսով Թիֆլիսի կինտօներ էին բանտարկուած. սրանք տեսան, որ իրենցից տարբեր տիպի մարդ եմ, ինձ նստեցրին կամերայի վերի գլուխը, թախտի վրայ։ Մէկը նրանցից հարցրեց. «Ախպէր ջան, դու մեզանից չես, քեզ ինչի՞ են բերել մեզ մօտ»։
- Սիրելիս, ես էլ չգիտեմ թէ ինչո՛ւ, - ասացի։
Իմ այս «սիրելիս» բառը նրանց շատ դուր եկաւ, եւ սկսեցին այնուհետեւ ինձ պատիւներ տալ, մանաւանդ Մուկուչ անունով մի կինտօ, որ լաւ երիտասարդ էր։ Երբ ճաշը բաժանում էին, կինտօները առաջին հերթին իմ պնակս էին բերում տալիս ինձ, յետոյ իրենցն էին վերցնում։
- Ի՞նչ բանի պէտք ունես, - հարցրեց Մուկուչը։
- Ծխախոտի, - ասացի։
Իսկոյն «մախորկայ» կոչուած ծխախոտ տուին ինձ։ Այս մախորկան ամենահասարակ, բայց քիչ վնասակար է. ծխախոտի ճիւղերի կտորտանքն է, պիտի փաթաթել թղթի մէջ եւ ծխել։
- Ձեզ ինչո՞ւ են բանտարկել, - հարցրի։
- Նալոգի (տուրք) համար, էնքան նալոգ դրին մեր վրայ, որ չկարողացանք վճարել, բանտարկեցին։ Ոմանք մեզնից ձու, կանաչի, պտուղ, ձուկ ծախողներ են։ (Այն տարիներին դեռեւս ՆԷՊ-ի՝ Նոր տնտեսական քաղաքականութեան հետքերը կային. 1930ից սկսուեց Ստալինի կոլխոզների քաղաքականութիւնը, եւ ամէն մասնաւոր նախաձեռնութեան վերջ տրուեց)։
Ցերեկները կինտօներին տանում էին աշխատանքի։ Մուկուչին հարցրի, թէ ի՞նչ են անում. «Սեւ հո՛ղի վրայ աշխա՛տում ենք...»։ Ուրեմն՝ հող էին փորում։
Կամերան ընդարձակ էր. երեկոները կինտօները պար էին բռնում եւ երգում։ Մէկը կար, որ կինտօ չէր, նրան չէին վստահում, եւ իսկապէս, որ ընթացքը կասկածելի էր, երգելու ժամանակ անպարկեշտ բառեր էր արտաբերում։
Մայրիկս տեսակցութեան եկաւ, խնդրեցի, որ բանտի խանութից շատ ծխախոտ գնի, բաժանեցի կինտօներին՝ իբրեւ պարտքիս փոխհատուցում։ Շատ տպաւորուեցին եւ ինձ արդէն իրենցից էին հաշւում, մանաւանդ, երբ ասացի, որ 1917-1919 թուերին Թիֆլիս եղած ժամանակ կինտօ ծանօթներ եմ ունեցած։ Գաբրիէլ Սունդուկեանի «Պէպօ» պիէսն էլ յաճախ տեսել եմ Արտիստական թատրոնում։
«Կարդացուոր մարդ ա», - ասում էին իրար կինտօները։
Բանտարկութեանս ընթացքում հաճելի պահերը կինտօների հետ եղան։
Ապա ինձ դրին մի ընդարձակ կամերայում, առանձին։ Պտոյտի էլ դուրս չէին բերում։ Թախտ էլ չկար, պառկում էի գետնին. այս անգամ էլ մկներն ինձ հանգիստ չէին տալիս, մի տեսակ մուկ տեսայ, որ զարմանալի էր. ոտքի թաթերի մատները գնդիկներ ունէին։
Կամերաներից ազատ բանտարկեալները յաճախ բաց էին անում դռանս դռնակը, նայում, երբեմն էլ արտայայտութիւններ անում, երեւում էր, որ նրանց մէջ լրտեսներ կային։
Դռանս դիմացի պատի վրայ գրել էին՝ «Մա՛րա, սիրելիս....»։ Մարա անունով մի սերբ բարեկամուհի ունէի Փարիզում, նրա անունն էր։ Ուրեմն Փարիզի իմ կեանքս լրտեսել էին։
Մի անգամ էլ, երբ մայրս ուտելիք էր բերել, փաթաթել էր ռուսերէն տպագրուած թղթերի մէջ. կարդացի՝ «Կնեազ Եգոր Մելիք Վարդանեան...» Կնեազ նշանակում է իշխան, ազնուական... Մայրս ռուսերէն չգիտէր, բարեբախտաբար ուտելիքը քննող վրացիներն էլ չէին կարդացել. պատռտեցի։ Եգոր Մելիք Վարդանեանը մայրիկիս հօրեղբօր տղան էր Թիֆլիսում, անցեալում հարուստ էր եղել. տուն եւ այգի ունէր Թիֆլիսում, բոլշեւիկները գրաւել էին, իրեն մէկ սենեակ էին տուել։ Մայրիկիս զգուշացրի, որ մէկ էլ այդ թղթերից չգործածի։
Մի օր էլ մայրիկս եկաւ, սեւեր հագած, սարսափեցի, բանից երեւաց, որ Եգորն էր մեռել։ Իմ Եարոսլաւլ եղած ժամանակ Եգորը մի ծրար ուտելիք նուէր էր ուղարկել, բայց ես չստացայ։ Ինձ սիրում էր եւ կանչում՝ «եղբայր Անդրէ», ես իրեն՝ «եղբայր Եգոր»։
Մի օր էլ մայրիկիս բերած կապոցը կորաւ բանտում. լուր տուի, վրացի բանտապահը բերաւ, մէկ առ մէկ ցոյց տուեց, հաստատեցի որ իմն են, տարաւ, եւ այլեւս չստացայ իրերս՝ որոնք գտնուել էին....
Օրթաճալայի բանտումն էր գտնւում մշեցի Ալեքսան Մովսիսեանը. դռանս ետեւից ասաց, որ ինքը Լեհաստանից վերադառնալով, բռնել էին իբրեւ սպեկուլիանտի (չարաշահող), Պարսկաստան պիտի քշեն։ Ասացի, որ ինձ էլ ասել են, որ Պարսկաստան պիտի աքսորեն. ասաց՝ «Աստուած անի մեզ միասին աքսորեն, էստեղ մէկը չկայ, որ հետը խօսիմ»։
Ես էլ մկներով էի զբաղուած. կերակրում էի եւ դիտում նրանց արագ եւ երկչոտ շարժումները։
* * *
Գնացքով մեզ, հինգ հոգու՝ երեք թուրք երիտասարդներ, Ալեքսան Մովսիսեան եւ ես, տարան Նախիջեւանի բանտը, հողէ յատակ, մի քանի փայտէ բարակ սիւների վրայ մի տախտակամած, որի վրայ տեղաւորուեցինք։ Յաջորդ օրը մեզ՝ հինգ հոգուս, տարան սահմանամերձ մի զինուորական բանտ, որ կոչւում էր «պոգրանիչնի օտդել Գէպէու» (Գէպէու-ի սահմանամերձ բաժանմունք)։
Կամերան այնքան նեղ էր, որ հինգ հոգիս կողք-կողքի չէինք կարող պառկել - պառկում էինք լայնքին, ոտներս պատին յենած... Ալեքսանը հայհոյում էր. Իրեն զգուշացրի, որովհետեւ լսել էի բանտում, որ երբեմն պատահել է, մէկին ասել են, թէ աքսորում են, ճամբին բաներ է բաց թողել բերնից, Չեկան նրան յետ է տարել սահմանագլխից եւ... գնդակահարել։
Երբ մեզ դուրս բերին տանելու, նայեցի աջ կողմս եւ կարկամած մնացի. Արարատը երեւում էր ամբողջովին, գագաթին մի մեծ ամպէ օղակ, որի միջով արեւի ճառագայթն ընկել էր լեռան վրայ... Ես շատ անգամներ էի տեսել Մասիսը, սակայն այս անգամ՝ միանգամայն տարբեր էր. սգաւորի տեսք ունէր, թերեւս այն պատճառով, որ վերջին անգամն էի տեսնում Մասիսը, Հայաստանի ոգին։ Թախծագին սգաւորի պէս հեռացայ։
Ջուլֆայի «բանտ»ը ճիշտ հաւաբուն էր. պատերը ցեխից, վրան հողի եւ փոշու թանձր շերտ. պառկելու հողէ բարձր մի շերտ, երբ դիպչում էինք պատին, թանձր փոշի էր թափւում։
Մի օր էլ մեզ տարան ֆիզիքական աշխատանքի. գերաններ էինք փոխադրում. Ալեքսանը հայհոյում էր. «կ՛ազատուի՞նք ա՛յս դժոխքից, թէ՞ ոչ»։
Արաքսի կամուրջի մօտ, մեր իրերը յանձնեցին մեզ։ Իրենց մօտ պահուած մեր դրամի համար մի մեծ թուղթ տուին, որի վրայ գրուած էր՝ «Մինչեւ վեց ամիս կարող էք գալ գանձել....»։ Ո՞վ էր խենթացել, որ վեց ամիս յետոյ գար իր մի քանի ռուբլին գանձելու եւ նոր թակարդ ընկնելու...
Մեր պասպորտները չտուին մեր ձեռքը, մի չեկիստ մեզ հետ քայլեց Արաքսի կամուրջի մինչեւ կէսը, պասպորտները յանձնեց պարսիկ պաշտօնեային։
Արաքսի կամուրջից մինչեւ պարսկական Ջուլֆա մէկ ու կէս քիլօմէթրի չափ է. միջոց չկար, շալակեցինք մեր կապոցը եւ ոտքով ճամբայ ընկանք։ Ո՛չ մի կոպէկ չունէինք, չգիտէինք, թէ ինչ է սպասում մեզ պարսկական Ջուլֆայում։ ճամբին տեսնենք մի հայ առեւտրական իր տղայի հետ գալիս է, անցնելու ռուսական Ջուլֆա. Ալեքսանն ասաց. - «է ՛, Տիգրան Գուլոյեանն է, ծանօթ եմ, ես սրանից դրամ պարտք կը վերցնեմ» եւ մօտեցաւ։
Պարոն Տիգրան, ես Ալեքսան Մովսիսեանն եմ, ինձ ճանաչում ես. մեզ աքսորեցին այս ափը, դրամ չունինք, մի քիչ դրամ պարտք տուր, Թաւրիզում կը վերադարձնեմ դոլարով։
- Ի՞նչ հաշուով, ի՞նչ հաշուով, - հարցրեց Տիգրանը։
- Օրուայ կուրսով, - ասաց Ալեքսանը։
- Չէ՛, չէ՛, մեզի ձեռ չի տայ, մեզի ձեռ չի տայ, - ասաց Տիգրանը եւ քայլեց...
Երբ Ալեքսանը եկաւ ինձ մօտ, ասացի. «էդպիսի մէկից արժէ՞ր պարտք ուզել». «Ես կարծեցի, թէ դա մարդ է, կը հասկանայ մեր աքսորականի վիճակը», գանգատուեց Ալեքսանը։
Պարսից Ջուլֆայում ներկայացանք պասպորտի բաժնում։ Պաշտօնեան նայեց մեր անցագրերին եւ մեր դէմքին, ասաց, - «Մէկը վաճառական, միւսը՝ ուսանող, միւսները՝ պաշտօնեայ։ Ամէն մէկդ չորս ղռան պիտի վճարէք...»։ Մենք սմքեցինք. - «Դրամ չունինք», - ասացինք։ «Վաճառական, ուսանող, բեխ ու մօրուքով, դրամ չունի՞ք. դէ ամէն մէկդ գոնէ տաս շահի վճարէք», - ասաց պաշտօնեան. «Չունինք», - ասացինք, տեսնելով, որ պաշտօնեան մեր զգացումների հետ է խաղում։ «Վա՜հ, տաս շահի էլ չունիք. հինգ հոգուդ համար կ՛անի երկու ղռան, տաս շահի», - ասաց։ Այդ պահուն մեր թուրք աքսորականներից մէկը ասաց պաշտօնեային. «Աղա՛, Թաւրիզում այսինչին ճանաչո՛ւմ ես». պաշտօնեան ասաց. «Այո՛, լաւ բարեկամս է».
«Դէ այդ պարագային ինձ երկու ղռան, տաս շահի պարտք տուէք, ես Թաւրիզից անպայման ձեզ կը վերադարձնեմ», - ասաց թուրքը։
Պաշտօնեան չառարկեց. ձեռքը տարաւ ժիլէյի գրպանը, երկու ղռան, տաս շահի տուեց թուրքին, թուրքն էլ վճարեց նրան, պասպորտներս ստացանք եւ քրտնած դուրս եկանք։
Դրսում մեզ հանդիպեց տարագիր ընկերներից Արան, որ բեռնատար օթօներ էր գործ ածում. ինձ ճանաչեց, գիտէր, որ բանտարկուել եմ, պատրաստակամութիւն յայտնեց իր ինքնաշարժով ինձ Թաւրիզ տանելու։ Փրկութիւն էր. միայն թէ պիտի հանդիպէի Ջուլֆայի հեռագրատուն, հեռագրէի մեր փեսայ Ալեք Սագինեանին, որ հեռագրատան լատին բաժնի կառավարիչն էր, յայտնէի, որ եկել եմ Ջուլֆա, ազատ եմ այլեւս։ Այդպէս էլ արի, հեռագրատան պարսիկ պաշտօնեան շատ լաւ ճանաչում էր Ալեքին, իսկոյն հեռագրեց անվճար։
Գնացի եւ նստեցի Արայի բեռնատար ինքնաշարժի վարիչի կողքի տեղը, ինքնաշարժը պիտի մեկնէր երեք ժամ յետոյ։ Արդէն գիշեր էր, լուսնոտ, քնեցի ինքնաշարժի մէջ։
Հարազատներիս ձայնը ինձ արթնացրեց «էստեղ է Անդրէն», - ասում էր սիրելի Ալեքը։ Քոյրս էր՝ Սիրանոյշը եւ պարոն Վաղարշակ Զաքարեանը, որի մարդատար օթոյով եկել էին։
Այստեղ էր՝ ճամբին լարուած ջիղերս շարժուեցին եւ ես չկարողացայ ինձ զսպել, սկսեցի հեկեկալ։ Բանտային հոգեբանական խաղերը, մանաւանդ Անդրէեւայի ստորին զրպարտութիւնը, որ իբր թէ ես ֆրանսական ագենտ էի, խոցել էին իմ ինքնասիրութիւնս։ Բայց միւս կողմից հպարտ էի, որ ո՜չ Մոսկուայի ընկերներս, ո՜չ ես, ոչինչ չէինք յայտնել, բոլորս պահել էինք կուսակցական սրբազան գաղտնիքները։
Միայն 1937-ին, այսինքն իմ հանդիպումից ինը տարի յետոյ, երբ Խորհրդային Միութիւնում սկսուեցին ստալինեան դաժան մաքրագործումները, լսեցինք, որ Մոսկուայի մեր ընկերներ՝ Սմբատ Խաչատրեանին, Արսէն Շահմազեանին, Բագրատ Թոփչեանին եւ տիկնոջը, օր. Հեղինէ Մեծբոյեանին քշել էին Սիբիր. ընկեր Արսէն Շահմազեանը խենթացել էր, իսկ միւսներն էլ անյայտացան Սիբիրի դաժան պայմաններում, զոհ գնալով մարդակեր բոլշեւիզմի Մոլոխին։ Ընկերներ Կորիւն Ղազազեանը, Տիգրան Աւետիսեանը, Սահակ Ստեփանոսեանը եւս անյայտացան Սիբիրի սառնամանիքներուն.. Երանք բոլորը սովորական զոհեր չէին, այլ՝ նահատակներ, որովհետեւ գաղափարի համար զոհուեցին. հայ ժողովրդի իրաւունքների եւ ազատութեան համար։
Կուսակցական գաղտնապահութեան այնքան նախանձախնդիր էի, որ մտքովս կասկած էր անցնում. «Չլինի թէ Ատրպատականը սովետականացել է եւ ինձ ուղարկեցին այստեղ, գաղտնիքներս այստեղ իմանալու... պիտի փորձեմ ընկերներին». - մտածում էի եւ զգոյշ ու վերապահ էի, երբ ընկերները այցելում էին ինձ։
Մի օր ընկեր Գասպար Ցակոբեանն ինձ ասաց.
- Մեր ընկեր Հայկակ Կոսոյեանը խենթացել է. ասում է կա՜մ Անդրէն մեզ զեկուցի իր առաքելութեան մասին, կամ՝ տերրորի ենթարկուի...
Ես զայրացած պատասխանեցի.
- Գասպար, դու հին կուսակցական ես, գաղափար ունես դաշնակցութեան գաղտնապահութեան մասին. գիտես, որ մեր տարագիր ընկերների բերանում բրինձ չի թրջւում. ես չեմ կարող որեւէ գաղտնիք ասել այստեղ, ինձ ուղարկողը եղել է Բիւրոն, նրան էլ պարտաւոր եմ զեկուցել։ Եթէ սրա համար ինձ տերրորի պիտի ենթարկեն, թող անեն։ Ես չեմ կարող երկրի մեր ընկերների անունը տալ։
Գասպարն ինձ հետ միանգամայն համաձայնեց։ Ես աւելացրի, որ իրեն միայն, Գասպարին, որոշ բաներ առանձին կ՜ասեմ, բայց որեւէ ընկերոջ անուն չեմ տայ։
Յետոյ Գասպարն ինձ յայտնեց, որ Կենտրոնական Կոմիտէն միանգամայն ճիշտ է գտել իմ ասածը։
ժամադրուեցինք ընկեր Գասպարի հետ իր բնակարանում, Լիլաւա թաղի, Մելիք - Աբրահամեանների տանը։ Պատմեցի բանտերի մասին, Չեկայի մեթոտների, իմ գաղտնապահութեան եւ երկրի ընկերների կարծիքը՝ 1) լուծել մեր գաղտնի, ընդյատակեայ կազմակերպութիւնը եւ 2) հայ բոլշեւիկներն սկսել են անել այն, ինչ որ մենք կ՜ուզէինք։ Ասացի նաեւ, որ ընկերների անուն չպիտի տամ նոյնիսկ իրեն՝ Գասպարին, այլ միմիայն Բիւրոյին։ Ասացի նաեւ, որ բոլշեւիկները մեծ հետախուզութիւն, լրտեսութիւն ունին. իսկ դաշնակցութիւնը չունի, մինչդեռ ինքնապաշտպանութեան եւ ապահովութեան համար պէտք է ունենայ։ Պատմեցի, թէ ինչպէս ինձ ձերբակալող չեկիստ Միշա Աղամալովն ասել էր, որ ինքը ապրել էր ընկեր Միքայէլ Ստեփանեանենց բակում եւ կարդացել է Կենտրոնական Կոմիտէի արձանագրութիւնները։ Գասպարը շփոթուեց. «վեր կաց, - ասաց, - նայենք մեր մառանները մարդ չլինի՞ թաքնուած»։ Նայեցինք, ոչ ոք չկար։
(Հետագայում Դաշնակցութիւնը Թաւրիզում ունեցաւ իր հետախուզութիւնը, ես էի վարում, եւ մեծ ու հետաքրքրական արդիւնքների հասանք։ Այս մասին՝ իր տեղում կը գրեմ)։
Իմ բանտարկութիւնս տեւել էր երկու տարի (1928 թ. Ցուլիս 14- ից մինչեւ 1930 թ. Ցունիս 21)։ Փեսաս՝ Ալեքը վեց հարիւր թուման ծախսել էր իմ ազատութեան համար հեռադիրներ եւ դիմումներ տալու առթիւ։ Հօրենական տուն ունէինք Թաւրիզի Ղալի Բադան թաղում. ծախեցինք ճիշտ վեց հարիւր թումանով եւ պարտքերս վճարեցինք. Ալեքը եւ իր եղբայր Ձօրա Սագինեանը (Մէջլիսի հայ պատգամաւոր) շատ էին աշխատել այդ ուղղութեամբ։ Մոսկուայում էլ պարսից դեսպանն էր Ալի Գօլի խան Անսարին, որ մեծ աշխատանք էր տարել ինձ ազատելու իբրեւ պարսկահպատակի։ Եթէ ես այս հպատակութիւնը չունենայի, հիմա փտել էի սովետ բանտերում։
Շահգելդեան եղբայրները՝ Վահրամ, Լեւոն եւ Միհրան. «Միր» անունով ծխախոտի եւ սապոնի գործարան ունէին, ինձ վերցրին խանութի կառավարիչ։
* * *
Արարատի քրդերը ապստամբութեան մէջ էին. Դաշնակցութեան կողմից այնտեղ հրահանգիչ էր ուղարկուած Արտաշէս Մելքոնեանը, որի հետ կապ էր պահպանւում Սալմաստից, ընկեր Սամուէլ Մեսրոպեանի միջոցով։ Ամէն անգամ, որ Սամուէլը Թաւրիզ էր գալիս, ասում էր. «Եկել եմ տոպրակս դատարկելու» եւ պատմում էր Արարատի անցուդարձից. թուրք պետութիւնը օրական հազարաւոր ոսկիներ էր ծախսում իր զօրքի համար եւ զոհեր էր տալիս, բայց չէր կարողանում մեծ Արարատը պաշարել, քրդերը լաւ կռւում էին։ Դաշնակցութիւնը դրամով, գրականութեամբ եւ խորհուրդներով էր օգնում, զոհ չէր տալիս, ինչպէս որ որոշել էինք տասներորդ Ընդհանուր ժողովում։ Հոյբունի մեր ներկայացուցիչն էր Սիրիայում ընկեր Կոմսը (Վահան Փափազեան)։
Այդ օրերին պարսից վարչապետ Թէյմուր Թաշը պահանջել էր, որ Թաւրիզից Թեհրան ներկայանան՝ Ատրպատականի Հայոց թեմակալ Առաջնորդ Ներսէս Արքեպիսկոպոս Մելիք Թանգեանը, Սամսոն Թադէոսեանը, Գասպար Ցակոբեանը, Վարոս Բաբայեանը (Բիւրոյի ներկայացուցիչ), Խաչիկ Մելքումեանը։ Մեկնեցին Թեհրան։ Մինչ այդ, Թեհրան էր եկել Բիւրոյի անդամ Ռուբէնը (Տէր-Մինասեան) եւ Հայկակ Կոսոյեանին ու Սամուէլ Մեսրոպեանին կանչել էր Թեհրան, քրդական գործով, եւ դադարեցրել էր։ Այդտեղից Հայկակ Կոսոյեանը լարուել էր Ռուբէնի դէմ....
Թարգմանը, Թէյմուր Թաշի մօտ, եղել էր Ձօրա Սագինեանը ֆրանսերէն. Թէյմուր Թաշը պահանջել էր մերոնցից, որ դադարեցնեն քրդերի հետ գործակցելը եւ ասել էր, որ Իրանը Թուրքիային պիտի զիջի փոքր Մասիսը... Մերոնք առարկել էին, թէ փոքր Մասիսը ռազմագիտական կարեւորութիւն ունի եւ ինչո՞ւ Իրանը պիտի զիջի Թուրքիային։ Թէյմուր Թաշ վարչապետը առարկել էր, թէ արդի ռազմական կեանքում, երբ օդանաւեր են գործում, ի՞նչ նշանակութիւն ունի մի փոքր Մասիս...
Մերոնք գլխիկոր վերադարձան Թաւրիզ եւ քրդական ապստամբութեան գործը լրացաւ։
Այս անցուդարձերի ընթացքում, Ռուբէնը շտապ հեռացել էր Իրանից, կասկած կար, որ կարող էր ձերբակալուել Թէյմուր Թաշի կողմից։ Հազիւ երկու տարի անցած, Թէյմուր Թաշը Ռզա Շահի կողմից բանտարկուեց Թեհրանի նորաշէն ոստիկանական բանտում։
Լեւոն Կարախանը Մոսկուայից ուղարկուեց բարեխօսելու, որ ազատեն բանտից, բայց չյաջողեց։ Թէյմուր Թաշը իբրեւ սովետական գործակալ խեղդուեց իր կառուցած բանտում, իբրեւ առաջին բանտարկեալ....
Ես մի նամակ գրեցի Ռուբէնին, զարմանք յայտնելով, որ եկել էր Թեհրան, եւ ինձ լուր չէր ուղարկել, որ երթայի Թեհրան եւ իրեն զեկուցէի Խորհրդային Միութիւն կատարած իմ գործունէութեան մասին, չէ՞ որ ինքն էր ինձ ճամբու դրել։ Նամակ ստացայ իրենից, գրում էր. «Անդրէ ջան, մտար գերեզման՝ ողջ դուրս եկար. ներիր ինձ, որ քեզ չկանչեցի Թեհրան, իմ վիճակս էլ վտանգուած էր, ընկերները պատմած կը լինեն, ստիպուած եղայ շտապ հեռանալ։ Լաւ զգացումներ ունեմ քո հանդէպ, շարունակիր կուսակցական աշխատանքներդ»։
Մի յօդուածաշարք էի ուղարկել Եգիպտոսի մեր «Յուսաբեր» օրաթերթին, որի խմբագիրն էր ընկեր Վահան Նաւասարդեանը. յօդուածիս վերնագիրն էր՝ «Երկաթէ կրունկների տակ», նկարագրել էի սովետական Չեկայի բանտը, Հայաստանում։ Յօդուածս մեծ հետաքրքրութեամբ կարդացւում էր բոլոր գաղութներում. մինչեւ իսկ Թաւրիզում «Յուսաբեր»ը հարիւր բաժանորդի յաւելում ունեցաւ։ Վահանը գրում էր՝ «Անդրէյ, սիրելիս, յօդուածդ կարդում եմ ո՜չ թէ իբրեւ խմբագիր, այլ՝ յափշտակուած ընթերցող»։ Նամակ ստացայ նաեւ Աւետիս Ահարոնեանից, որ ուրախութիւն էր յայտնում ազատուելուս համար եւ հիացմունք՝ նկարագրութեանս գեղեցիկ ոճի համար։ (Ես էլ իմ հերթին ազդուել եմ Ահարոնեանի հայերէնից, որ շատ գեղեցիկ է)։
1931-ի դպրոցական եղանակին հրաւիրուեցի ուսուցչական պաշտօնի «Ատրպատականի Հայոց Թեմական Կենտրոնական դպրոց»ում, հայոց լեզու եւ գրականութիւն, հայոց պատմութիւն, ընդհանուր պատմութիւն եւ քաղաքատնտեսութիւն էի դասաւանդում. սիրում էի իմ աշակերտներին, քաղաքավարի էի վարւում, նրանք էլ ինձ հետ շատ կապուած, մտերիմ էին։
Որեւէ դասարանի անկարգութեան պարագային ինձ էին ուղարկում ուսուցիչների կողմից, դասարանը խաղաղեցնում էի։ Տեսուչը Գասպար Ցակոբեանն էր, ուսուցիչներ էին՝ Հայրապետ Պանիրեան, Լեւոն Գրիգորեան եւ ուրիշներ։
«Կենտրոնական դպրոցը», միջնակարգ, երկսեռ էր. բարոյական բարձր մակարդակ ունէր, բազմաթիւ ուսուցիչներ եւ տեսուչներ է տուել պարսկահայ դպրոցներին։ Հիմնուել էր 1909ին, փակուեց 1936ին, դպրոցական հալածանքների հետեւանքով։
Ուսուցչի եւ աշակերտի յարաբերութիւնները շատ քաղցր են, մանաւանդ՝ կեանքում, երբ հանդիպում ես նախկին աշակերտիդ, կարծես հարազատիդ ես հանդիպում։
* * *
1932-33 թուերին Հ. Յ .Դ. Վրէժի շրջանի (Ատրպատական) Կենտրոնական Կոմիտէի անդամ ընտրուեցին՝ ընկեր Վարոս Բաբայեան, Հայկակ Կոսոյեան եւ ես։ Այն Հայկակ Կոսոյեանը, որ երկու տարի առաջ պահանջել էր ինձ տերրորի ենթարկել, այժմ եկել, նստել էր ինձ հետ։ Կենտրոնական Կոմիտէում... Քարտուղար էի։ Հէքմաթ կոչուած լուսաւորութեան նախարարը (հրէական ծագումով մահմեդական) խիստ եւ կոպիտ ճնշում էր բանեցնում հայկական դպրոցների եւ լեզուի վրայ։
1932-35 թուերին ընտրուեցի Թաւրիզի «կուլտուրական միութեան» նախագահ։ Ունենում էինք հերթական դասախօսութիւններ ամէն երեքշաբթի երեկոները. տօնում էինք ազգային-մշակութային տօները՝ թատերասրահում, որ մօտ երեք հարիւր հոգու տարողութիւն ունէր։ Կազմեցինք թատերախումբ եղած լաւ ուժերից։
Գրադարան ունէր միութիւնը, բաւական հարուստ՝ հայերէն, ռուսերէն, ֆրանսերէն գրքերով։ Գրադարանապետ էր ընկեր Հայկ Եգանեանը։
«Կուլտուրական»ի գործունէութիւնը վրդովուեցրել էր բոլշեւիկներին. սովետները պահանջել էին պարսից իշխանութիւններից փակել «կուլտուրական»ը...։
«Կուլտուրական»ի գործունէութիւնը վրդովուեցրել էր բոլշեւիկներին. սովետները պահանջել էին պարսից իշխանութիւններից փակել «կուլտուրական»ը...։
Երբ գնդապետ Սէյֆը կանչեց ինձ եւ ասաց այդ մասին, առարկեցի, որ մենք քաղաքական գործունէութիւն չունենք, այլ՝ մշակութային։
- Գիտեմ, - ասաց Սէյֆը, բայց երանք նոյնիսկ մեզնից պահանջում են Ատրպատականից հեռացնել քսանվեց դաշնակների.... Բայց մենք ընդդիմանում ենք, որովհետեւ դուք պատնէշի դեր էք կատարում բոլշեւիզմի դէմ. ձեզ հեռացնենք՝ մենք էլ կորած ենք։
Միւս անգամ, որ կանչեց, Սրբազան Մելիք Թանգեանի հետ խորհրդակցեցի եւ որոշեցի ինքս հրաժարուել «կուլտուրականի նախագահութիւնից» եւ ոչ թէ փակել միութիւնը։ Այդպէս էլ յայտնեցի Սէյֆին, որ ես արդէն հրաժարուել եմ։ Իմ տեղս անցաւ ընկեր Խաչատուր Գրիգորեանը, որի օրօք միայն պար եւ լօտօ խաղն էր թոյլատրուեր...
Իմ յօդուածները՝ «Երկաթէ կրունկների տակ» ապա՝ նաեւ Թաւրիզում գրի առածս «Յուշեր Կուկունեան արշաւախմբից» Յովսէփ Մովսիսեանի, որ լոյս էին տեսել Բոստոնի «Հայրենիք» ամսագրի 1933-34 թուերում, Ա. Ամուրեան իմ ստորագրութիւնս հանրածանօթ էր դարձրել ինձ սփիւռքում, մա՜նաւանդ Բիւրոյի մօտ։ Նաեւ իբրեւ անդամ - քարտուղար Վրէժի Կենտրոնական Կոմիտէի։
Թեհրանի շրջանի մեր կազմակերպութիւնը պառակտուած էր. Յովսէփ (մօրուք) Ցովհաննիսեանը պայքարում էրԿենտրոնական Կոմիտէի դէմ, որի անդամներն էին՝ դոկտ. Յարութիւն Ստեփանեան, դոկտ. Վարդան Յովհաննիսեան (նաեւ «Ալիք»–ի արտօնատէր), Ստեփան Խանբաբեան, Եղիշէ հշխանեան եւ Համբարձում Գրիգորեան։ Բիւրոն լուծել էր Կենտրոնական Կոմիտէին, իսկ Յովսէփ Ցովհաննիսեանին էլ՝ կախակայել։ «Ալիք» երկօրեայի խմբագիրն էր՝ Ցովսէփ Թադէոսեան, որին եւս լուծել էին։
Բիւրոն հրաւիրել էր իբրեւ նշանակովի Կենտրոնական Կոմիտէ Մրգաստանի՝ (Թեհրանի եւ Կենտրոնական Իրանի) ընկեր Գրիգոր Մխիթարեան, Մկրտիչ հյանջեան, Ա. Ամուրեան թէ ՜Կենտրոնական Կոմիտէի անդամ եւ թէ՜ իբրեւ խմբագիր «Ալիք» թերթի։ Բայց որովհետեւ մինչեւ 1936ի Մայիսի վերջը ես դասեր ունէի «Կենտրոնական» դպրոցում, միայն Յունիսի սկզբում կարող էի Թեհրան մեկնել, ուստի մինչեւ իմ գնալս թերթը յանձնել էին Երուանդ Հայրապետեանին։ «Ալիք»ի հրատարակիչն էր՝ Մկրտում Մկրտչեան, տպարանի տէրն էր՝ Ֆերդինանդ Սիմոնեան. հաշուական - նամակագրային բաժինը վարում էր ընկեր Տաճատ Պօղոսեան, նաեւ՝ թերթի սրբագրութիւնը։
1936ին Կենտրոնական դպրոցը փակուեց ընդմիշտ, ես մեկնեցի Թեհրան, Յունիսի սկիզբը։ (ՎԵՐՋ)
Պրագայում ներկայացանք «Ստուդենչեսկի Դոմով» (Ուսանողական տուն), մեզ ուղարկեցին մի հանրակացարան, որ անշուք էր եւ ուսանողներով լեցուն։ Մեծ մասամբ տարագիր ռուսներ եւ ուկրաինացիներ էին, յեղափոխութեան պատճառով արտասահման անցած։
Չեխոսլովակ բանակը, Ա, աշխարհամարտի վերջում, Ռուսաստանի քաղաքացիական կռիւների բովից անցնելով, Սիբիրի վրայով անցել էր Չեխիա, անկախութիւն ձեռք բերելով հռչակաւոր մտաւորական ղեկավար Մասսարիկի միջոցով։ Մասսարիկի հետ մտերմութիւն ունէին Ռուսաստանի տարագիր կազմակերպութիւնները, նաեւ Դաշնակցութեան ղեկավարները, այդ էր, որ մօտ քառասուն հինգ հայ ուսանողներ ընդունեց չեխ կառավարութիւնը, իր հաշուին։
Մեզ յայտնեցին, որ ամէն ուսանող ամիսը տասներկու դոլար պիտի ստանայ իբրեւ բնակարանի եւ սնունդի դրամ։ Բնակարան մենք պիտի վարձէինք, իսկ պիտի ճաշէինք «Ստուդենչեսկի Դոմով»ի ճաշարանում, որ շատ մատչելի էր։
Սկզբում Հախնազարեանի հետ մի սենեակ կարծեցինք մի չեխ տարեց կնոջից։ Այս բնակարանը հեռու էր համալսարանից, ուստի ես Գասպար Ցակոբեանի, Համբարձում Գրիգորեանի եւ Բաղդիկ Մինասեանի հետ համալսարանին մօտ մի սենեակ վարձեցի։
Ճաշարանում հերթի էինք կանգնում եւ մատնացոյց անում մեր ուզած ուտելիքը, յետոյ, երբ չեխ երէնին վարժուեցինք, ճաշի անունն էինք տալիս։
Ուսանողական տան վերնայարկը ունէր խաղարաններ, մեծ մասամբ պինկ-պոնկն էր մեզ գրաւում։ Հաճելի մթնոլորտ էր« չեխ եւ ռուս ուսանողների հետ էինք մտերմացել, մանաւանդ հոժիկ անունով մի բարձրահասակ, պարզ նկարագրով չեխի հետ։
Պրագայի համալսարանն ունէր նաեւ ռուսական բաժին՝ իրաւա-տնտեսագիտական, ուր դասախօսում էին Ռուսաստանից տարագրուած յայտնի պրոֆեսորներ, որոնց մէջ նաեւ հայազգի պրոֆեսոր Վ, Տոտոմեանցը, կօօպերացիայի մասնագէտ։ Միւս ռուս պրոֆեսորներն էին Կիզեվետտեր՝ պատմագէտ, Կատկով՝ հռոմէական իրաւունքի մասնագէտ, Ստրուվէ եւ Կասինսկի՝ տնտեսագէտ, Ալեքսէեւ՝ ռուսական իրաւունքի մասնագէտ։ Կային նաեւ այս պրոֆեսորների օգնականները։
Ես ընտրեցի ռուսական բաժինը, յատկապէս տնտեսագիտական թեքումով։ Բայց չեխ լեզուի քննութիւնը պարտագիր էր. պատրաստուեցի եւ վեցերորդ ամսում քննութիւնից անցայ։ Չեխերէնը, իբրեւ սլաւ լեզու, նման է ռուսերէնին, թէեւ ինքնուրոյն լեզու է։ Արդէն ռուսերէն իմացողը չի դժուարանայ հասկանալ չեխերէն, բուլղարերէն, սերբերէն, լեհերէն։
Հայ ուսանողներն էին՝ Արշալոյս Աստուածատրեան, Եփրեմ Սարգսեան, Երուանդ Հայրապետեան, Գասպար Ցակոբեան, Ահարոն Տատուրեան, Վահան Միրախորեան (սրանք տարեցներն էին), Մուշեղ Թամրազեան, Համբարձում Գրիգորեան, Ստեոպա Նաւասարդեան, Նիկոլ Նիկողոսեան, Սերեոժա Թորոսեան (միջին տարիքի), իսկ աւելի երիտասարդներ էին՝ Շաւարշ Մակարեան, Լեւոն եւ Դաւիթ Մելիք-Դադայեան եղբայրներ, Բաբգէն Ռաշմաճեան, Աշոտ Սահակեան, Գրիգոր Մխիթարեան (Մխօ), Նիկոլ Բադալեան, Հայկ Ասատրեան, Բաղդիկ Մինասեան, Հայկ Եգանեան, Ցովհաննէս Հախնազարեան, Ղարիբեան, Անդրէ Տէր Օհանեան, Մարտիրոս (մշեցի, որբերից), Մկրտիչ Երէցեան, Օննիկ Տեվէճեան։
Դասախօսութեան եւ զրոյցի երեկոներ էինք ունենում քաղաքական խնդիրների շուրջ. երբեմն՝ վէճ, բայց սովորաբար մտերմական էին մեր յարաբերութիւնները։
Հայկ Ասատրեանը, որի հետ մտերմացել էինք էջմիածնում– Երեւանում, ապա՝ Թաւրիզում, շատ ինքնատիպ մի անձնաւորութիւն էր. շատ սէր ունէր փիլիսոփայութեան։ Երբ իրեն մօտ էի լինում, գերմաներէն էր կարգում «Ղուրան» կարդացողի պէս ձայնաւոր կերպով, որ ինձ շատ զուարճացնում էր։ Որոշ ծայրայեղութիւններ ունէր ուրիշների թերութիւնների նկատմամբ. ես իրեն մեղմացնում էի։
Մեր տրամադրութեան տակ ե՜ւ հարուստ գրադարան կար, եւ պրոֆեսորների դասախօսութիւնները մեզ էին տալիս մեքենագրուած։
Մեր դասընթացքը ընթանում էր սահուն կերպով։ Ոչ մէկ դասախօսութիւն բաց չէի թողնում։ Շատ մեղքանում էի պրոֆ. Վ. Տոտոմեանցին, որովհետեւ համարեա կուրացել էր, ձեռքից բռնած էին բերում լսարան. նոթերի չէր նայում, դասախօսում էր։
Առաջին տարուայ քննութիւններին անցայ «շատ յաջող». շատ էի պարապել եւ նոթեր վերցրել։ Ինձ թոյլ էի զգում, բժիշկը խորհուրդ տուեց ամառը գնալ գիւղ։ Ասեմ նաեւ, որ Պրագայի օդը շատ ապականուած էր. մուր, անվերջ մուր։ Չեխերն ասում էին, որ Աւստրօ-հունգարական կայսրութեան քաղաքականութիւնն էր գործարանները կառուցել Պրագայի մէջ, օդը թունաւորել, որ չեխ ժողովուրդը ֆիզիկապէս ոչնչանայ. եւ իսկապէս թոքախտաւորների բարձր տոկոսով Եւրոպայում յայտնի էին Լոնդոնն ու Պրագան։ Չեխ ժողովրդին մեծ աղէտից փրկելու համար, չեխ ղեկավարները հիմնեցին «Սոկոլ» անունով մարզական միութիւնը, որ մեծ ծաւալ եւ հռչակ ստացաւ։
Մեր ուսանողներից մի քանիսը թոքերի թուլութիւն ստացան եւ հեռացան Պրագայից, բժշկի խորհուրդով։ Ընկեր Համբարձում Գրիգորեանը դրանցից մէկն էր. մեկնեց Փարիզ, այնտեղ շարունակելու իր ուսումը։
Ես մեկնեցի գիւղ։ Վարձածս սենեակը այն անյարմարութիւնն ունէր, որ իր մօտովն էր անցնում գնացքը մեծ աղմուկով. ես քնից վեր էի ցատկում։ Չեխ գիւղացիները մեղմ եւ սիրալիր մարդիկ էին, բայց մեր բակում գիշերները սիրաբանութիւններ էին տեղի ունենում. այդ երկու պատճառներով, սենեակս փոխեցի։
* * *
Ուսանողութեանս երկրորդ տարին, 1924 թուի Դեկտեմբեր 20-ին մի հեռադիր ստացանք ընկեր Գասպարի եւ իմ հասցէին, որ Փարիզում բացւում է Հ. Յ.Դ. 10-րդ Ընդհանուր ժողովը եւ երկուսս ընտրուած ենք Ատրպատականի կազմակերպութեան կողմից մասնակցելու ժողովին։
Գասպարի հետ մեկնեցինք Փարիզ։ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան գրասենեակը գտնւում էր Աւընիւ Կլեբեր, թիւ 71-ում։ Չորս-հինգ օր ուշացել էինք ժողովից։ Սկզբում նիստերը տեղի էին ունենում խղճուկ, անշուք սենեակներում. յետոյ փոխադրուեցին Պատուիրակութեան սենեակը, որ ներկայանալի էր։
Պատգամաւորներն էին Աւետիս Ահարոնեան եւ Ալեքսանդր Խատիսեան Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան կողմից, բժ. Յովսէփ Տէր-Դաւթեան Հ. Յ.Դ. Գերագոյն Դատական Ատեանի կողմից, Ահարոն Սաշաքլեան, Շահան Նաթալի եւ Մանուկ Համբարձումեան Ամերիկայից, դոկտ. Արմենակ Մելիք Բարսեղեան, Ցովհաննէս Ամատունի (չեմ յիշում ում կողմից), Վահան Նաւասարդեան Եգիպտոսից, Արմէն Սասունի՝ Լիբանանի կողմից, Միքայէլ Վարանդեան, Իշխան Արղութեան, Կարօ Սասունի, Տիգրան Բաղդասարեան, Սամուէլ Մեսրոպեան՝ խորհրդակցական ձայնով հրաւիրուած, յետոյ Պոլսից եկաւ Վահագն Քրմոյեանը. Բուլղարիայից եկաւ մէկ ընկեր, որ հազիւ երկու նիստի մասնակցեց, ապա մեկնեց իր անձնական գործով։ Ցակոբ Քոչարեանը՝ իբրեւ քարտուղար, խորհրդակցական ձայնով, Գասպարն ու ես Ատրպատականի «Վրէժ» շրջանից վճռական ձայնով, ապա Բիւրոյի անդամները՝ Ռուբէն Տէր Մինասեան, Սիմոն Վրացեան, Արշակ Ջամալեան։ Հայաստանի անլեգալ կազմակերպութիւնից եկել էին երեք հոգիներ՝ Գերասիմ Աթաջանեան (Ձանգեզուրում եղել էր Նժդեհի կարեւոր զինակիցը), Արծրունի Թուլեան եւ Մամիկոն, որին կնքեցին «Վարդան» անունով (կատակով ասում էինք՝ «Վարդան Մամիկոնեան»)։ Կրտսեր, երիտասարդ պատգամաւորները երեքս էինք՝ Աշոտը, Մամիկոնը եւ ես, 23-24 տարեկաններ։
Առաջին նիստին Գասպարն ու ես ուշացել էինք, երբ ներս մտանք, խօսում –զեկուցում էր Աշոտը, կովկասահայի լեզուով. նկարագրում էր Երկրի ընկերների վիճակը, Չեկայի հետապնդումները, տնտեսական եւ քաղաքական ծանր կացութիւնը։
Մտքերի փոխանակութիւնից յետոյ, Աշոտը վրդովուած յայտարարեց.
- Երկիրը կոնկրէ՜տ բաներ է ուզում ձեզնից... Ո՜չ թէ խօսք։
Այնուհետեւ Աշոտը համարեա ամեն նիստում, երբ Երկրի հարցն եր արծարծւում, մրճահարում եր խօսքը։
Սովետների նկատմամբ, դաշնակցութիւնը որդեգրել էր լոյալ ընդդիմադիրի դեր, պայքար միայն գաղափարաբանական գետնի վրայ. կարմիր բանակը որոշ չափով ապահովում ե Հայաստանի հայութեան ֆիզիկական գոյութիւնը։ Դաշնակցութիւնը դէմ էր ապստամբութեան (1924 թուի վրացական ապստամբութիւնը խեղդուեց արեան մէջ, նոյնը՝ Մուղանի ադրբէյջանցիների ապստամբութիւնը 1926 թուին)։
Երկրի անլեգալ կազմակերպութիւնը պահւում եր ազգային ոգին վառ պահելու համար հայ ժողովրդի մէջ։
Հ. Յ .Դ. 10-րդ Ընդհանուր ժողովը պատմական նշանակութիւն ունեցաւ նրանով, որ Դաշնակցութեան ծրագրի քաղաքական պահանջների մեջ մտաւ Ազատ, Անկախ Հայաստանի պահանջը։
Մէկ այլ կարեւոր որոշում էլ այն էր, որ Դաշնակցութիւնը ամէն կերպ ուժ տար եւ լծուէր հայ գաղութների կազմակերպման աշխատանքներին, երբ Ապրիլեան Եղեռնից եւ Հանրապետութեան անկումից յետոյ հայ գաղութները անկազմակերպ վիճակ էին ներկայացնում։
Երրորդ կարեւոր որոշումը՝ «Դաշնակցութեան Օր» կազմակերպելու առաջարկն էր, որ արաւ ընկեր Շաւարշ Միսաքեանը. «Ամէն տարի Հոկտեմբեր ամսի 2– ին հրապարակաւ տօնել «Դաշնակցութեան Օր»ը, իբրեւ անցած տարուայ հաշուետուութեան օր»։
Տեսակէտների բախումներ տեղի ունեցան Հայաստանի անկախութեան հարցի շուրջ, որ պիտի մտնէր Ծրագրի մէջ։ Ընկերներ՝ Միքայէլ Վարանդեան, Իշխան Արղութեան եւ Մանուկ Համբարձումեան կողմնակից էին ֆեդերացիայի. բաւական երկար տեւեց, մինչեւ որ համոզեցին իրենց քուէարկել յօգուտ անկախութեան, որ համարում էին թէեւ հեռաւոր, սակայն վերջնական նպատակ։
Ընդհանուր ժողովի նիստերը համարեա վերջացել էին, երբ Բեռլինից հեռագիր ստացուեց, որ ընկեր Դրոն Մոսկուայից Բեռլին է հասել Արամայիս Երզնկեանի հետ։ Հարց դրուեց՝ Դրոյին կանչե՞լ, թէ՝ ոչ։ Վահանը եւ մէկ– երկու ընկերներ կասկած ունէին. առարկուեց, որ Ընդհանուր ժողովը աւարտել է իր աշխատանքները, Դրոյին միայն կարող ենք լսել։ Դրոն եկաւ եւ զեկուցեց Երկրի ընկերների տեսակէտների մասին, քաղաքական եւ կազմակերպական խնդիրների շուրջ։ Այդտեղ ես զարմանքով տեսայ, թէ ինչպէս Երկրի ընկերները նոյն տեսակէտներն էին արտայայտել, ինչ որ մեր 10-րդ Ընդհանուր ժողովը։ Դաշնակցականները իրարից հազարաւոր մղոններ հեռու էլ լինեն, ճիշտ նոյն ձեւով են մտածում, որովհետեւ իրենց ելակէտը հայ ժողովուրդն ու հայ հայրենիքն են։
Դրոյի հետ էր լինում ընկեր Հրաչ Փափազեանը, որ թիւրք գործիչների դէմ տերորական ակտերի գործակիցներից էր, իսկ Դրոն էլ հօ՜, հին, անուանի տերորիստ էր։
Դրոյի Մոսկուայից արտասահման մեկնումը յաջողեցրել էր համայնավար յայտնի գործիչ Օրջոնիկիձէն, որ Դրոյի հետ անձնական մտերմութիւն ունէր։
Դրոյի զեկուցումից յետոյ մենք այլեւս կասկած չունեցանք իր վրայ։
Մինչեւ Դրոյի գալը արդէն ընտրութիւն տեղի էր ունեցել։ Քուէարկութեան ժամանակ անցան՝ Սիմոն Վրացեանը, Արշակ Ջամալեանը, Շաւարշ Միսաքեանը, Շահան Նաթալին (Ամերիկայի կազմակերպութեան կողմից պայման էր, որ Բիւրոյի մէկ անդամը իրենց պատգամաւորներից մէկը լինի. կար նաեւ այն, որ Նաթալին գաղտնի յանձնախումբի անդամ էր)։ Ապա անցաւ Ռուբէնը։
Ընտրութիւնից յետոյ, Սիմոն Վրացեանը ոտքի կանգնեց եւ հետեւեալ յայտարարութիւնը արաւ. –
- Ընկերներ, անցեալները իմ եւ ընկեր Վահանի միջեւ մի թիւրիմացութիւն է պատահել, որի համար ներողութիւն եմ խնդրում։ Ընկեր Վահանը այնպիսի մէկն է, որին չսիրել չի լինի...
Այս խօսքի վրայ Վահանը նախ կծկուեց, ապա վեր թռաւ տեղից եւ համբուրուեց Վրացեանի հետ։ Մենք ծափահարեցինք։
Այդ րոպէին Ալեքսանդր Խատիսեանն էլ վեր կացաւ իր աթոռից, թէ՝ «ես էլ...», բայց խօսքը կիսատ մնաց. Վահանը վեր թռաւ տեղից թէ՝ «Ես այլեւս անհնարինը չեմ կարող անել» եւ դուրս սլացաւ սենեակից....
Խատիսեանը շարունակեց.
- Ընկեր Նաւասարդեանը շիտակ ընկեր է, երբ Ալեքսանդրապոլում դրուած էր իմ թեկնածութիւնը քաղաքապետութեան համար, Վահանը եկաւ ինձ մօտ եւ յայտարարեց՝ «ես քեզ քուէ պիտի չտա՜մ»։ Նման ելոյթը գնահատելի է, իսկ ուրիշները կան, որ ձեռքի տակով են գործում։
Մենք Խատիսեանին էլ ծափահարեցինք։
Դաշնակցութիւնը մի ընտանիք է, որի անդամները երբեմն կարող են գժտուիլ, սակայն գործի եւ գաղափարի պարագային նրանք միակամ գործակիցներ են։
* * *
Ընդհանուր ժողովի փակուելուց յետոյ, ղեկավար ընկերները հրաւիրել էին ռուս սոցիալիստ-յեղափոխական կուսակցութեան լիդէր - տեսաբան Վիկտոր Չեռնովին խօսելու Խորհրդային Միութեան անցուդարձի մասին։
Վ. Չեռնովը միջահասակ, առիւծի գլխով, ալեծածան մազերը յետ սանրած, կարճ բեխ ու մօրուքով, փոքր աչքերով (շիլանման) մէկն էր, տպաւորիչ թէ՜ արտաքինով եւ թէ՜ իր հռետորական ձիրքով։
Խօսեց տրոցկիական շարժման մասին. Լենինից յետոյ, Տրոցկիին համարում էր միւս բոլոր ղեկավարներից գլխով բարձր. մեծ պայքար էր նախատեսում Լենինից յետոյ (եւ իսկապէս էլ եղաւ, մանաւանդ Ստալինը հալածեց ե՜ւ Տրոցկիին, ե՜ւ ապա միւս ղեկավարներին)։
Անդրադառնալով տարագրուած կուսակցութիւններին, գործածեց անգլիերէն՝ very dangerous (շատ վտանգաւոր) արտայայտութիւնը, բացատրելով գաղութայնացման վտանգը՝ մայր երկրից կտրուած լինելու բերումով եւ եզրակացրեց, որ այդ տարագիր կուսակցութիւնները պիտի մի օր լուծուին, վաղ թէ ուշ։
Վ. Չեռնովի այս դասախօսութեան ամփոփումը լոյս տեսաւ «Յուսաբեր»ում (Կահիրէ), անգլիերէն վերնագրով՝ very dangerous։
Հետագայ տասնամեակներում իսկապէս որ, ռուս տարագիր կուսակցութիւնները լուծուեցին, անյայտացան։ Ցարական Ռուսաստանում գոյութիւն ունէին յիսունվեց քաղաքական խմբակցութիւններ եւ կուսակցութիւններ, որոնք բոլորն էլ լուծուեցին բացի երկուսից՝ բոլշեւիկ կուսակցութիւնից եւ Հ.Յ. Դաշնակցութիւնից։ Բոլշեւիկներն էլ կը լուծուէին, եթէ իշխանութեան տիրացած չլինէին։ Մնաց՝ Դաշնակցութիւնը։
Դաշնակցութեան պարագային Վ. Չեռնովը սխալւում էր. նախ՝ բացի Հայաստանից հայ ժողովուրդն ունէր հայկական գաղութներ. Դաշնակցութիւնը գործունէութեան հող ունէր. լինելով ազգային գաղափարի կուսակցութիւն, ամէնուրեք դաշնակցութիւնն ընդունելութիւն ունէր հայ զանգուածների մէջ։ Տարագրութիւնից յետոյ դաշնակցութիւնը գաղութներում աւելի կազդուրուեց ու զարգացաւ, ընդգրկելով լայն զանգուածներ եւ կազմակերպելով գաղութների ազգային կեանքը։
Վ. Չեռնովի յայտարարութիւնից այժմ անցել է աւելի քան կէս դար։ Դաշնակցութիւնը ոտքի է աւելի քան քառասուն հայ գաղութներում եւ ձգտում է տիրանալ հայ ժողովրդի ազատութեան, անկախութեան՝ միացեալ հողերով, որովհետեւ Սփիւռքը ապագայ չունի, հայ ժողովուրդը պիտի ապրի իր հայրենական հողերի վրայ։
Հայ ժողովուրդ եւ Հայաստան, թէ ձեզ մոռանամ, թող որ լեզուսքիմքիս փակչի։
Ես արդէն հարուստ եմ իմ հարստութիւնը իմ գաղափարն, իմ գրիչը։
Անդրէ Տէր-Օհանեանը ծնուել է 1899 թ. նոյեմբեր 14-ին, Թաւրիզում։
Սկզբնական կրթութիւնն ստացել է իր ծննդավայրի «Արամեան» դպրոցում, ապա ուսանել է Ս. էջմիածնի «Գէորգեան» ճեմարանում։
Ճեմարանի դասընթացն աւարտում է 1917-ին, հայ ժողովրդի ազգային - քաղաքական կեանքի խիստ բախտորոշ մի շրջանում, երբ Կովկասեան ճակատը գտնւում էր տագնապալի վիճակում։ 1918-ին, երբ Արեւմտեան Հայաստանի վտանգուած շրջանները պաշտպանելու համար կազմակերպւում էին հայկական երկրապահ գնդերը, Ա. Տէր - Օհանեանն արձանագրւում է ուսանողական կամաւորական վաշտի մէջ եւ մեկնում է Կարին։ Սակայն, նոյն տարուայ Մարտ ամսին տեղի ունեցած նահանջի հետեւանքով Ա. Տէր - Օհանեանն անցնում է Սարիղամիշ, Կարս, Ղարաքիլիսէ, ապա Թիֆլիս, ուր մնում է մինչեւ 1919 թ.։
1919 թ. գարնանը գալիս է Թաւրիզ եւ նոյն տարուայ Սեպտեմբեր ամսից նուիրւում է կրթական ասպարէզին, որպէս մայրենի լեզուի դասատու։ 1919-1923-ին անդամակցում է «Այգ» եւ «Արշալոյս» թերթերի խմբագրական կազմերին եւ իր գործօն մասնակցութիւնն է բերում Հ. Յ. Դաշնակցութեան Ատրպատականի շրջանի կուսակցական աշխատանքներին։
1923-ին մեկնում է Չեխոսլովակիա եւ հետեւում է Պրագայի համալսարանի ռուսական բաժնի իրաւաբանական ճիւղի դասընթացքին։ Երկու տարի յետոյ, 1925-ին, մեկնում է Փարիզ, ուր հետեւում է Սորբոնի համալսարանի քաղաքատնտեսութեան դասընթացքին։ 1925-28-ին աշխատակցում է Հ. Յ . Դաշնակցութեան օրգան «Դրօշակ»փն եւ «Յառաջ» օրաթերթին։ Նոյն ժամանակամիջոցում լինում է մեծանուն գրող Աւետիս Ահարոնեանի անձնական քարտուղարը եւ մտերիմ կապեր է հաստատում այդ տարիներին Փարիզում գտնուող բազմաթիւ մտաւորական դէմքերի եւ ազգային ու յեղափոխական ականաւոր գործիչների, մասնաւորապէս Ա. Ահարոնեանի եւ Ս. Վրացեանի հետ, յանձն առնելով առաջինի «Իմ գիրքը» երկի եւ երկրորդի «Հայաստանի Հանրապետութիւնը» ստուարածաւալ հատորի սրբագրութեան աշխատանքը։ Նոյն տարիներին իր գործօն մասնակցութիւնն է բերում ֆրանսահայ գաղութում սկսուած ազգային, մշակութային ու կուսակցական աշխատանքներին, ստանձնելով պատասխանատու պարտականութիւններ։
1928 թ. Յունիսին Մոսկուայի վրայով մեկնում է Երեւան՝ Թաւրիզ անցնելու համար։ Սակայն, ճամբորդութեան ընթացքին ձերբակալուելով, ենթարկւում է բանտարկութեան։ Երկու տարի յետոյ, 1930 թ. Յունիս 21-ին, ազատուելով բանտարկութիւնից, գալիս է Թաւրիզ։
1931-ին հրաւիրւում է ուսուցչական պաշտօնի՝ Ատրպատականի Թեմական - Կենտրոնական դպրոցում, եւ միաժամանակ, իր բոլորանուէր մասնակցութիւնն է բերում Թաւրիզի ազգային մշակութային եւ կուսակցական կեանքին։ 1932- 35-ին ստանձնում է նախագահութիւնը Թաւրիզի Կուլտուրական Միութեան, որը կարեւոր դեր ունէր տեղի մշակութային կեանքի տարբեր մարզերում։
Հայոց դպրոցների փակման նախօրեակին, որ կատարուեց Ռեզա Խանի կարգադրութեամբ, Անդրէ Տէր - Օհանեանը մի քանի անգամ ձերբակալուեց եւ քանի ամսով բանտարկուած մնաց։ Դպրոցների փակումից յետոյ Անդրէն, որ չէր կարող անտարբեր մնալ, ձեռնարկեց հայերէնի գաղտնի դասաւանդութեան եւ նոյն ընթացքում կազմեց հայերէնի նոր «Այբբենարան» եւ գաղտնի կերպով տպագրեց այն, եւ ցրեց գաւառներում։
1936-ին Անդրէ Տէր - Օհանեանը հրաւիրւում է աշխատակցելու «Ալիք»–ի խմբագրութեան եւ մէկ տարի յետոյ, 1937-ին ստանձնում է նոյն թերթի խմբագրի պարտականութիւնը։ 1942 թ. Սեպտեմբերին, Բ. Աշխարհամարտի ընթացքին, իր կամքից անկախ պատճառներով, հրաժարւում է խմբագրութիւնից եւ նուիրւում գրական ու հրատարակչական գործունէութեան։ Կազմում եւ լոյս է ընծայում մայրենի լեզուի ձեռնարկներ, ինչպէս եւ հրատարակում է «Նոր - Աղբիւր» մանկա-պատանեկան ընթերցանութեան գրքոյկների շարքը՝ գործակցութեամբ բանաստեղծ Ոստանիկի։
1943 թուի աշնան Թեհրանի կոնֆերանսի նախօրեակին, - որը պիտի գումարուէր նոյն տարուայ Նոյեմբեր ամսում Չըրչիլի, Ստալինի եւ Ռուզւելթի մասնակցութեամբ, - Անդրէ Տէր - Օհանեանը խորհրդային դեսպանատան պահանջով ձերբակալուեց Թեհրանի ոստիկանութեան միջոցով, մի անհիմն ամբաստանութեամբ, ըստ որի նա Ստալինի տեռորը կազմակերպած պիտի լինէր։ Երբ Իրանի վարչապետ է դառնում Սաէդը, Խորհրդային Միութեան դեսպանատունը մի նամակով Անդրէի յանձնումն է պահանջում Խորհրդային իշխանութեան։ Սոյն պահանջը հիմնաւորուած էր նրանով, որ իբր թէ Անդրէ Տէր - Օհանեանը դրամ է վճարել Աժդար անունով մի անձնաւորութեան, յանձնարարելով նրան Ստալինի սպանութեան պարտականութիւնը։ Հետազօտութիւնները հետագային պարզում են, որ այդ Աժդար կոչեցեալը նշած թուականին Եգիպտոսի բանտում է գտնուած եղել։ Անդրէն շուրջ 20 ամիս բանտարկութիւնից յետոյ ազատ է արձակւում։
Բանտից ազատուելուց յետոյ Անդրէ Տէր - Օհանեանը վերստին ձեռնամուխ է լինում հրատարակչական աշխատանքների եւ հրատարակում է «Այբբենարան»–ին յաջորդող Հայոց լեզուի դասագրքեր։
1949-ին խմբագրում եւ հրատարակում է «Արմենուհի» ամսագիրը, եւ միաժամանակ իր մասնակցութիւնն է բերում Թեհրանի ազգային - հանրային եւ կրթական ու մշակութային կեանքին։ 1950-52-ին լինում է «Արարատ» Մշակութային Միութեան նախագահ եւ մէկ տարի պաշտօնավարում է «Դաւթեան Քուշեշ» դպրոցում իբրեւ մայրենի լեզուի դասատու։
1953-ին հրաւիրւում է Միացեալ Նահանգներ՝ որպէս Հ. Յ. Դ. Կալիֆորնիայի շրջանի կուսակցական գործիչ եւ խմբագիր «Ասպարէզ» թերթի։ Մինչեւ 1969 թիլը (մէկ տարուայ ընդմիջումով) վարում է այդ պաշտօնը, յայտ բերելով ամէն գնահատութեան արժանի գործունէութիւն։ Այդ 16 տարիների ընթացքում իր գործօն մասնակցութիւնն է բերում Կալիֆորնիայի շրջանի ազգային, մշակութային եւ կուսակցական կեանքին, մասնաւորապէս զարկ տալով «Ասպարէզ»- ի բարգաւաճման եւ սատարում է նոյն թերթի նոր կենտրոնի հիմնադրման գործին։ հր բարոյական աջակցութիւնն է բերում նաեւ այլ ձեռնարկութեանց Ֆրեզնոյի Հայ Ծերանոցի, Լոս Անջելոսի «Ֆերահեան» դպրոցի եւ այլ քաղաքներում հիմնադրուած ակումբների ու եկեղեց իների կառուցման գործին, ՀՕՄ-ի բոլոր ձեռնարկներին եւ բարերարուհի տիկ. Սօֆիա Յակոբեանի նուիրատուութեամբ Ֆրեզնոյում, Աթէնքում եւ Բէյրութում հիմնադրուած հաստատութեանց կառուցման ու պահպանման աշխատանքին, ինչպէս եւ յօգուտ Անթիլիասի « Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարեան Միաբանութեանց Կալիֆորնիայում կատարուած հանգանակութեանց։
1965-66-ին դասախօսում է Բըրկլիի (Կալիֆորնիա) համալսարանի հայագիտական ամբիոնում եւ օտարազգի ուսանողների համար կազմում յատուկ ձեռնարկ՝ արեւելահայերէնով։
1969-ին ուսումնասիրում է Կալիֆորնիայի «Հուվըր ինստիտուշըն»–ում գտնուող ցարական «Օխրանա»–յի հսկայածաւալ արխիւը եւ ամփոփում ու թարգմանում է հայկական կազմակերպութիւններին առնչուող նիւթերը (շուրջ 1100 էջ), որոնք թանկագին աղբիւրներ են մեր նորագոյն շրջանի պատմութեան համար։
1970-ին վերադառնալով Իրան, նուիրւում է կրթական ու մշակութային գործունէութեան։
1973-ին մեկնում է Բոստոն եւ Հ. Յ. Դ. արխիւն ուսումնասիրելով՝ քաղում եւ դասակարգում է Իրանի սահմանադրական շարժման եւ ազգային հերոս Եփրեմի կեանքին ու գործունէութեանն առընչուող պատմարժէք նիւթեր, որոնք ամբողջացնում է երեք հատորի մէջ։
1972-ին ընտրւում է Իրանահայ Գրողների Միութեան նախագահ, իսկ 1974 թ. Յունիսին ստանձնում է «Ալիք»–ի խմբագրի պարտականութիւնը, միաժամանակ դասախօսելով Թեհրանի համալսարանի հայագիտական ամբիոնում։
Այս եռեակ պարտականութիւնները շարունակում է վարել ամենայն նուիրումով ու զոհաբերութեան ոգով, յանուն հայ ժողովրդի ազգային իդէալների իրականացման եւ հայ գիր ու գրականութեան բարգաւաճման։
Անդրէ Տէր - Օհանեանին յաջողուեց 1978-ի աշնանը որպէս զբօսաշրջիկ Հայաստան մեկնել եւ տեսնել իր սիրեցեալ հայրենիքը։
1976 թուի Մայիսի 23-ին Իրանահայ Գրողների Միութեան նախաձեռնութեամբ նշուեց նրա գործունէութեան 55 ամեայ յոբելեանը, հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Տ. Արտակ Ս. Արք. Մանուկեանի եւ մասնակցութեամբ Թեհրանում գործող միութիւնների, ինչպէս նաեւ յարանուանութեանց ներկայացուցիչների։
Անդրէ Տէր - Օհանեանը Իրանահայ բացառիկ դէմքերից էր։ Նա իր կեանքը ամբողջութեամբ նուիրաբերեց իր գաղափարներին ու հայ ժողովրդին։ Նա համարեայ թէ անձնական կեանք չունեցաւ եւ մեծ վաստակ թողեց գալիք սերունդներին։
Յարգանք նրա յիշատակին։